Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԻ ՈՒ ՈԳՈՒ ՈՒԺԸ



ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԻ ՈՒ ՈԳՈՒ ՈՒԺԸ31 տարի առաջ փետրվարի 20-ին Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի պատմական նիստը: Մարզային խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ… Հարյուրհազարավոր ցուցարարներ Երևանի օպերայի հրապարակում տեր կանգնեցին պատմական այս որոշմանը: Մեծ էր երթի ազդեցությունը. հաջորդ օրերին բազմապատկվեց ցուցարարների թիվը, և ամբողջ հայությունը մեկ մարդու պես ոտքի ելավ: Շատերն էին հավատում, որ Խորհրդային Միության «վերակառուցող» իշխանությունը` Կենտկոմի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, արդարացիորեն կլուծի մեր ազգային հարցը: Հաշված օրեր էին պետք, որ հասկանայինք՝ թուրքը մնացել է նույն թուրքը, խորհրդային ղեկավարությունն էլ նրան սատարողն է: Սումգայիթյան դեպքերն ալեկոծեցին մեզ, բայց մեծ դաս եղան: Արդեն միասնական էինք, մեզանից հանել էինք վախի զգացումը, այլևս զոհ չէինք: Ոչ մեկը չէր կասկածում Միացումին, և կայացավ մեր սրբազան երազանքը: «Միացում», «Արցախ» ամենաշատն այս բառերն էին հնչում արդեն Ազատության հրապարակում: Կայացավ միացումը բազում հայորդիների կյանքի գնով, կայացավ արցախահայության տառապանքի ու ոգու հզորության շնորհիվ: Կայացավ հայ մայրերի՝ իրենց որդիներին սրբազան պայքարի մղելու շնորհիվ: Կայացավ Սփյուռքից եկած մեր հերոսների շնորհիվ: Նույնիսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժն արգելք չդարձավ մեր պայքարին, ընդհակառակը` մարտի կոչեց նաև աղետի գոտուց շատերին: Արցախ-Մայր Հայրենիք միացումը կայացավ պատերազմով, և, ճիշտ է, հազարավոր քաջորդիներ կորցրինք, հազարավոր վիրավորներ ունեցանք, հազարավոր խեղված ճակատագրեր, բայց մեր բազմադարյան պատմության ընթացքում բացառիկ գործ կատարեցինք՝ ազատագրեցինք Արցախը… Արդեն 25 տարի է, ինչ վերաբնակեցվել է Արցախ-Մայր Հայրենիքի միջեւ անջրպետ դարձած Լաչինը՝ մեր Բերձորը: Այսօր Քաշաթաղի շրջանում ապրում են շատերը, ովքեր 88-ին ոտքի ելան, անցան ռազմի ճամփաներով ու եկան շենացնելու հող հայրենին: Այսօր նույն Քաշաթաղում ու Քարվաճառում արդեն նոր սերունդն է երկրի տերը և միշտ պատրաստ պաշտպանելու Հայոց սահմանը: 2016թ. ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը հարյուրավոր քաշաթաղցիներ հասան սահման՝ Թալիշից մինչև Արաքսամերձ տարածք: Հաջորդ օրերին քաշաթաղցի կամավորականների թիվն անցավ 1200-ից՝ ժամկետային զինծառայողների հետ 1400-ից ավելի: Մենք հաղթեցինք 1994 թվականին, և թշնամին զինադադար աղերսեց… Բայց դեռ տարածքներ ունենք ազատագրելու…

Եկեք այսօր շնորհավորենք մեկս մյուսին մեր զարթոնքի, համազգային կամքի ու ոգու ուժի, պայքարի մարտիկ դառնալու օրվա առթիվ և տեր մնանք հերոսների արյամբ գծված սահմանին Հայոց:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Պատմության էջերից


28/02/2019