Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ ՃՈՒՏ, ԱՌՅՈՒԾԻ ՁԱԳ Է



ԻՆՉ ՃՈՒՏ, ԱՌՅՈՒԾԻ ՁԱԳ Է-Որոտի նման եք խոսում,-ասում եմ: Ազատամարտիկ Սասուն Հովհաննիսյանը բարձրաձայն ծիծաղում է:

-Սասնո բարբառն է ըդբես,-բացատրում է ու անվրդով շարունակում.

-Թուրքերը ուղիղ նշան բռնած կրակում էին, բայց  ինձ ոչ մի գնդակ չկպավ: Տասնյակ-հարյուրավոր գնդակներ տժժալով անցնում էին գլխիս վրայով, ականջիս, վզիս մոտով… ու չէին կպչում:

Սասուն Հովհաննիսյանն անցել է ամբողջ Արցախյան պատերազմը: Կռվել է ամենաթեժ կետերում, մասնակցել է ամենակատաղի մարտերին:

-Մեկ էլ ուժեղ հարված զգացի գլխիս: Հետո գոլորշու պես բարձրացա վերեւ ու վերեւից տեսա, թե ինչպես են  շրջապատել իմ անշունչ մարմինը: Ես գոռում էի՝ դրան ձեռք մի տվեք, ես այստեղ եմ, բայց ինձ լսող չկար:

-Սարսափ ֆի՞լմ եք պատմում:

-Էն տղամարդը, որ սուդ գըսը, լաչակդ դուր, թըղ գաբը կլխուն, դառնա կնիկմարդ:

-Ներեցեք,- ասում եմ: Սասունը շարունակում է.

-Հետո վերեւից լույսի մի մեծ շիթ իջավ: Ես հասկացա, որ լույսը եկել է իմ հետեւից: Տեղավորվեցի լույսի մեջ ու սկսեցի բարձրանալ: Երկինք էի գնում: Մեկ էլ մի ուժեղ ձայն գոռաց՝ գնա՛: Ձայնն ասես հրեց ինձ: Ես հնազանդ իջա, տեղավորվեցի մարմնիս մեջ ու բացեցի աչքերս: Պարզվեց՝ կլինիկական մահ եմ տարել:

Ես արագ-արագ գրում եմ, իսկ Սասունն անսպասելի ասում է.

-Էդ մի գրի, որովհետեւ ես էսօր պիտի Ճուտի մասին պատեմ: 27 տարի առաջ էս օրը Ճուտը վիրավորվեց:

-Ի՞նչ Ճուտ, ես պիտի Ձեր մասին գրեմ:

-Ես Ճուտի մասին եմ պատմելու, որ չգրես. «Նոր սերունդն ավելի խիզախ է ու հայրենասեր, քան Արցախյան պատերազմի տղերքը»:

ԻՆՉ ՃՈՒՏ, ԱՌՅՈՒԾԻ ՁԱԳ ԷՉեմ էլ հիշում՝ երբ եմ նման բան գրել ու անորոշ կմկմում եմ: Սասունն ուշադրություն չի դարձնում, առանց համաձայնության՝ սկսում է:

-Խաչիկ գյուղի դիրքերում էինք: 92 թիվն էր: Կյաժ Համոն եկավ, հետը՝ մի ցածրահասակ տղա՝ 14-15 տարեկան:

-Էս երեխեն ո՞վ է, ինչի՞ ես բերել կրակի բերան,- հարցրինք:

-Անունն Արթուր է, Արթուր Օվչյան: Տարիքին չնայեք, իսկական մարտիկ է:

Անունը դրինք Ճուտ ու մեր մեջ առանք: Ասող-խոսող տղա էր, հումորով, լսող, մեր ուրախությունն էր: Երբ կախում էր ուսից, զենքը գետին էր հասնում, բայց զենքից չէր բաժանվում: Ամեն ինչ անում էինք, որ պաշտպանենք տղային, ուղարկում էինք երկրորդ գիծ, բայց մեկ էլ կտեսնեիր՝ ամենաթեժ պահին հայտնվեց ճակատամարտի կենտրոնում: Ինքնազոհաբար էր կռվում: Զարմանալի բան է՝ գնդակից չէր վախենում: Մահից չէր վախենում:

Երբ մտանք Մարտունաշեն՝  տեղի բնակչությանը պաշտպանելու, մի կին Ճուտին տեսնելով՝ գոռգոռաց.

-Էս խոխե՞ն պիտի մեզ պաշտպանի: Մեր կյանքն էս խոխի՞ն ենք վստահելու:

Կարճ ժամանակ անց նույն կինն ասում էր.

-Էն խոխեն ո՞ւր է, ես իրա կյանքին մեռնեմ, ի՞նչ Ճուտ, առյուծի ձագ է:

…Ադրբեջանցիները գրավել էին հայկական գյուղը: Մարտունաշենում ուտելիքը վերջացել էր, մարդիկ սոված էին: Ճուտը գիշերով մտնում էր գյուղ, որն ամբողջովին ադրբեջանցիների տիրապետության տակ էր, ու գոմերից անասուններ էր բերում գյուղացիների համար: Հերթական անգամ, երբ գնում էր, մտածում էինք՝ հետ չի գա, բայց չէինք կարողանում հետ պահել: Էրեխեքը սոված են՝ ասում էր:

Բայց ամենահերոսականը Ճուտի վիրավորվելու պատմությունն է: Վարանդա գյուղն ազատագրելու հրաման ստացանք: Գյուղ մտնող ճանապարհը ադրբեջանցիների նշանառության տակ էր: Պիտի գնդակոծության տակ անցնեինք այդ հատվածը: Մեռնելու հավանականությունն ավելի մեծ էր, քան ապրելունը: Բայց այլ ելք չկար. Վարանդան պիտի վերցնեինք ու բացեինք դեպի Մարտունի ձգվող ուղին: Ճուտը մեզ հետ էր: Մենք գնդակների տարափի տակ առաջ էինք գնում բաց դաշտով: Ադրբեջանցիներն այնքան մոտ էին, որ ես պարզ տեսա, թե ինչպես երկու ադրբեջանցի (մեկը՝ պառկած, մյուսը՝ չոքած,) միաժամանակ կրակեցին Ճուտի վրա: Նա ընկավ: Հետո անմիջապես ոտքի կանգնեց: Արյունախառն թքեց  կոտրատված ատամներն ու շարունակեց կրակել: Բայց վայրկյաններ անց նորից ընկավ: Արյունը առվի պես հոսում էր բերանից, վզից: Ես ու բանգլադեշցի Ռուբոն (մահապարտ Ռուբոն, որը ամիսներ անց  հերոսաբար զոհվեց),  վազեցինք, որ կրակի գոտուց հանենք տղային: ՊԿ-ի կրակի տակ մի կերպ հասանք Արթուրին: Գնդակը ծնոտը փշրել, վիզը ծակելով՝ մտել էր ներս: (Հետո պարզվեց, որ ծակել է թոքը ու կանգ առել ողնաշարի մոտ): Արյան մեջ կորած՝ կրակում էր: Ադրբեջանցիների անհամար կրակոցներից հողը բլթբլթում էր  թոնրի մեջ եփվող հարիսայի նման, մենք մեկ գրկած, մեկ քարշ տալով՝ Արթուրին տանում էինք դեպի հեռվում նշմարվող բլուրը:

Հրաշք էր, որ երեքս էլ ողջ հասանք բլուրին: Անտրամաբանական, անօրինաչափ բան կատարվեց: Բաց դաշտում, տասնյակ զենքերի կրակի միջով անվնաս անցանք: Բայց ամենամեծ հրաշքը 15-ամյա տղայի խիզախությունն էր: Մի նվոց, մի տրտունջ չլսեցինք, նույնիսկ հոգոց չհանեց: Ու գիտես, ինչն էր ամենազարմանալին՝ երբ բժիշկները մի կերպ կարկատեցին  ջախջախված ծնոտը, կիսված թոքն ու քրքրված մկանները, Ճուտը նորից հայտնվեց դիրքերում:

Սասունը ոտքի է կանգնում: Դեմքին ինչ-որ հաղթական արտահայտություն կա:

-Էս էլ 90-ականների սերունդը,- ասում է ու խորամանկ ժպիտով նայում դեմքիս:

Ես նրան ճանապարհում եմ մինչեւ դուռը:

-Հայը հայ է. ի՞նչ տարբերություն 90-ականների սերունդն է, թե այսօրվա: Նույն գենն է, նույն հայրենասիրությունը, նույն խիզախությունը,- ասում եմ արդարանալու պես:

-Ապրե՛ս,- եռանդով վրա է բերում  ու մեծ, մկանուտ ափով թափահարում ձեռքս:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ճակատագրեր


07/03/2019