ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ:
Դավիթ Տոնոյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ ու տրամադրությամբ` հավաստիացնելով, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի վարժադաշտում, հետևել զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներին, դիտարկել զորամասային ու զորանոցային պայմանները, զինծառայողների ճաշացանկը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: