Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ



 

ՄԻՇԵԼ  ԼԵԳՐԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՖՐԱՆՍԻԱՑԻՆՄիշել Լեգրանը ծնվել է 1935 թվականի  փետրվարի 24-ին, Փարիզում։ Հայրը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանն էր։ Մայրը հայազգի դիրիժոր Ժակ Զելյանի քույրն էր՝ Հայկանուշ (Մարսել) Տեր-Միքայելյանը։ Հայրը նվագախմբի ղեկավար էր, մայրը՝ դաշնակահարուհի։ Երբ Միշել Լեգրանը երեք տարեկան էր, ծնողները բաժանվում են, և նրա դաստիարակությունն ստանձնում է  մորական պապը, որը նվագում էր տարբեր երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ուդ, սազ։ Նա իր առաջին երաժշտական մկրտությունն ստացել է հայազգի պապից՝ Սարգիս Տեր-Միքայելյանից, որը հայոց մեծ եղեռնից մազապուրծ՝  ապաստան էր գտել Ֆրանսիայում։ «Պապս շատ բան է պատմել Հայաստանի և հայերի  մասին,- հետագայում պատմում էր Միշել Լեգրանը։- Նա դաշնամուրի վրա ինձ ցույց էր տալիս այն ակորդները, որոնցով կարելի էր նվագակցել հայկական ժողովրդական գործիքներին։ Նա մեծ ու թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ»։

Առաջին լուրջ երաժշտական փորձերը Միշել Լեգրանն արել է հոր պատվերով  և կոնսերվատորիան ավարտելով՝ ստանում է իր առաջին երաժշտական մրցանակը՝ որպես երգահան։

Քսաներկու տարեկանում Միշել Լեգրանը թողարկում է իր առաջին ձայնասկավառակը՝ «I LOVE PARIS»  վերնագրով, և որը դառնում է երբևիցե ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը։ Ութ միլիոն օրինակի վաճառք գրանցելով՝ Միշել Լեգրանը ձեռք է բերում միջազգային ճանաչում և հրավերներ է ստանում ձայնագրվելու համաշխարհային մեծության աստղերի հետ։ Նա համագործակցում է Շառլ Ազնավուրի, Ֆրանկ Սինատրայի, Լայզա Միննելիի, Բարբրա Ստրեյզանդի, Էդիտ Պիաֆի, Մորիս Շեվալյեի, Մայլս Դևիսի և այլ հանրաճանաչ երաժիշտների հետ։

Հետագայում նա ստեղծում է իր սեփական նվագախումբը՝ միաձուլելով էստրադային երանգները ջազային երգացանկի հետ։ Միշել Լեգրանը երաժշտություն է ստեղծել նաև կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար, նկարահանվել է կինոյում՝ մարմնավորելով 8 անկրկնելի դեր։ Նրան մեծ հռչակ է բերել մոտավորապես 250 ֆիլմերի համար գրված երաժշտությունը, որոնցից ամենասիրվածը «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմի երաժշտությունն է։ Լեգրանը թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ։ Երեք անգամ արժանացել է «Օսկարի», 5 անգամ՝ «Գրեմմիի», 12 անգամ «Ոսկե Գլոբուս», «Ոսկե արծիվ» մրցանակների։

2003 թվականին Միշել Լեգրանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն՝ «Պատվո լեգեոն» շքանշանի։

2009 թվականին՝ Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշանի»՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

 

«Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին։ Ես կրքոտ երաժիշտ եմ, դրա համար էլ շատ եմ ստեղծագործում, խանդավառված եմ մշտապես»։

♦♦♦

«Կարևորը մարդու ներքին աշխարհն է ու սիրտը, կարևորը քո սեփական գործում միշտ առաջընթաց արձանագրելն է։ Պետք է միշտ հիշել, որ անհրաժեշտ է  սիրով աշխատել»։

♦♦♦

«Ես բավարարված եմ նրանով, որ կարողանում եմ գրել, ստեղծագործել։ Բավարարված եմ իմ երաժշտությամբ, որը, կարծում եմ, վատը չէ։ Ապագայում ևս շարունակելու եմ իմ աշխատանքը, ստեղծել երաժշտություն՝ ինչպես միշտ եմ արել, շարունակելու եմ առաջընթաց արձանագրել»։

♦♦♦

«Հայաստանը մի երկիր է, որը շատ է ճնշվել, ապրել է բազմաթիվ դրամատիկ պահեր, ողբերգություններ, սակայն ուրախալի է, որ հիմա վերածնվում է»։

♦♦♦

«Ամեն անգամ Հայաստան գալիս առաջին միտքը, որ ծագում է, այն է, որ իմ պապերի հողում եմ, և ինձ պատում է խոր հարգանքի զգացումը։ Հայաստանում առավել զգացմունքային եմ դառնում»։

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Հոգևոր-մշակութային


21/02/2019