Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ



«ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ» ԵԿԵՂԵՑՈՒ ՀՐԱՇՔԸ

1988թ.։ Լեփ-լեցուն էր Արմավիրի մարզի վերաբացված «Սուրբ Սահակ» եկեղեցին։ Բայց ժողովրդի մջ առանձնանում էր սփյուռքահայերի մի խումբ։ Նրանք նաեւ նկարահանում էին Սուրբ Պատարագը։ Քարոզի ժամանակ պատարագիչ քահանան՝ Տեր Մաշտոցը, դիմելով ժողովրդին՝ ասաց.

– Հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր այստեղ՝ այս փոքրիկ, բայց զորավոր եկեղեցում, ներկա է նաեւ մեր բարերարը՝ ամերիկահայ Մարգար Սամանյանը, որի միջոցներով վերանորոգվել է այս եկեղեցին։ Պարոն Մարգարն այստեղ է եկել, որպեսզի իր գոհությունը հայտնի Տիրոջը՝ իր որդու բժշկության համար։

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել։ Մարգարը մեկ տարի առաջ էր երազում տեսել, որ մանկուց ի վեր անդամալույծ իր որդին կարող է բժշկվել Հայաստանում, Տանձուտ գյուղի եկեղեցում։ Հույսով լցված` նա զանգահարում է Այգեշատ գյուղում ապրող իր բարեկամներին եւ հարցուփորձ է անում Տանձուտ գյուղի ու նրա եկեղեցու մասին։ Իր սերնդակից մարդիկ հետաքրքրվում են, բայց եկեղեցին չեն գտնում։ Սակայն Մարգարը, իր տեսիլքին հավատալով, խնդրում է ավելի լավ հետաքրքրվել։

Ի վերջո, Այգեշատ գյուղի մի բնակչուհի՝ 85-ամյա Ծաղիկ մայրիկը, վկայում է, որ գյուղը, իրոք, եկեղեցի է ունեցել, սակայն այն հետագայում վերածվել է թունաքիմիկատների պահեստի։ Ինքը՝ տիկին Ծաղիկը, լավ գիտեր եկեղեցու տեղը եւ ցույց է տալիս հետաքրքրվողներին։

Անմիջապես հեռաձայնում են Մարգարին։ Նա որդու հետ գալիս է Հայաստան։ Առաջին հինգ օրերին նա որդու հետ գիշերում է եկեղեցում։ Հետաքրքրասեր հայացքներից խուսափելու համար եկեղեցի էին գալիս ուշ երեկոյան, իսկ վաղ առավոտյան վերադառնում էին։ Մարգարի վկայությամբ` արդեն հինգերորդ օրը որդին իր ոտքով է վերադառնում Այգեշատ։

Ի գոհություն Աստծո եւ ի վկայություն իր որդու բժշկության՝ նա որոշում է վերանորոգել ու վերաբացել եկեղեցին և ամեն տարի մատաղ բաժանել։

Անդամալույծ տղայի բժշկությունը հրաշք էր։ Նրա հիվանդությունը բժշկել չէին կարողացել Ամերիկայի բազմահմուտ բժիշկները, իսկ Աստված նրան ոտքի կանգնեցրեց Իր ողորմածությամբ, Տանձուտ գյուղի Սուրբ Սահակ եկեղեցու միջոցով։

ՀԱՍՄԻԿ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Արմավիրի մարզի Արտաշատ
գյուղի միջնակարգ դպրոցի
Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի

Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Հոգևոր-մշակութային


22/09/2011