Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է



Սկիզբը՝ նախորդ համարում

Սյունիքի մարզ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ  (ՔԱՐԱՀՈՒՆՋ)

Պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող նախապատմական մեգալիթյան կառույց՝ գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ,  Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում:

Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկների` Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ:

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը: Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիսարևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարերը:

Քարերը բազալտից են, դրանց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, զանգվածը՝ մինչև 10 տոննա:

 

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ

Բղենո Նորավանքը X-XI դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին: Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ «Էջմիածնի Ավետարանը» պահվում է Մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ:

Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին: 936թ. Ստեփանոս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1062թ. Սյունիքի Գրիգոր Ա թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի: Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է` հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:

Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի առանձին դրվագներ: Պահպանված ութ քարե տախտակներից երկուսն են իրենց տեղում՝ «Ավետումն» ու «Համբարձումը», մնացածը վայր են ընկել: Աղթամարից հետո Նորավանքը հարուստ ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է: Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են:

 

ԱՆԳԵՂԱԿՈԹ

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով` սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղիից մինչև մեր օրերը: Դրանցից հատկապես նշանավոր են «Վարդան Զորավար» սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադարձող հայ զինվորները:

Անգեղակոթը հարուստ է IX-XIX դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանաքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով:

Դրանից նշանավոր են Ստեփանոս կամ Պատիկ, Հազարափրկիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Աստվածածին, Ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Սաֆրազյան մելիքների կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

 

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ

V-VI դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր. գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է V-VI դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում Անահիտ աստվածուհու մեհյանն է եղել:

Գլխավոր եկեղեցին կոչվում է Սուրբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբատաշ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը` խաչքարերով ու տապանաքարերով:

1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին: Թանահատը այժմ կիսավեր է:

 

ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ

Ուշ միջնադարի ճարտարապետական համալիր: Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին է: XVII դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանաց անապատ, որը պարսպապատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը:

Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքին:

Բերդի պարիսպներն ունեն տեղանքին համապատասխան անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը հարավային և հյուսիսային պարիսպների մեջ են: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի երկու կողմերում ավանդատներն են: Եկեղեցուն կից կառուցված են երկհարկ գավիթներ:

 

ԲԱՂԱԲԵՐԴ

Միջնադարյան Հայաստանի ամրոցներից է: Գտնվում է Կապանից 15 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ ափին, լեռան բարձրադիր եռանկյունաձև գագաթին:

Ըստ ավանդության՝ Բաղաբերդը կառուցել է Բաղակը Սիսակ նահապետի զարմից: IV դարում իշխան Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել պարսից Շապուհ արքայի զորագնդերին: Բաղաբերդը IV-XII դարերում ունեցել է ռազմաքաղաքական կարևոր նշանակություն` լինելով Սյունիքի իշխանության, ապա թագավորության կենտրոններից մեկը: XII դարի վերջին սելջուկները ավերել են: Բնական պատնեշ ունենալով խոր կիրճերի ուղղագիծ ժայռերը` Բաղաբերդը շրջափակված է բոլորաձև աշտարակավոր, հաստ ու բարձր պարիսպով: Որոշ տեղերում ժայռերը հղկվել և դարձել են բնական պարսպապատեր: Լեռան եռանկյունաձև գագաթին է միջնաբերդը: Մուտքը հյուսիսարևելյան կողմում է: Բաղաբերդի ավերակները բավականին լավ պահպանված են:

 

ՄԵՂՐԻԻ ԲԵՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՀայկական ճարտարապետական հուշարձան Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի վրա, հյուսիսից պայտաձև ընդգրկում է քաղաքը:

Մեղրիի բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է XVIII դարում:

Մեղրիի բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ, բերդը պարսպապատեր չունի. դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ: Դրանցից չորսը կլոր են, երկուսն ուղղանկյունաձև: Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են 5.5 մ արտաքին տրամագծով: Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր նեղանում են, կառույցին տալով կայունություն և ամրություն: Շարվածքում, աշտարակի ամբողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ, օգտագործվում են կաղնեփայտե հեծաններ: Աշտարակները եղել են երկհարկ: Նրանց հրակնատները ճառագայթաձև ու շախմատաձև, բացված են ամբողջ շրջագծով: Ուշ միջնադարում, երբ գործածության մեջ մտավ հրազենը, Մեղրու բերդի աշտարակներից հնարավոր էր կրակի տակ վերցնել քաղաքի մատույցներն ու կարևորագույն կետերը, իսկ քաղաքի հարավային մատույցները պաշտպանված էին Մեղրի գետով ու դրան հարող հին աշտարակաձև տներով, որոնք յուրատեսակ պարսպի դեր էին խաղում:

 

ՍԻՍԻԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՀայկական վաղ միջնադարյան ճարտարապետության հուշարձան` Սիսիան քաղաքի արևելյան բլրալանջին: Կառուցվել է VI դարի վերջերին, հեթանոսական տաճարի տեղում: VII դարում Սյունիքի Կոհազատ իշխանը հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի օժանդակությամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացրել վանքի տարածքում, վերանորոգել գմբեթը, ուր փորագրել է իր անունը: Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:

Եղել է Սյունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից: Սյունի վանքն իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր, ներքուստ քառաբսիդ կառույց է: Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակված ուշագրավ տարրերն են: Եկեղեցու չորս անկյուններում տեղավորված են քառակուսի սենյակներ: Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից: Խաչաթևերը պսակված են լայնանիստ ճակտոնապատերով, որոնցից վեր բարձրացող գմբեթի տասներկու սլացիկ նիստերը ձևավորված են զույգ որմնասյուների վրա հենվող նրբագեղ կամարաշարով: Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը համահունչ են VII դարի հայկական ճարտարապետության ընդհանրացված զարդաձևերին: Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ հյուսածո զարդանախշերով քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա պատկերված են Ավետարանի դիմաքանդակները: Եկեղեցին վերականգնվել է 1959-1961թթ.:

 

ՄԵՂՐԻԻ ՎԱՆՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Մեղրիի  նշանավոր հուշարձաններից են վանք ու եկեղեցիները: Վանքը քաղաքի հյուսիս-արևմտյան եզրին է: Այն կառուցվել է XVII  դարում: Գլխավոր կառույցը Սբ. Հովհաննես եկեղեցին է: Աղյուսաշեն գմբեթը հենված է քառակուսի մույթերի վրա և աղոթասրահի մեջտեղից դուրս է գալիս երկթեք տանիքի միջից, օրգանապես չկապվելով ուղղանկյուն ծավալի հետ: Եկեղեցու ներսի պատերը զարդանախշված են եղել:

Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է XVII դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը: Մեղրի քաղաքի բարձրադիր հյուսիսային թաղամասում է, բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով: Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է: Կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը՝ աղյուսով, ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Հուշարձանի հարավային կողմից, ճակտոնի երկթեք ծածկի վրա կառուցված է զանգակատունը: Քառանկյուն աղյուսաշեն ռոտոնդա է՝ քառանիստ վեղարով պսակված: Եկեղեցին ունի արտաքին զուսպ հարդարանք: Միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է՝ հարավային ճակատի արևմտյան լուսամուտի մոտ: Եկեղեցին զարդարված է XIX դարի որմնանկարներով:

Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XVII դարում: Եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Տանիքի վրա բարձրացող ռոտոնդան կառուցված է աղյուսից, իսկ եկեղեցին՝ բազալտից: Հարավային կողմի պատի մեջ, մուտքի աջ ու ձախ կողմերում, տեղադրված են խաչքարեր: Երկու եկեղեցիներն էլ հիմնովին նորոգված են:

 

ՈՐՈՏՆԱԲԵՐԴ

Բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա, Սիսիան քաղաքից 20 կմ արևելք:

Որոտնաբերդը Սյունյաց նշանավոր բերդերից է: Հայտնի էր դեռևս IV-V դարերում: XII-XIV դարերում մի քանի անգամ գրավել են սելջուկ-թուրքերը և մոնղոլ-թաթարները: Ավերվել է 1487թ. երկրաշարժից: Ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև: Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից:

Պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները: Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձրության վրա, միջնաբերդն է: Միջնաբերդի հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը: Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակ, մատուռի մնացորդներ: Այստեղ է եղել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը: Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ամբողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով: Ուշագրավ են բերդի հարավարևմտյան մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 25 մ բարձրությամբ):

 

ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ

Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ, ներկայիս Խնձորեսկ գյուղի մոտ:

Իր գեղատեսիլ բնությամբ ու նշանավոր հուշարձաններով հարուստ այս վայրը կարող է դառնալ զբոսաշրջության հանգրվան:

Պահպանվել են V- XX դարերի քարայր բնակավայրեր, XVII-XVIII դարերի Սուրբ Թադևոս, Սուրբ Հռիփսիմե, «Անապատ» եկեղեցիները, աղբյուրներ, պարսպի մնացորդներ և այլ շինություններ:

 

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՈրոտանի կիրճում է: Բարձրությունը 18 մետր է: Շաքին Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է, այն մշտապես գրավել է այցելուներին և եղել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Ջրվեժը մշտապես գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին:

Հեռավորությունը միջպետական մայրուղուց 4 կմ է:

 

ՏԱԹԵՎԻ ԹԵՎԵՐ

Տաթևի թևեր (Տաթևեր)՝ Հալիձորը և Տաթևի վանքը իրար կապող ճոպանուղի Հայաստանում: «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ճոպանուղու երկարությունը 5752 մ է:

Օդուղիով կարելի է վանքի տարածք հասնել  11-15 րոպեում  (կախված եղանակային պայմաններից):

Խցիկի տարողունակությունը՝ 30 ուղևոր և 1 ուղեկցող օպերատոր, խցիկների քանակը՝ 2, առավելագույն բարձրությունը՝ 320 մ, առավելագույն արագությունը՝ 10 մ/վ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Հոգևոր-մշակութային


21/02/2019