ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(1988-1991)
1988թ. փետրվարի 20.- ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունում է պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»:
1988թ. փետրվարի 22.- Հազարավոր ադրբեջանցիներ Աղդամից շարժվում են դեպի Ստեփանակերտ` «հայերին դաս տալու» նպատակով: Ասկերանի մոտակայքում ոստիկաններն ու հայ երիտասարդները կարողանում են կանգնեցնել կատաղած ամբոխը, որն իր ճանապարհին ջարդուփշուր անելով հայերի ունեցվածքը, մղվում էր դեպի մարզկենտրոն: Բախումների ընթացքում տասնյակ մարդիկ վիրավորվում են, երկու ադրբեջանցի` սպանվում: Այս միջադեպը դառնում է Սուգայիթում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների առիթներից մեկը: Անհերքելի փաստերը ապացուցում են, որ Ասկերանի մոտ սպանված երկու ադրբեջանցիներից առնվազն մեկին գնդակահարել է ադրբեջանցի ոստիկանը:
1988թ. փետրվարի 26.- Բաքվի մոտակա Սումգայիթ քաղաքում սկսվում և 3 օր շարունակվում է հայերի ջարդը, որին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ են գնում 32 մարդ: Հետագայում իրավապաշտպան կազմակերպություններն ու անկախ փորձագետները ապացուցում են, որ Սումգայիթում զոհվել է առնվազն 3-4 անգամ ավելի մարդ:
1988թ. գարուն.- Սկսվում է Հայաստանի շրջափակումը. փակվում է Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհը: Երևան զորք է մտցվում:
1988թ. մարտի 24.- ԽՄԿԿ Կենտկոմն ու ԽՍՀՄ նախարարների խորհուրդն ընդունում են «Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը 1988-1995թթ. արագացնելու միջոցառումների մասին» որոշումը: Սա փորձ էր մարզում եղած խնդիրներին հաղորդել սոցիալական բնույթ և ֆինանսական հատկացումների միջոցով լռեցնել պայքարը: Լեռնային Ղարաբաղում Կենտրոնի ֆինանսական ծրագրերը պետք է կյանքի կոչվեին Ադրբեջանի միջոցով, ինչը, բնականաբար, հնարավոր չէր: ԼՂԻՄ-ի համար նախատեսված գումարով կառուցվում էին ադրբեջանական նոր բնակավայրեր, որտեղ հաստատվում էին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները` փոխելով ԼՂԻՄ-ի ժողովրդագրական պատկերը և հարձակումների վտանգ ստեղծելով հայերի համար: Այդպիսի բնակավայրերից մեկն էլ Խոջալուն էր, որի օրեցօր ընդլայնումը արդեն վտանգ էր Ստեփանակերտի օդանավակայանի համար, իսկ ընդամենը 3 տարի անց Խոջալուն դառնում է հայկական բնակավայրերը հրթիռակոծող գլխավոր ռազմակայաններից մեկը:
1988թ. հուլիսի 12.- ժողպատգամավորների ԼՂ Ինքնավար մարզի խորհուրդը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, որոշում է. «… արտահայտելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնության պետական կամքը և ելնելով մեր միասնական միութենական բազմազգ պետության ազգային պետական կառուցվածքի հիմքում ընկած ազատ ինքնորոշման ազգերի իրավունքի մասին լենինյան սկզբունքը հետևողականորեն իրականացնելու անհրաժեշտությունից, հոչակել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալը»:
Փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներն ունեն զգալի տարբերություններ. եթե առաջին դեպքում մարզխորհուրդը խնդրում էր ԼՂԻՄ-ը միացնել Խորհրդային Հայաստանին, ապա երկրորդ որոշումով սահմանվում էր մարզի` որպես ԽՍՀՄ իրավական սուբյեկտի ինքնորոշման իրավունքը:
1988թ. հուլիսի 13.- Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունն անընդունելի է համարում ԼՂԻՄ ժողպատգամավորների խորհրդի որոշումը:
1988թ. հուլիսի 15.- Հայաստանի Գերագույն խորհուրդն իր որոշումով ընդունում է ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի միջնորդությունը և տալիս իր համաձայնությունը` «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտնելու կապակցությամբ»:
