Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՆԳԱՓՈԽԵԼՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ՆԵՆԳԱՓՈԽԵԼՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՓետրվարի 26-ին լրանում է Ադրբեջանի ժողճակատայինների՝ սեփական քաղաքացիներին գնդակահարելու 27-րդ տարելիցը: Փաստ, որն ամբողջ աշխարհի առջև Ադրբեջանը շարունակում է հերքել մինչ օրս:

Արցախյան ազատամարտի տարիներին Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները անմիջական ազդեցություն էին ունենում առաջնագծի ռազմական գործողությունների վրա: Երկրի գործող նախագահ, Մոսկվայի համակրանքը վայելող Այազ Մութալիբովի պատկերացումները թե՛ արցախյան հակամարտության և թե՛ ներքաղաքական երկխոսության հանգուցալուծմանը հասնելու համար, արդյունք չէին տալիս: Հասարակական հուզումները չէին հանդարտվում: Բաքվի մտավորականներից ձևավորված Ժողովրդական ճակատն էլ արդեն զինված խմբավորումներ էր ուղարկել Ղարաբաղ՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Հարկավոր էր իրականացնել այնպիսի սադրանք, որը մի կողմից հարված կհասցներ գործող նախագահի հեղինակությանը, և այն կօգտագործվեր նրա պաշտոնանկությանը հասնելու համար, իսկ մյուս կողմից Թուրքիայի համակրանքը վայելող ընդդիմադիր ուժերը առիթ կունենային հայերի «դաժանության մասին փաստերը» ներկայացնել վերջինիս` հույս ունենալով ներքաշել զինված հակամարտության մեջ:

Խոջալուն, ինչպես և ադրբեջանցիներով վերաբնակեցված մյուս տարածքները իրական վտանգ էին հայկական ստորաբաժանումների համար: Խոջալուից պարբերաբար գնդակոծությունները վտանգում էին Ստեփանակերտ տանող ճանապարհը, ինչպես նաև հարակից բնակավայրերը, ինչի արդյունքում վիրավորվում կամ զոհվում էին անզեն քաղաքացիներ: Զինված խմբավորումներից Խոջալուի չեզոքացումը որպես ռազմական հենակետ` հրամայական էր հայկական ստորաբաժանումների համար:

Եվ փետրվարի 26-ին հայկական ուժերը ձեռնարկեցին լայնամասշտաբ գրոհ Խոջալուի ուղղությամբ՝ նախապես թույլ տալով բնակչությանը նահանջելու դեպի Աղդամ, որը ժողճակատայինների հսկողության տակ էր: Եվ ահա հասնելով Աղդամի մատույցներին՝ այնտեղ տեղակայված հրոսակախմբերը, հիմնականում բանտերից ազատ արձակված քրեական տարրերը, սառնասրտորեն գնդակահարեցին սեփական բնակչությանը: Չկա որևէ փաստ կամ վկայություն, որ Խոջալուի գրավման ընթացքում հայկական ստորաբաժանումները կրակ են բացել անզեն բնակչության վրա: Ընդհակառակը, հայկական ստորաբաժանումները, մարտական գործողությանը զուգահեռ, պահպանել են  մարդասիրական բոլոր սկզբունքները:

Ադրբեջանի պաշտոնաթող նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նույնպես հաստատեց հայերի` մարդասիրական միջանցք թողնելու փաստը: «Եթե միջանցք էին թողնում՝ ինչու պետք է կրակեին բնակչության վրա: Եվ հետո, գնդակահարված մարդկանց մարմինների մեծ մասը գտնվել է Խոջալուից 10-11 կիլոմետր հեռավորության վրա, որը Աղդամի շրջանի սահմանների մոտ էր և վերահսկվում էր այնտեղ տեղակայված զինյալների կողմից»: Այսինքն՝ զանգվածային գնդակահարությունը տեղի էր ունեցել Աղդամի մոտակայքում, հայկական ստորաբաժանումներից հեռու: Այնուհետև, Մութալիբովը նշում է, որ ինքն անձամբ հրահանգել է լքել Խոջալուն, քանի որ հայերի գործողության մասին տեղյակ է եղել:

Իրականում, Խոջալուի բնակչության գնդակահարության նպատակը քաղաքական էր: Նախ՝ մարդկանց ոտքերին էին կրակել, որ փախչողներ չլինեին, ապա՝ գնդակահարել և խոշտանգել սեփական քաղաքացիներին՝ կատարվածը վերագրելով հայերին և մեղադրելով նախագահ Մութալիբովին (տես՝ «Լեռնային Ղարաբաղ: Ինչպես է դա եղել»: Երևան 2011, էջ 143):

Հետագայում ադրբեջանցի որոշ գործիչներ փորձ արեցին ճշմարտությունն ասել, սակայն դաժան հաշվեհարդարի արժանացան: 2005թ. Էլմար Հոսեյնովը «Մոնիտոր» հանդեսում դեպքերի վերաբերյալ հրապարակման համար շենքի մուտքի մոտ գնդակահարվեց, իսկ Էյլնուր Ֆատուլաևան դատապարտվեց երկարաժամկետ բանտարկության:

Ադրբեջանը դեպքերի խեղաթյուրումը և փաստերի նենգափոխումը իրականացնում է համապետական մակարդակով՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմներն ու մանիպուլյատիվ մեթոդները:

Խոջալուի դեպքերի վերաբերյալ համատարած կեղծիքը դարձավ ԶԼՄ-ների, անկախ փորձագետների, կեղծ վկայություններով հանդես եկողների ամենօրյա ելույթների և հրապարակումների առիթ:

Քարոզչական աշխատանքների արդյունքում զոհերի թիվը ուռճացնելով՝ պաշտոնապես հայտարարվեց, որ Խոջալուում սպանվել է 613 մարդ, և այս ապատեղեկատվության սփռմանը լծվեց ամբողջ ադրբեջանական մեդիակարողությունը: Համացանցը հեղեղվեց իրադարձությունների վերաբերյալ դաժան ու անմարդկային մոնտաժված լուսանկարներով և տեսանյութերով:

ՆԵՆԳԱՓՈԽԵԼՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԱյնուհետև, հայատյացություն քարոզող վերնագրերով հոդվածները համացանցում զետեղելը, պաստառներ պատրաստելն ու եվրոպական մի շարք երկրներում ցուցադրելը՝ որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն», դարձավ տեղեկատվական միջավայրում հայության դեմ տարվող քաղաքականության կարևորագույն բաղադրամաս:

Ձեռքի տակ ունենալով ադրբեջանական ապատեղեկատվական գրոհների և արցախյան ազատամարտին վերաբերող իրադարձությունների համատարած կեղծման փաստերը, հայ ընթերցողը և համաշխարհային հանրությունը պետք է հավուր պատշաճի տեղեկացված լինեն եղելությանը և տարբեր հարթակներում՝ թե՛ մեդիամիջավայրում և թե՛ միջազգային հարթակներում բարձրաձայնեն իրականությունը: Հարկ է նշել, որ Խոջալուի վերաբերյալ հակառակորդի ապատեղեկատվության դեմ պայքարում հայկական նախաձեռնությունները տվել են իրենց դրական արդյունքները՝ իրական փաստերի լուսաբանման առումով: Հատկանշական է Xocali.net էլեկտրոնային կայքը, որտեղ հանգամանալից ներկայացվում է, թե ինչպես են արդեն իսկ սպանված մարդիկ ենթարկվել կրկնակի խոշտանգման, ինչպես են փաստերը նենգափոխվում:

Թերևս ենթադրելի էր, որ Խոջալուի դեպքերի վերաբերյալ կեղծ քարոզին պետք է հաջորդեր՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության վերաբերյալ» Հեյդար Ալիևի հրամանագիրը: Ուսումնասիրելով այն, հասկանալի է դառնում, թե պետական հովանավորչությամբ հայերի դեմ իրականացվելիք տեղեկատվական ահաբեկչությունն  այդ երկրում հետագայում ինչպիսի մեծ հեռանկարներ պետք է ունենար:

Հետագա ռազմական գործողությունների ամբողջ ընթացքն ու իրադարձությունների լուսաբանումը ադրբեջանական լրատվամիջոցներով և պաշտոնական հաղորդագրություններում նույնպես նենգափոխվեց:

Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանն այսօր էլ միջազգային հարթակներից բարբաջելու առիթը բաց չի թողնում: Այդ երկրում հայատյացությունն արդեն պսիխոզի է վերածվել, որին հակազդելը, թերևս, որոշ դեպքերում նույնիսկ անիմաստ է, քանզի պսիխոզը կլինիկական դրսևորում է. դա արդեն բոլորովին այլ մասնագետների գործն է:

 

ՌՈԲԵՐՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Պատմության էջերից


21/02/2019