ԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ
Կար ժամանակ, երբ Արփեն Մովսեսյան անունը Հանրայինի հեռուստաեթերից հնչում էր ամեն օր: Հեռուստամեկնաբանը գեղեցիկ հայերենով, ազդեցիկ ձայնով ոչ միայն մեր կարեւոր պատմամշակութային արժեքների մասին էր պատմում, այլեւ մի ամբողջ սերունդ էր հայեցի կրթում: Նա այնտեղ էր, ուր իր կարիքը կար: Եվ, բնականաբար, նման մեկը անմասն չէր կարող մնալ մեր պատմության կարեւորագույն, հերոսական շրջափուլից՝ Արցախյան ազատամարտի վավերագրումից: Նա հաճախակի էր հայտնվում առաջին գծում, երբեմն հենց մարտի դաշտից էր վարում ռեպորտաժները:
Այսօր էլ Արփեն Մովսեսյանը շարունակում է իր կարեւոր առաքելությունը: Նույն նվիրումով ու խորը ակնածանքով նա աշխարհին է ներկայացնում Հայրենիքը, հայի տեսակը: Պարզապես՝ իր սիրո թելերով, մշակութաբանական մտածումներով հյուսում է խճապատկերներ, պատմություններ, որոնք հետո հատիկ-հատիկ ագուցվում, հավաքվում են հեռուստաժապավենին՝ մեր հոգեւոր ժառանգության գոհարները պահ տալով հավերժությանը: Նրան այս գործում արդեն 20 տարի շարունակ հավատարմորեն ու սիրով օժանդակում, նպաստում է ամուսինը` մասնագիտությամբ ֆիզիկոս, կոչումով օպերատոր Վահան Կարապետյանը:
Արփեն Մովսեսյանը Արցախի ծնունդ է. իր անկոտրում կամքով ու համառությամբ, իր հողուջրի ճշմարիտ զավակն է: Սակայն նրա սրտում մի անհուն ու անամոք ցավ կա. իր հայրենի գյուղը` Նոր Այգեստանը (Չայլուն) գերյալ է մինչ օրս… Իր գյուղի մասին պատմում է խեղդող հուզմունքը հաղթահարելով: Հիշում է իրենց փառահեղ գյուղը, որ քաղաքի էր նմանվում՝ իր բոլոր գործուն կառույցներով… «Մեծ ու շեն դպրոց ունեինք, կարկաչուն գետեր, հզոր մշակույթի կենտրոն, հիվանդանոց… Անգամ բանկի մասնաճյուղ ունեինք…»:
Երբ խաղաղվում է ու մի քիչ էլ է ետ գնում մտքով, դեմքը լուսավորում է ժպիտը: «Ինձ երբեմն թվում է՝ ուր որ է՝ ընկերներս դուրս կկանչեն. պահմտոցիի ժամն է: Ընթերցանության ժամ ունեինք, որ ես էի վարում: Թատերական խմբակը մայրս էր վարում: Նրա մեջ տաղանդավոր արտիստ, գեղագետ էր ապրում… Երեւի ինձնից շատ երիտասարդ տարիքում կյանքից հեռացած մորս անհանգիստ հոգին հիմա շրջում է արցախյան մեռյալ գյուղի անտերունչ տներում»:
Ավերիչ երկրաշարժից հետո նա կրկին առաջիններից էր, որ գեհենական այդ խառնարանում լրագրողի իր ծանր, բայց կարեւոր դերն էր կատարում: Երկրաշարժին հաջորդած օրերին Գյումրի ժամանած Ազնավուրին նա էր ուղեկցում:
Ինչպես Սվետլանան դարձավ Արփեն
Նա հեռուստատեսությունում հայտնի դարձավ Սվետլանա Մովսեսյան անունով: Արցախյան շարժման օրերին ավելի ու ավելի հաճախ էր եթերից հնչում այս անունը: Սվետան խոսում էր պատերազմ գնացող տղաների մասին: Ամեն անգամ ռազմաճակատ մեկնելուց առաջ ռազմիկների խմբեր էին հավաքվում ռադիոտան շենքի` երիտասարդ լրագրողուհու պատուհանի տակ` մնասբարովի: «Մի օր էլ հրապարակախոս Ռաֆայել Համբարձումյանը պատուհանիս տակ հավաքված, ռազմաճակատ ուղեւորվող տղաների մեջտեղն ընկած` մոտեցավ եւ մատը վրաս թափ տալով՝ ասաց. «Եթե մի անգամ էլ Սվետլանա անունը հնչեց եթերից, դու աշխատանքից ոչ միայն կզրկվես, այլեւ կդատվես: Այ, էս տղաներն էլ` վկա»: Մինչեւ այդ էլ ինձ շատերն էին մոտենում փողոցում. «Սվետլանան քեզ հարմար անուն չէ: Քեզ պես հայուհին պետք է հայի անուն կրի»: Ճար չկար` ինձ լուրջ վերջնագիր էր ներկայացված,-ժպտում է:- Արփեն անունը Նարեկացուց եկավ, «Տաղ Վարդավառի»-ից. «Գոհար վարդն վառ առեալ ի վեhից վարսիցն արփենից»:
Դեպի Արցախ…
«Այդ տարիներին բոլորն էին զինվոր,- մտորում է տիկին Արփենը,- իսկ ռազմի դաշտում իմ հայտնվելը բոլորովին ուրիշ հոգս ու ցավ ուներ…Երբ մեր գյուղը լքվեց, իմ ազգուտակը հայտնվեց Ստեփանակերտի ճանապարհներին: Գյուղացիներից մոտ 80-ը հենց գյուղը լքելու ընթացքում զոհվեցին, շատերն էլ՝ գյուղը պաշտպանելիս: Այս ամենն անձամբ չեմ տեսել, բայց շատ եմ լսել հարազատներիցս: Շատ դաժան ու վեհ պատմություններ կան այդ օրերից… Հայրիկս պատմում էր, թե ինչպես զինվորների համար թոնրում հաց թխող կնոջը մտերիմները շտապեցրել են, ու նա չի կտրվել իր գործից. «Էս մի քանի հացն էլ հանեմ, կգամ. մեր զինվորը ճանապարհին ի՞նչ է ուտելու»: Քիչ անց տուն ներխուժած հրոսակները նրան թոնիրն են գցել…
…Առաջին անհրաժեշտության պարագաներ վերցրած՝ գնացի հարազատներիս տեսնելու: Ստեփանակերտի փողոցներում ասեղ գցելու տեղ չկար, սովալլուկ, մրսած, կարոտյալ մարդիկ մտամոլոր, աննպատակ աջ ու ձախ էին անում: Հետո` ներքին մղմամբ զինվորագրվում էին, կռվում, մեռնում, հերոսանում… Կանանց, ծերերին, երեխաներին թե ուղղաթիռով տանեին, կփրկվեին, թե ոչ՝ ճակատագիրն անհայտ էր… Նրանցից շատերը անտառներում անհետ կորան: Մեր գյուղից մի խումբ կանայք, երեխաների դուրսբերումը մի կերպ հոգալով, իրենք ոտքով ճամփա էին ընկել, անտառում պատահական արահետներ բռնելով՝ մոլորվել, դուրս էին եկել ճիշտ դեպի թշնամին… Հենց այդտեղ էլ զգացի. այլեւս չեմ կարողանալու կտրվել իմ Արցախ աշխարհից… Այդ օրերին այնտեղ մի տղայի հանդիպեցի, որն իր տեսախցիկով էր: Թող ինձ ների այդ սքանչելի երիտասարդը, անունը չեմ հիշում: Սկսեցինք նկարահանել, բայց դեռ՝ Ստեփանակերտի մատույցներում: Հետո արդեն «Լրաբերի» ղեկավարությանն առաջարկեցի, որ ինձ ուղարկեն տարբեր մարտական գոտիներ»:
Եթե մինչեւ Շուշիի ազատագրումը շատ դժվար էր Արցախ մտնելը, ապա դրանից հետո Արփեն Մովսեսյանի այցելություններն արդեն մշտական բնույթ էին կրում. ծնվեց «Ռեպորտաժներ ճակատի գծից» շարքը, որին անհամբեր սպասում էր հեռուստադիտողը:
Հընթացս մի շարք տեսաֆիլմեր ծնվեցին պատերազմի դաշտից` հերոսացող տղաների, զոհված հերոսների, տեղի բնակչության ապրած ծանր օրերի մասին:
«Ռեպորտաժներ ճակատի գծից»
Ցեխին Ծոր. ռեպորտաժներ այստեղ տեղավորված դաշտային վիրահատարանից, որտեղ վիրաբույժի իր անձնվեր գործունեությունն էր իրականացնում Արցախ Բունիաթյանը: Մեկ այլ ռեպորտաժ Քարվաճառի ազատագրման թեժ մարտերի օրերից. Արփեն Մովսեսյանի զրուցակիցն է Մոնթեն: Նա ցույց է տալիս իր թիկունքում երեւացող Դադիվանքի որբ պատերն ու իրեն հատուկ կրքոտ հաստատակամությամբ բացատրում, թե ինչու են հույժ կարեւոր այս տարածքի ազատագրական մարտերը. «Խաղաղությունը կլինի միայն մեր հաղթանակով. ուրիշ ոչ մի ուղի չկա»,- խոսում է հերոսը, որ մեկ ամիս անց հավերժի ճամփան էր բռնելու: Եվ այսպես՝ տասնյակ ռեպորտաժներ Մարտակերտի տարածքից: Ռեպորտաժ նոր ազատագրված Պուշկեն յալի բարձունքից: Ժամանակի մեջ խունացել է եւ՛ ժապավենը, եւ՛ ձայնագրությունը, բայց դրանից չի նվազում այդ վավերագրության կարեւորությունը: Հետո արդեն ծավալուն հաղորդումների շարք, որ սկսվեց Սամվել Շահմուրադյանին նվիրված «Մարդու ժամանակը» տեսաֆիլմով: Թիվը կորցրել է, թե քանի ռեպորտաժ է արվել այդ տարիներին…
Այսպես շարունակվում է մեր զրույցը, տիկին Արփենը դեպքից դեպք է անցնում, հանդիպումից հանդիպում, ճակատից ճակատ… Հետո հանկարծ լարում է հիշողությունն ու սկսում. «Ստեփանակերտում էինք: Առավոտյան շտապում էի հարցազրույցների: Դուրս եկա տիկին Ռայայի (Արցախի հերոս Կամո Դանիելյանի մայրը) տնից: Հասա կենտրոնական հրապարակ. քա՜ր լռություն է: Զարմացած եմ՝ ինչո՞ւ քաղաքում մարդ չկա: Դու մի ասա՝ վտանգի ազդանշան էր եղել, բայց ես չէի իմացել: Մեկ էլ տագնապի շչակն սկսեց սուլել, ու իմ զարմացած հայացքի առաջ մի սարսափելի տեսարան բացվեց. երկնքից բեկորային ռումբեր էին թափվում: Ռմբակոծվում էր Ստեփանակերտի հրապարակը: Մեկ էլ բարձրախոսից լսում եմ. «Էն հարսը հո՞ւվա~: Տրան մի տե՛նը քշեցեք»: Ինձ գրկած առաջին իսկ պատահած շենքի մուտքը մտցրին. աչքերիս առջեւ սեւացավ: Ջուր չկար. դրա տեղը թան լցրեցին վրաս, ուշքի բերեցին»:
Մի դրվագ էլ «Դեպի Մարտակերտ» ռեպորտաժից. «Մարտակերտն արդեն ազատագրված էր, բայց դեռ լիովին անվտանգ չէր. կիսավեր տներում դեռ ադրբեջանցիներ էին դարանակալում: Օպերատոր Էդիկ Բադունցի հետ որոշեցինք գնալ, լուսաբանել: Նա էլ ծնունդով Մարտակերտից է: Հորաթաղով գնում էինք Մարտակերտ: Ականապատ դաշտով պետք է անցնեինք: Ինձ բժիշկները հրավիրեցին իրենց մեքենան, բայց Էդիկը թույլ չտվեց: Ասաց` ավելի լավ է՝ մեծ մեքենայի մեջ լինես. ենթադրեց, որ պայթյունի դեպքում ավելի քիչ վնաս կլինի: Ու շարժվեցինք առաջ: Քիչ անց մեկ էլ մի պայթյո~ւն: Այն տեսանք, որ սանիտարական մեքենան բզիկ-բզիկ եղավ…Ոչ ոք չփրկվեց…Երիտասարդ բժիշկների դեմքերը այժմ էլ աչքիս առաջ են…հետագայում ռեպորտաժիս մեջ ասելու էի` «Եվ նրանց հետ մենք քիչ առաջ թեյ էինք խմում…»:
Այսպիսի իրավիճակներ շատ են եղել առաջին գծից ռեպորտաժներ բերելիս, բայց, երբ ասում եմ` «Դուք, փաստորեն, մեր առաջին ռազմական լրագրողներից եք եղել», ասում է` «Չէ՛, այն ժամանակ բոլորս էինք զինվոր, հատկապես՝ «Լրաբերի» աշխատակիցները»:
Այսպես տարիներ… Եվ չուշացավ վաստակի գնահատականը: 2011թ. «Հայրենի երկրի հանրային, գրական-մշակութային կյանքի, արցախահայության ազգային ազատագրական պայքարի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացի լուսաբանման ասպարեզում ունեցած հրապարակախոսական մեծ վաստակի համար» Արփեն Մովսեսյանը պարգեւատրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատվոգրով եւ ոսկե մեդալով, իսկ Արցախի Անկախության 20-ամյակի առիթով` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նրան է հանձնել «Երախտագիտություն» մեդալը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հ.Գ.
1998թ. Արփեն Մովսեսյանը վարել է «Շրջադարձ» պատմամշակութային հեղինակային հաղորդաշարը, որը 2001թ. արժանացել է ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների գերակայությունը հաստատող», իսկ 2003-ին՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակներին: Հաղորդաշարը հետագայում վերանվանվեց «Հայից հայ», որն իր հերթին 2009թ. արժանացավ «Համաշխարհային հայկական կոնգրեսի», Ռուսաստանի հայերի եւ Հայաստանի ժուռնալիստների միությունների հայտարարած մրցանակին: Առհասարակ, Արփեն Մովսեսյանն իր վարած հեղինակային տարբեր անվանումներ կրող հաղորդաշարերով («Շրջադարձ», «Հայից հայ» եւ «Եզերք») հարյուրավոր տեսաֆիլմեր է պատրաստել, որոնք նվիրված են մեր մշակույթի, մեր պատմության հսկաներին, Հայրենիք-Սփյուռք կապերին: Ի դեպ, ՀՀ Սփյուռքի նախարարությունն էլ Արփեն Մովսեսյանին պարգեւատրել է «Մայրենիի դեսպան» մեդալով:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանն այսօր էլ արարում է նույն նվիրումով, իրեն հատուկ շնչառությամբ: Անդադրում ջանում է Հայաստանում եւ Սփյուռքում գտնել արժանավորներին: Շարունակում է մեր օրերի մշակութային զարգացումների գեղարվեստական, մշակութաբանական վավերագրությունը. այսպես իր նվիրական ճանապարհն է անցնում «Հայից հայը»…
Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Բանակ և հասարակություն