Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՈԳԻՆ ԶԻՆՎԱԾ



ՄԵՐ ՈԳԻՆ ԶԻՆՎԱԾԶրույց ռեժիսոր, երգահան, գրող ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆԻ հետ

 

Ես չունեմ քեզնից թանկ ոչ մի բան,

Հարազատ իմ հող, հարազատ իմ հող,

Եվ դարձրել եմ քեզ համար սահման

Սիրտս բաբախող, սիրտս բաբախող,

Ով էլ հանդգնի իմ դեմ ելնել,

Ես եմ լինելու հաղթող,

Գլխիս վերեւ եռագույնը,

Կռիվ կտամ, կտամ եւ կյանք,

Բարձր կպահեմ ես քո անունը,

Քո պատիվը, ի՛մ բանակ:

 

-Պարոն Մանարյան, այս երգը բանակի մասին իմ ամենասիրելի երգն է, եւ վաղուց էի որոշել անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ երգի հեղինակին: Ե՛վ բառերն են իմաստալի, ե՛ւ երաժշտությունն է չքնաղ, լսելիս հպարտությունից աչքերդ լցվում են: Տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում Ղազարոս Սարյանի հետ, նա պատմում էր, թե ինչպես էին խորհրդային ռազմիկները Հայրենական պատերազմի օրերին ճակատամարտից ճակատամարտ կարճատեւ դադարների ժամանակ հայրենասիրական երգեր երգում, հետո ինքնամոռաց նետվում մարտի` հանուն հայրենիքի հերոսանալու: Երեւի հենց այսպիսի հզոր ու սրտառուչ երգեր էին հնչում մարտադաշտում եւ ոչ պակաս հզոր զենք էին ոսոխի դեմ:

-Ես ունեմ 350 հեղինակային երգեր, որոնցից ավելի քան երկու տասնյակը նվիրված է բանակին: Մեծ ներշնչանքով եմ գրում բանակային երգեր, որովհետեւ բանակն իմ սրտին շատ մոտ է: Այն մեր ապագայի, մեր գոյության առաջին պայմանն է: Ու բացառիկ կարեւորություն ունի մեզ համար: Այս գաղափարով պիտի ապրի յուրաքանչյուր հայ մարդ: Այս գաղափարը պիտի դրսեւորվի պետական ու հասարակական բոլոր հարաբերություններում:

Ես էլ բոլորի պես հպարտանում եմ ապրիլյան պատերազմի հաղթանակով, մենք ադրբեջանցիներին հերթական անգամ լավ ծեծ տվեցինք ու շպրտեցինք հետ` իրենց որջը: Փա՛ռք մեր սպաներին ու զինվորներին, խորին խոնարհում նրանց ինքնազոհությանն ու սխրանքին: Բայց չեմ կարող չհիշել նաեւ այն ամոթալի բացահայտումները, որոնք մինչեւ հոգու խորքը ցնցեցին մեր հասարակությանը: Ադրբեջանի օրինակը շատ ցայտուն է. նավթադոլարների, զենքերի առատությունը, մարդկային ու նյութական ռեսուրսի բազմապատիկ գերազանցությունը չկարողացան ուժ ու մարտունակություն դառնալ մի երկրի բանակի համար, որի ժողովրդի ոգին կոտրված է, կեղեքվում է սեփական իշխանությունների կողմից ու չի սիրում այն հողը, որի համար պայքարում է երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը: Մենք հաղթում ենք, որովհետեւ մեր ոգին է զինված:

-Պարոն Մանարյան, իմ դիտարկմամբ, Հայաստանում ձեւավորվել է մի հասարակություն, որտեղ նույն խավի ներկայացուցիչներն անգամ չունեն ընդհանուր նկարագիր, դիմագիծ, արժեհամակարգ: Եվ, առհասարակ, հասարակությունը, իր բարոյական նկարագրով, շատ է բեւեռացված, գուցե ավելի շատ, քան սոցիալապես: Որովհետեւ տարիներ շարունակ չի եղել գաղափարախոսություն, չի եղել ծրագիր: Ազատության այս մոդելը հարազա՞տ է Ձեզ:

-Ես որքան էլ ազատ ու ազատասեր մարդ եմ, չեմ ընդունում ժողովրդավարության ու մարդու իրավունքները պաշտպանող կեղծ, շինծու արժեքները, որոնք կարող են խարխլել երկրի հիմքերը: Ու եթե երկրի ներսում որոշ մարդկանց կամ խմբերի «ազատությունները» հակասում են մեր երկրի շահերին, վնասում են նրա ամրությանը, ապա այդ «ազատությունները» պիտի սահմանափակել: Նաեւ շեշտեմ, որ հասարակության գաղափարախոսությունն ու բարոյական արժեհամակարգը հաստատվում են ոչ թե հորդորով, ճառերով ու քարոզներով, այլ օրենքներով:

-Ես կարծում եմ, որ շատ արատավոր երեւույթներ արմատավորվում են մեր կյանքում հենց մարդկանց անտարբերության ու հանդուրժողականության պատճառով: Չկա հասարակական հակազդեցություն:

