Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԳԱ՛Մ, ՍՊԱՍԻ՛Ր



ԿԳԱ՛Մ,  ՍՊԱՍԻ՛ՐՄարիամ Մելքոնյանը ծնվել է 2010 թ. օգոստոսի 30-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում:

Մարիամը ասմունքում է 3 տարեկանից: Չնայած իր փոքր տարիքին, նա ամեն մանրուք մտածել և գծագրել է իր ապագայի համար:

Իսկ դու ի՞նչ ես դառնալու՝ հարցին, վստահ պատասխանում է՝ գրականագետ և զինվորական:

Մարիամի մայրիկն է արթնացրել ասմունքելու և գրականության նկատմամբ սերը:

Նա ամենուր ներկայանում է իր ասմունքով Արցախի Հանրապետության  և  Հայաստանի Հանրապետության հերոսներին, զոհված ազատամարտիկներին նվիրված միջոցառումներին:

Մարիամը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «ՄԵԾ ՓՈՔՐԻԿՆԵՐ» հաղորդմանը, իր ասմունքով հաղթող է ճանաչվել տարբեր մրցույթներում, պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և շքանշաններով:

Մարիամը մեծ հպարտությամբ ու վարպետությամբ ասմունքում է նաև իր մայրիկի ստեղծագործությունները:

Մայրը՝ Անահիտը, պատմում է. «Կգա՛մ, սպասի՛ր» բանաստեղծությունը գրել եմ 2016թ. ապրիլի չորսի գիշերը, երբ Սոսը՝ մեծ որդիս, Ջաբրայիլում էր: Գրել եմ կեսգիշերին` սրտի թրթիռով, երբ թշնամին Թալիշում ձեռք էր բարձրացրել տատի ու պապի վրա, երբ վտանգված էր մեր Արցախը»:

 

ՔՐԻՍՏԻՆԵ  ԳԵՎՈՐԳՅԱՆ

ենթասպա

 

ԿԳԱ՛Մ,  ՍՊԱՍԻ՛Ր

 

-Որդի՛ս,  մեծացա՛ր, բանակ ես գնում,

Պիտի ծառայես հայո՛ց բանակում,

Ամեն օրվա հետ մի հույս եմ կապել,

Ես այս թանկ օրվան երկար եմ սպասել:

Ահա, գնում ես, խոսքս լավ հիշիր,

Մեր հողը սուրբ է, այն լա՛վ պահպանիր,

Ապ ու պապերդ արյուն են թափել,

Հողը պահպանել ու քեզ են տվել:

Դու էլ պիտի տաս քո զավակներին,

Այսպես շարունակ գալիք սերունդին,

Առանց այն էլ, շա՜տ ենք հալածվել,

Շա՜տ ենք բզկտվել ու մի բուռ դարձել:

Գիտե՛ս, սերունդն եք դուք քաջ Վարդանի,

Աստված ձեր կյանքը պահի-պահպանի,

Թե գա ժամանակ, ու դու երկմտես,

Քո եւ հողի միջեւ ընտրություն անես,

Իմացի՛ր, որդի՛ս, պիտի պայքարե՛ս,

Ոսոխի ոտքը դու պիտի կոտրես:

Որ չգա հասնի քո սուրբ քույրիկին,

Ձեռք չբարձրացնի տատիկիդ վրա,

Որ նա չջարդի մեր խաչքարերը,

Հանկարծ չպղծի շիրմաքարերը:

Թանկ բանի համար թանկ են վճարում,

Հողը ոչ մեկին էժան չի տրվում,

Թե հարկ էլ լինի՝ կյանքդ պիտի տաս,

Որ խղճիդ առաջ պատասխան չտաս:

Այս խոսքս էլ հիշիր. քեզ շատ ենք սիրում,

Տանդ դուռը բաց, քեզ ենք սպասում…

-Խորն է ցավդ, մայր, լավ եմ հասկանում,

Լսիր, թե որդիդ քեզ ինչ է ասում.

-Թշնամին փորձեց տրորել հողս,

Վառել էր մեր մեջ վրեժի ոգին,

Պիտի տեր կանգնենք մեր հող ու ջրին,

Մեր բազկի զարկից դողա՛ թշնամին:

Դուք պատվիրեցիք հողը պահպանել,

Մենք էլ խնդրում ենք միշտ աղոթք անել:

Ձեր սրտո՛ւմ վառեք մոմերը հույսի,

Ձեր սրտո՛ւմ վառեք մոմեր հավատի,

Վառեք մոմերը վա՛ռ արշալույսի,

Որ  հանկարծ քամին այն չհանգցնի,

Որ մոր աղոթքը Աստծու՛ն հասցնի,

Որդին անվնաս գա իր տուն հասնի:

Մեծ սիրով դու ինձ ճամփու դրեցիր,

Այդ նույն սիրով էլ կգա՛մ, սպասի՛ր…

ԱՆԱՀԻՏ ԱԶԻԶՅԱՆ

Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


14/02/2019