1988թ. ամառ.- Մինչ բուռն քննարկումներ էին ընթանում Լեռնային Ղարաբաղի վերամիավորման շուրջ, մարզում և հարակից շրջաններում իրադրությունը սրընթաց լարվում էր: Տեղի էին ունենում հարձակումներ հայերի վրա, սպանություններ, բռնություններ: Ամռան վերջին ծանրանում է Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերի վիճակը: Սկսվում են հարձակումներն ու զանգվածային տեղահանությունները:1988թ. սեպտեմբեր.- Կենտրոնը ԼՂԻՄ-ում հայտարարում է արտակարգ դրություն:
1988թ. նոյեմբեր.- Ամսվա վերջին ադրբեջանցիները հարձակումներ են սկսում Գանձակի հայկական թաղամասերի վրա, որոնք հետ են մղվում տեղի ինքնապաշտպանների ուժերով: Կենտրոնը հետագա արյունահեղությունը դադարեցնելու նպատակով զորք է մտցնում Գանձակ:
1988թ. դեկտեմբերի 7.- Սպիտակում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ, որին զոհ են գնում շուրջ 25 հազար մարդ: Խորհրդային Հայաստանի տնտեսությունը կրում է ծանրագույն վնաս. ամբողջովին կամ մասնակի ավերվում է գյուղական 342 բնակավայր, ավելի քան 54 հազար բնակելի տուն, 83 դպրոց, 90 մանկապարտեզ, առողջապահական 84 հաստատություն: Ամբողջությամբ շարքից դուրս են գալիս 209 սովխոզ և 90 կոլտնտեսություն, 80-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն և այլն: Հանրապետության ողջ տնտեսությունը կաթվածահար է լինում: Թեև խորհրդային բոլոր հանրապետությունները օգնության ձեռք են մեկնում Հայաստանին, սակայն երկրաշարժը և այնուհետև խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը երկար տարիներով կասեցնում են մեր երկրի զարգացումը: Երկրաշարժից հետո ստեղծված ծանր իրավիճակը պատճառ է դառնում մեծածավալ արտագաղթի:
1989թ. հունվարի 12.- ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշումով ԼՂԻՄ-ում մտցվում է կառավարման նոր ձև. Արկադի Վոլսկու գլխավորությամբ ստեղծվում է Հատուկ կառավարման կոմիտե (ՀԿԿ): Այս քայլով փորձ է արվում ԼՂԻՄ-ը դնել Կենտրոնի անմիջական ենթակայության տակ: Լինելով զուսպ, հավասարակշռված և բարեկիրթ մարդ, Վոլսկին անմիջապես ձեռնամուխ է լինում առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցերի լուծմանը: Փորձելով պահել հավասարակշռությունը Ադրբեջանի ղեկավարության, Կենտրոնական իշխանությունների և Հայաստանի միջև, Վոլսկին կարողանում էր զգալի ցնցումներից հեռու պահել ԼՂԻՄ-ը: Իր առաջին հարցազրույցներից մեկում նա «Պրավդա» թերթի թղթակցին պատմում էր. «Երկրում կատարած ուղևորություններիս ժամանակ ես ոչ մի տեղ չեմ տեսել այնպիսի անխնամ վիճակ, մարդկանց ճակատագրի հանդեպ այնպիսի արհամարհանք, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում է»: Արկադի Վոլսկին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակներից մեկը համարում էր ազգերի ինքնորոշման սկզբունքի կենսագործումը: Նրա հայամետ գործունեությունն առաջացնում է Ադրբեջանի ղեկավարության դժգոհությունը:
1989թ. հուլիսի 26.- Շահումյանի շրջանային խորհուրդը արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնելու որոշում է ընդունում:
1989թ. օգոստոսի 16.- Զրկված լինելով կառավարման մարմինների նորմալ գործունեությունից և ժողովրդի կամքն արտահայտելու հնարավորությունից` Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը «… մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի և կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը, ընտրում է Ազգային խորհուրդ և ժողովրդի անունից նրան օժտում համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում մարզի կյանքի բոլոր ոլորտների ղեկավարման լիազորություններով»:
1989թ. նոյեմբերի 28.- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումով Հատուկ կառավարման կոմիտեից բացի, ԼՂԻՄ-ում ստեղծվում է հանրապետական կազմկոմիտե: Այս մարմնի իրական ստեղծման նպատակներն ի հայտ են գալիս մի փոքր ավելի ուշ. 1990թ. հունվարին Բաքվում հայերի ջարդից հետո, երբ լուծարվում է Վոլսկու կոմիտեն, Լեռնային Ղարաբաղում սկսում է գործել վերոնշյալ կազմկոմիտեն` Վիկտոր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ: Լինելով մոլի հայատյաց` Պոլյանիչկոն անում է ամեն հնարավորը` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու համար: Նրա օրոք հատկապես մեծանում է ճնշումը շարժման ակտիվիստների, և ընդհանրապես, ողջ բնակչության վրա: Սադրանքները, բռնությունները և սպանությունները դառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության ամենօրյա ուղեկիցը:
1989թ. դեկտեմբերի 1.- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդն ընդունում են համատեղ որոշում, որով «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում»: Երկրորդ կետով ՀԽՍՀ ԳԽ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը` որպես միակ օրինական իշխանություն:
1990թ. հունվարի 20.- Հայերի ջարդ Բաքվում: Դա որակապես փոխում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրադրությունը: Ադրբեջանում իշխանությունը վերցնելու հայտ են ներկայացնում ազգայնական ուժերը` ի դեմս Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության: Իշխող կուսակցական նոմենկլատուրայի և նոր ձևավորված կուսակցության միջև պայքարն ընթանում է մինչև 1992թ. գարուն, երբ Ադրբեջանի նախագահ է դառնում Ժողճակատի առաջնորդ Ա. Էլչիբեյը:
1990թ. գարուն-ամառ.- Վերջնականապես որոշելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժային ճանապարհով լուծել, Ադրբեջանի իշխանությունները սկսում են ստեղծել հատուկ պատժիչ ստորաբաժանումներ: Բայց քանի որ ԽՍՀՄ օրենսդրությունը թույլ չէր տալիս ունենալ զինված կազմավորումներ, ադրբեջանցիներն այդ գրոհայիններին գրանցում էին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներում (օմօն)` նրանց տրամադրելով համազգեստ, զենք, զինամթերք և զրահատեխնիկա:
Հայաստանում ևս տարերայնորեն ձևավորվող ֆիդայական ջոկատները 1990թ. ամռան վերջին լուծարվում են, և ՆԳՆ համակարգում ստեղծվում է առաջին հայկական կանոնավոր ստորաբաժանումը` Հատուկ գունդը: Այդ գնդի մարտիկներն իրականացնում էին սահմանային բնակավայրերի պաշտպանությունը ադրբեջանական հարձակումներից, միաժամանակ` նրանցից շատերը մեկնում էին Լեռնային Ղարաբաղ` հայկական բնակավայրերը պաշտպանելու:
1990թ. մայիս.- Հայաստանում տեղի են ունենում Գերագույն Խորհրդի ընտրություններ և խորհրդարանում զգալի թվով ձայներ են հավաքում նոր քաղաքական գործիչներ` Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ստեղծված Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները: Օգոստոսի սկզբին Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում այդ շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
1990թ. օգոստոսի 23.- Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունում է Անկախության հռչակագիրը, որով «հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Հայկական ԽՍՀ-ը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան»:
1991թ. հունվար.- Ադրբեջանի ԳԽ որոշումով ստեղծվում է վարչական նոր միավոր` Գերանբոյի շրջանը: Այն ներառում էր նախկին Կասում-Իսմայլովի և Շահումյանի շրջանները: Սա փաստորեն Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերի զավթումը սկսելու ազդանշան էր:
Այդ նույն ժամանակ ԽՍՀՄ Ժողպատգամավորների IV համագումարը որոշում է ընդունում անցկացնել համամիութենական հանրաքվե, որի նպատակն էր պահպանել ԽՍՀՄ-ը որպես ինքնիշխան հանրապետությունների միություն: Հանրաքվեն տեղի է ունենում 1991թ. մարտի 17-ին: Նորացված Խորհրդային Միության ստեղծման հանրաքվեին չեն մասնակցում միութենական 6 հանրապետություններ` Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը և Մերձբալթյան երեք հանրապետությունները: Դրա փոխարեն, 1991թ. փետրվարին ՀՀ ԳԽ-ն ընդունում է որոշում, որով հայտարարում է անկախության գործընթացի սկիզբը և սեպտեմբերի 21-ը նշանակում անկախության հանրաքվեի անցկացման օր:1991թ. մարտ.