ԱՆԴՐԱՆԻԿԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն եւ ոգեւորություն կներշնչե:
Այսպիսի անձերուն կյանքը եւ անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե եւ կվայելե հանդիսատեսի աչքերով, այլեւ գիտե հարգել, սիրել եւ գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա եւ ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սեւքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն եւ անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու եւ հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջեւ: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին՝ վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր եւ ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ՝ կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր եւ պարզ էին իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր՝ ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլեւ կհարգվեր ու կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ ու թաթար ժողովուրդներեն…
Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Հոգևոր-մշակութային