ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ
1994 թ. հունվար-փետրվար
Ստեղծված իրավիճակում, նաև Վահանի զորավաշտերի նահանջելուց հետո, Պետոյի գումարտակը հարկադրված արդեն պիտի զբաղեցներ քառապատիկ ավելի երկարություն ունեցող տարածք, որի հուսալի պաշտպանության համար գումարտակի ունեցած սահմանափակ ուժերն ու միջոցները բացարձակ անբավարար էին: Բայց ուրիշ ելք չկար:
«Մենք,-ասել էր Պետոն Մուկուչին,-իրավունք չունենք նահանջելու և դիրքերը թողնելու ոչ մի քայլ չենք անի, քանի դեռ համապատասխան հրաման չկա: Եթե պետք է, մենք այստեղ կկռվենք մինչև վերջին հնարավորությունն ու կզոհվենք»:
Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցությամբ Պետոն գալիս է գումարտակի աջ թևը և տեղում մեկ անգամ ևս քննարկելով ստեղծված կացությունը՝ վճռում է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և դիմադրել մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Դա տվյալ իրադրության մեջ թերևս միակ անհրաժեշտ ու հնարավոր վճիռն էր, որի հմտորեն կենսագործելու դեպքում գումարտակին հնարավորություն կընձեռվեր, գոնե ժամանակավորապես, հաջողությամբ կասեցնել ադրբեջանցիների գրոհները՝ մինչև ռազմաճակատում իրադրության կայունացումը:
Նույն օրը հակառակորդը ձեռնարկում է ուժգնությամբ նախադեպը չունեցող լայնածավալ զանգվածային հարձակում գումարտակի պաշտպանության ամբողջ երկայնքով: Ամենուրեք հրասայլեր էին, զրահամեքենաներ ու քառաշարք հարձակվող հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Պետոն հանգիստ ու սառնարյուն դիտելով թշնամու գրոհող զորաշղթաները և ճշտորեն գնահատելով պահը՝ տալիս է հարվածելու հրամանը:
Կապը բոլոր հենակետերի միջև գործում էր անխափան: Գումարտակի առաջին հենակետից մինչև պաշտպանական նոր բնագծում դիրքավորված զինվորները, իրենց հրամանատարից ոչ պակաս հանգստությամբ ու սառնասրտությամբ, զենքի բոլոր տեսակներից կրակե հեղեղ են տեղում թշնամու գրոհող զորաշարքերի վրա:
Ադրբեջանցի հրամանատարները, որոնց շարքերը համալրված էին նաև օտարերկրյա վարձկան զինվորականներով՝ հաշվի չառնելով իրենց սպանված զինվորների մեծաքանակությունը, զենքի սպառնալիքով նորանոր զինավաշտեր էին քշում մարտադաշտ: Հունվարյան կռիվների ժամանակ նրանք անցնում են մինչ այդ դեռևս չկիրառված նոր մարտավարության: Որպես կանոն, հարձակվելիս գործելով 3-4 զորաշղթաներով, թուրք հրամանատարությունը վերջին շղթան համալրում էր պատժիչների խմբերով, որոնց հիմնական խնդիրը նահանջելու կամ խուճապի պահին փախչելու փորձ անողներին գնդակահարելն էր: Նման դաժան միջոցների կենսագործմամբ Ադրբեջանի իշխանությունները ձգտում էին այս անգամ վերջնականապես ծնկի բերել ԼՂՀ պաշտպաններին: Մահվան սարսափից մթագնած ադրբեջանցի զինվորների գրոհները չթուլացող սաստկությամբ հաջորդում էին մեկը մյուսին: Սակայն իզուր էին նրանց ջանքերը: Երկաթյա հաստատակամությամբ պաշտպանվելով, գումարտակը ջախջախիչ հարվածներով հետ է շպրտում թուրքերին:
Կռիվների առաջին օրը ամենածանրն ու ամենապատասխանատուն էր: Առանց դադարի, կիսաշրջափակված վիճակում գումարտակի մարտական ուժերը հրաշալի քննություն բռնեցին: Անգամ գերազանց մարտական որակներ ու կամք դրսևորեցին այն զինվորները, որոնք առաջին անգամ էին մասնակցում նման ահեղ գոտեմարտի: Այդ օրը Պետոն գործում էր բազմապատկված ուժով ու եռանդով: Հմտորեն ղեկավարելով իր զորաջոկատների գործողությունները՝ նա հայտնվում է ամենաշիկացած կետերում, ոգևորում ու ուղղություն տալիս զինվորներին: Կռիվների մասնակիցների միահամուռ կարծիքով՝ դիրքերում նրա հայտնվելը ոգեկոչում, հզոր ուժ ու հանգստություն էր ներարկում իրենց շարքերում: Իսկ երբ այդ մարտերում առաջին անգամ մարտական մկրտություն ստացած տղաներին հարցնում էին, թե ինչպե՞ս պատահեց, որ այդ ահավոր դժվարին պահերին իրենք երբեք չփորձեցին նահանջել, նրանք պատասխանում էին միանշանակ. «Ինչպե՞ս կարող էինք նահանջել, երբ մեզ հետ Պետոն էր», կամ, երբ հետաքրքրվում էին. «Տղե՛րք, ո՞նց եք», դարձյալ հնչում էր միակ պատասխանը. «Մեզ ի՞նչ կա, Պետոն մեր թիկունքում կանգնած է»:
Տղաների միասնական կարծիքով՝ կռիվների հենց առաջին օրը ադրբեջանցիները իրենց գումարտակի դիրքերում թողեցին ավելի քան 300 դիակ:
Նկատի ունենալով, որ հետագա մարտերում հակառակորդն իրենց դիրքերի ուղղությամբ անխուսափելիորեն օգտագործելու է հրասայլեր ու զրահամեքենաներ և կանխատեսելով հակառակորդի կողմից ձեռնարկվող հարձակման հնարավոր ուղղությունները՝ Պետոն վաղօրոք խնամքով կազմակերպել էր ականապատման աշխատանքները:
Հասկանալով, որ ճակատային գրոհներով անհնարին է խորտակել հայ զինվորների պաշտպանական դիրքերը, ադրբեջանցիները փորձում են մարտական ուժերը տեղափոխել հարավ և այնտեղից հարձակումներ ծավալելով՝ աքցանի մեջ վերցնել այդ ուղղությունում մարտնչող ղարաբաղյան ուժերին:
«Այդ օրերին,-շարունակում է Մուկուչը,-թուրքերը Ալխանլի գյուղից երեք շարքով գալիս էին: Նրանք մեզանից 1.5 կմ հեռու էին, այդ պատճառով ինքնաձիգներով չէինք կարողանում աշխատել: Գալիս-հասնում էին «Չերդակ» կոչվող տեղը և այնտեղից ոտքով, շարք կազմած ու մեր դիմացի դաշտի միջով գնում էին դեպի հարավ, այսինքն՝ ուժերը տեղափոխում էին մեզնից դեպի աջ, որ մեզ օղակի մեջ առնեն:
Մենք նրանց լավ տեսնելով՝ գժվում էինք, թե ոնց կարելի է, որ մարդիկ այդպես, առանց քողարկվելու տեղափոխություն կատարեին, իսկ մենք փաստորեն չէինք կարողանում խփել, ինքնաձիգը չէր հասցնում»:
Կիսաշրջափակման մեջ աննահանջ մարտնչող տղաների գլխավոր զենքը թերեւս անկոտրում ոգին էր եւ թշնամու հոծախումբ գրոհները ջախջախելու կամքն ու վճռականությունը: Գումարտակի պաշտպանության բոլոր հենակետերում ընթացող անընդմեջ մարտերի շարքը հիրավի մի կատարյալ հերոսապատում է: Ահա մի փոքրիկ դրվագ. ադրբեջանցիների ազատ տեղաշարժերը խոչընդոտելու նպատակով բուժականցի Մուրադը տեղափոխվում է մի փոքր առաջ՝ «Հրասայլի խրամատ» կոչվող դիրքը եւ դիպուկ հարվածներով գետին փռելով մի քանիսին՝ այդ մասին ռադիոկապով հաղորդում է հրամանատարին: Լսելով Մուրադին՝ Պետոն կռվի թոհուբոհի մեջ ուրախ կատակով պատասխանում է. «Շատ լավ է, դրանց հայրենիքը չի մոռանա, իրենց համար էլ մի պուլպուլակ կպատրաստեն»:
Ուշադրությունը բևեռելով գլխավորապես աջ թևում ընթացող մարտական գործողությունների ղեկավարմանը՝ Պետոն ստիպված էր ժամանակի զգալի մասն անցկացնել հենց այդ ուղղություններում: Նրա հրահանգով կենտրոնում մարտնչող տղաներին օգնության եկած հրազդանցի Մհերը ընկերներին ոգևորելու դիտավորությամբ դիմում է վաշտի հրամանատար Վիտոյին և առաջարկում միասին երգել: Մհերի և նրան ձայնակցող վաշտի հրամանատարի կատարմամբ «Ելի՛ր, դու քաջ Դրո, բազկիդ ուժը բեր» երգի հնչյունները թևածելով տարածվում են պաշտպանության գրեթե բոլոր դիրքերում: Թուրք զինվորների ոռնոցների ու տարբեր տեսակի զենքերից թնդացող խլացուցիչ ձայների մեջ առասպելական հերոսին ձոնված երգի կատարմամբ ոգեշնչված զինվորները՝ նոր ուժ ստանալով կրկնապատկում են իրենց հարվածների ուժգնությունը:
Երգն արդեն մոտենում էր ավարտին, երբ այդ նույն դիրքերի ուղղությամբ, այս անգամ արդեն հետեւակի ուղեկցությամբ, հայտնվում է թշնամու եւս մի հրասայլ: Կապվելով հրամանատարին՝ Մհերը հաղորդում է. «Պետո՛, հրասայլ է մոտենում, ի՞նչ անենք»: Իսկ նա հանգիստ ու սառնարյուն պատասխանում է. «Ինչ ուզում ես, արա՛: Ուզում ես, խփի՛ր, կամ բաց թող, մենք կդիմավորենք»:
Ընդամենը 300 մետր էր մնում, որ հրասայլը ներխուժեր խրամատներ: Դարձյալ աշխատում է ականապատ դաշտը, լսվում է ականի պայթյունը, եւ նույն պահին դիպուկ նշանառությամբ հրասայլի աշտարակին են հարվածում նռնականետները: Ջարդուփշուր եղած մեկ հրասայլ եւս վերածվում է մետաղաթափոնի:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Պատմության էջերից