- Միութենական հանրաքվեից մի քանի օր անց Լեռնային Ղարաբաղում և Շահումյանի շրջանում սկսվում է «Կոլցո» գործողությունը, որի նպատակն էր տեղահանել հայերին իրենց բնակավայրերից: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների և Գանձակում տեղակայված Խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների հարձակումներին զոհ են գնում տասնյակ խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ վիրավորվում են ու հայտնվում գերության մեջ, տեղահանվում են հայկական 24 գյուղեր: «Կոլցո» գործողությունը տարածվում է նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում. խորհրդա-ադրբեջանական հարձակումների են ենթարկվում բազմաթիվ հայկական գյուղեր:
1991թ. մայիսի 7.- Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում խորհրդային զինվորները գնդակոծում են հայ միլիցիոներներին տեղափոխող ավտոբուսը, որի հետևանքով զոհվում են միլիցիայի 11 աշխատակիցներ:
1991թ. օգոստոսի 18.- Խորհրդային Միությունում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Իշխանությունը զավթում են կայսերապաշտական հայացքներ ունեցող մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում էին պաշտպանության, ներքին գործերի նախարարները, ՊԱԿ-ի ղեկավարը: ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը իր ամառանոցում տնային կալանքի տակ է վերցվում: Ստեղծվում է արտակարգ դրության պետական կոմիտե, որը ստանձնում է երկրի փաստացի կառավարումը: Նորաստեղծ կոմիտեն ընդամենը երեք օրվա կյանք է ունենում, հեղաշրջումն օգոստոսի 20-ին արդեն տապալվում է: Նախկին խորհրդային ռեժիմի վերականգնման անհաջող փորձից հետո Լեռնային Ղարաբաղից հեռանում է հանրապետական կազմկոմիտեի ղեկավար Պոլյանիչկոն:
1991թ. օգոստոսի 30.- Ադրբեջանն ընդունում է «Պետական անկախության վերականգնման» հռչակագիրը, որով դառնում է անկախ պետություն` դառնալով 1918-20թթ. Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդը:
1991թ. սեպտեմբերի 2.- ժողպատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման հռչակագիրը:
Դրան անմիջապես հետևում է Ադրբեջանի ԳԽ որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը համարվում էր ապօրինի կազմավորում, իսկ հանրապետական ՊԱԿ-ին, ՆԳ նախարարությանը հանձնարարվում էր խափանել ԼՂՀ անկախության հռչակագրի իրականացման ցանկացած փորձ: Սա փաստորեն Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու հանձնարարություն էր:
1991թ. սեպտեմբերի 21.- Անկախության հանրաքվե է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, որի արդյունքների հիման վրա, սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիրը:
1991թ. սեպտեմբերի 20-23.- Բաքու, Ստեփանակերտ և Երևան են այցելում Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի նախագահներ Բ.Ելցինը և Ն.Նազարբաևը: Այցի նպատակն էր միջնորդական առաքելություն իրականացնել` ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Ժելեզնովոդսկ քաղաքում ստորագրվում է համատեղ համաձայնագիր, որով արձանագրվում էր, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով:
1991թ. սեպտեմբերի վերջ.- Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը սկսում են ռմբակոծվել արդբեջանական գյուղերից:
1991թ. դեկտեմբերի 8.- Բելառուսում ստորագրվում է Բելովեժյան համաձայնագիրը, որով ստեղծվում է ԱՊՀ-ն: Հայաստանը մասնակցում է այդ համաձայնագրի ստորագրմանը և դառնում ԱՊՀ լիիրավ անդամ:
1991թ. դեկտեմբերի 10.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվում է հանրաքվե: «Դուք համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ, ուրիշ պետությունների ու ընկերակցությունների հետ իր համագործակցության ձևն ինքնուրույն որոշող պետություն» հարցին կողմ է քվեարկում բնակչության 99 տոկոսը:
Պատրաստեց ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից