ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ
Սուրբ Սարգիս Զորավարը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337թթ.) կողմից կարգվում է իշխան իր արիության համար և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից՝ իր իշխանության տակ եղած քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ և քրիստոնեություն է տարածում: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363թթ.) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սուրբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան՝ Մեծն Տրդատի թոռը՝ Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սուրբ Սարգսին ծառայության անցնել Շապուհի արքունիքում: Շապուհ արքան սիրով է ընդունում Սուրբ Սարգսին և նշանակում է նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում են հեթանոսությունից ու դառնում են քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված՝ Ամենամեծ Երրորդությունը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակն ու կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սարգիս զորավարը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի ու նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին: Սուրբ Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում: Նահատակվելուց հետո սրբի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև զորավարին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որ մեզանում նվիրական են: Հայաստանի յուրաքանչյուր գյուղ կամ բնակավայր Սուրբ Սարգսի տոնը նշելու իր ավանդույթն ունի, բայց բոլոր տարբերությունների մեջ կա մեկ ընդհանուր բան՝ սերը: Ավանդույթները տարբեր են, սերը մեկն է: Մի տեղ ժողովրդական պատկերացումներով Սուրբ Սարգիսն սպիտակ ձիով քաջազուն էր, որ շրջում էր հայոց լեռներում և օգնության էր հասնում այն երիտասարդ աղջիկներին, որոնց ամուսնացնում էին իրենց կամքին հակառակ: Մեկ այլ ավանդության համաձայն՝ երբեմն ծնողների կամքին հակառակ երիտասարդները փախչում էին իրար հետ և ծնողների զայրույթը մեղմելու համար աղոթում էին արագահաս սրբին: Աղի բլիթը Սուրբ Սարգսի տոնի խորհրդանիշն էր: Տոնի նախորդ օրը երիտասարդներն աղեբլիթ են ուտում՝ հուսալով երազում տեսնել ապագա կողակցին, որը ջուր կտա իրենց:
Երբ մութն ընկնում էր, սկուտեղով փոխինդ էին դնում տանիքին: Եթե առավոտյան Սուրբ Սարգսի ձիու պայտի տեղը դաջված էր լինում փոխինդի վրա, ապա ենթադրվում էր, որ տարին բարեբեր կլինի, կամ էլ այդ ընտանիքում հարսանիք կլինի: Հետո այդ փոխինդից քաղցր գնդիկներ էին պատրաստում և բաժանում չամուսնացած երիտասարդներին: Այդ փոխինդից տարեցները շաղ էին տալիս դաշտերում՝ հավատով, որ այդ տարի բերքը առատ կլինի:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի (2019) նշվում է փետրվարի 16-ին: Այդ օրը Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ
Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս
Պսակված Տիրոջ հաղթող խաչով
Մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր
Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ
Ում վայել է փառք իշխանություն և պատիվ
Այժմ և միշտ
Հավիտյանս հավիտենից
Ամեն:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Հոգևոր-մշակութային