ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է
Տարածքը – 4506 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի
տարածքի տեսակարար կշիռը- 15.1%
Մարզկենտրոնը` ք. Կապան
Տարածաշրջանները` Կապան, Սիսիան, Գորիս, Մեղրի
Քաղաքները` Կապան, Մեղրի, Ագարակ, Դաստակերտ, Քաջարան, Սիսիան, Գորիս
Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 3904մ (Կապուտջուղ լ.)
Ամենացածր կետը ծովի մակարդակից – 375 մ (Արաքս գետի հովիտ)
Բնակչությունը – 138.4 հազ. մարդ (2018թ. դրությամբ)
Սյունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի Հանրապետության հարավում: Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին:
Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգների կազմում էր, բաժանված է եղել 12 գավառների:
Սիսական աշխարհը հռչակված է եղել իր ամրոցներով ու հազարամյա վանքերով: Այստեղ էր 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը` Գլաձորը: Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ: Այն ժամանակ Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի տիրույթների մեջ էին մտնում:
Սյունիքը, ըստ «Աշխարհացոյցի», Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում, սահմանակից է Այրարատ, Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին:
Սյունիքի մարզում ամենաբարձրը Կապուտջուղի լեռնագագաթն է (3904 մ):
Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են՝ Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը: Անտառները հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով:
Սյունիքի մարզը ունի ջրառատ գետեր: Խոշորները Որոտանն ու Ողջին են:
Սյունիքը IV դարից սկսած հիշատակվում է որպես հզոր նախարարություն: Սյունեցիները, «Զորանամակի» համաձայն, ամենահզորն էին, ունեին 19400 հեծյալ:
Ստ. Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները, և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ:
987թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր:
Սյունիքի թագավորությունը հայտնի է նաև Բաղաց կամ Կապանի թագավորություն անունով: Թագավորության մայրաքաղաքը սկզբում Շաղատն էր, իսկ X դարի վերջերից սկսած՝ Կապանը: Այն պատմական ասպարեզից վերացավ 1170թ., երբ սելջուկները գրավեցին Բաղաբերդը: Հետագայում երկրամասում իրենց իշխանությունը հաստատեցին հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պռոշյանները:
Սյունիքի պատմության ծանր ժամանակներն սկսվեցին մոնղոլական տիրապետության ժամանակ: Երկրամասի քաղաքական և տնտեսական կյանքի համար դրական էր մելիքական տների ձևավորումը: Մելիքները դարձան հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսներ, շարժման մարտիկներ: Նշանակալից է Սյունիքի հայտնի մելիքական տան ներկայացուցիչ Իսրայել Օրու դերը հայոց ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ:
Հերոսական պայքարի էջեր գրվեցին Դավիթ Բեկի օրոք (1720-ական թվականներ). արդյունքում՝ Սյունիքում ձևավորվեց հայկական իշխանություն:
1813թ. Գյուլիստանի պայմանագրով Սյունիքի մի զգալի մասը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասն ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:
1905-1906թթ. ինչպես ամբողջ Անդրկովկասում, Սյունիքում ևս, տեղի ունեցան հայ-թաթարական բախումներ, որոնց ընթացքում երկրամասում ձևավորված ռազմական ուժերը հաղթող դուրս եկան:
1918-1921թթ. Սյունիք-Զանգեզուրում ժողովրդական զանգվածները և ռազմական ուժերը թուրք-մահմեդական ուժերի և բոլշևիկյան Ադրբեջանի դեմ անհավասար կռիվ էին մղում զորավար Անդրանիկի, Արսեն Մելիք-Շահմազյանի, Սերգեյ Մելիք Յոլչյանի, Գարեգին Նժդեհի, Պողոս Տեր-Դավթյանի, Սմբատ Թորոսյանի և մյուսների գլխավորությամբ:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1921թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով:
1930թ. կազմակերպվեցին վարչական չորս շրջաններ՝ Գորիսի, Սիսիանի, Ղափանի (Կապան), Մեղրիի:
Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր՝ գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք, Տաթև գյուղի մոտ:
Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դարում: 848թ. իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ Սբ. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը: Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին: VIII դարի վերջից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 1067թ. կառուցվել է Սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ.՝ Սբ. Գրիգոր եկեղեցին, 1787թ.՝ Գրիգոր Տաթևացու դամբարանը: Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում 904 թվականին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար: Այն ունի ութ մետր բարձրություն, որի ութանկյուն սյան գագաթին դրված է խաչքար և նվիրված է Սուրբ Երրորդությանը:
XIV դարում հիմնադրվում է Տաթևի համալսարանը, որը դառնում է գիտության խոշոր կենտրոն: Դրան կից բացվում է Տաթևի մանրանկարչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Տաթևի մատենադարանը գոյատևել է մինչև 1911-1912 թվականները: Այնուհետև 140 ձեռագիր մատյան փոխադրվել է Էջմիածին եւ այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
1931թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել է: 1974-1998թթ. վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է:Ներկայումս վանքն ամբողջովին վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է:
ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ
Տաթևի Մեծ անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավարևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում: Այն կառուցվել է XVII դարում: Ուներ բարձրակարգ դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի կենտրոն, վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի Մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով: Անապատի միակ եկեղեցին հարավարևմտյան մասում է` սրբատաշ բազալտից շինված Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկը (1663թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ թաղված է 1669թ. մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը):
Տաթևի Մեծ անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է: Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ:
«ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋ»
Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը` «Սատանայի կամուրջը», Որոտանի վրա է: Այն ջրի խելահեղ հոսանքի վրա կախված անձեռակերտ բնական տանիք է` մոտ 150 մ լայնությամբ և 200 մ երկարությամբ: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Կամուրջը կազմված է կրաքարից և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա առանձին փոսերում պղպջակներ արձակելով բխում են տաք հանքային աղբյուրներ: Կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Դրանց ջերմաստիճանը 25 աստիճան է:
ՎԱՀԱՆԱՎԱՆՔ
Վահանավանք, նաև՝ Հովհաննավանք, միջնադարյան վանական համալիր, գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին:
Վանական համալիրի առաջին կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց: Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին: Ավելի ուշ՝ XI դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մ հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը: Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ քարերից մեկի վրա պահպանվել է 1086թ. վերագրվող մի արձանագրություն եկեղեցու կառուցման մասին:
Վահանավանքում են Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մոր գերեզմանները:
1966թ. կատարվում են պեղումներ, իսկ 1978թ.` վերականգնողական աշխատանքներ: 2006-2009թթ. ամբողջովին վերականգնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և կից գավիթը: Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել: Համալիրի երկհարկ եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, վերականգնվել է խորհրդային տարիներին:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Հոգևոր-մշակութային