-Ես այդքան մեծ դերակատարում չէի վերապահի հասարակական հակազդեցությանը: Խնդիրները պետք է լուծվեն օրենքներով: Օրինակ, եթե ուզում ենք Ազգային ժողովում ու պետական համակարգում հնչի ճիշտ ու գեղեցիկ հայերեն, պետք է օրենքով ամրագրենք, որ Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու համար հայերենի փայլուն իմացությունը պարտադիր է: Ես մեծ հույսեր եմ կապում նոր կառավարության հետ: Մարդիկ լի են արդարության, հավասարության, արժանապատվության երկիր ստեղծելու երազանքով ու եռանդով: Գեւորգ Էմինն ասում էր` այս հողի վրա ամեն առավոտ արքաներ են արթնանում:

-Դա լավ է, թե՞ վատ:

-Անհատականությունների ազգ լինելով` մենք պիտի կարողանանք համախմբվել այն մարդկանց շուրջ, ովքեր մեր ազգային գաղափարների ջահակիրն են: Լավ է, թե վատ՝ մեզնից է կախված: Անհատների տաղանդն ու օժտվածությունը, խելքն ու կամքը ազգային մեծ ներուժ են, եթե ճիշտ են նպատակաուղղվում: Մեր ամենահզոր զենքը մարդկային ռեսուրսն է, այն չի կարելի մսխել:

-Դուք հեռուստատեսության մարդ եք, հեռուստահաղորդումներ եք հեղինակել, սցենարներ… Այն, ինչ կատարվում է այսօր եթերում, արդյոք մարդկային ռեսուրսը մսխելու դասական օրինակ չէ՞:

-Բազմիցս այս մասին զրուցել եմ տարբեր հեռուստաընկերությունների ղեկավարների ու աշխատակիցների հետ: Նրանք, պարզվում է, նույնպես հիացած չեն իրենց երգիծական ծրագրերով ու անիմաստ ֆիլմերով, բայց պնդում են, որ արձագանքում են հասարակության պահանջարկին:

-Դուք համաձա՞յն եք այդ մտքին:

-Համաձայն չեմ: Թեեւ տարիներ շարունակ ժողովրդին պարտադրվող ցածրորակ հաղորդումները որոշակիորեն իջեցրել են հեռուստադիտողի մակարդակը, այդուհանդերձ պահանջարկը ավելի բարձր է առաջարկից, մինչդեռ պիտի հակառակը լիներ: Հեռուստատեսությունը պիտի ժողովրդին տաներ իր հետեւից: Պետությունը գրչի մի հարվածով կարող է լուծել խնդիրը՝ հեռուստատեսությունը դարձնելով հասարակության մտածելակերպն ու վարքը ուղղորդող, գեղարվեստական ճաշակ ձեւավորող, ազնիվ մտքեր ու բարձր չափանիշներ հուշող հզոր միջոց:

-Ձեր ուշադրության կենտրոնում են եղել հատկապես փոքրիկները: Մարդկային ռեսուրսը չմսխելու համար պետք է մանկությունի՞ց սկսենք դրա պահպանությունն ու հզորացումը:

-Հայրս ասում է` վատին հակադրվելու միակ ձեւը ավելի լավը ստեղծելն է: Միշտ, ինչ գործ արել եմ, առաջնորդվել եմ այս մտայնությամբ: Իսկ փոքրիկներին կրթել նշանակում է կառուցել Հայաստանի ապագան: Փոքրիկներին տվածդ հետագայում հետ ես ստանում բազմապատկված տոկոսներով: Դա ազգի ամենաշահավետ ներդրումն է: Այսօրվա մանուկները վաղվա Հայաստանն են:

-Պարոն Մանարյան, Խորհրդային տարիներին արվեստը ամբողջովին գաղափարականացված էր: Այսօր մյուս ծայրահեղությունն է: Ազատության անվան տակ արվեստը կորցրել է ասելիքը, բովանդակությունը, չունի հղում, նպատակ… Ազգային մշակույթը ինքնապաշտպանական հզոր զենք է: Նաեւ նվաճողական: Թշնամուդ զրկիր իր մշակութային արմատներից, ու նա զենքը վայր կդնի քո առաջ, կհանձնվի առանց կրակելու: Տարիներ առաջ Ձեր զինվորական երգը առաջին մրցանակը շահեց Սոչիում կայացած բանակային երգի մրցույթում: Դուք երգեր եք գրում, պատմվածքներ, բանաստեղծություններ, արտահայտչամիջոցները տարբեր են, բայց գլխավոր հղումը, կարծում եմ, նույնն է:

-Անձնվիրություն` ամեն ինչում: Որտեղ կա անձնվիրություն, այդտեղ կա ազնվություն, սեր, տաղանդ, արդարություն: Սա է գլխավոր հղումը:

-Իսկ ի՞նչ եք սովորեցնում Երեւանի ջազային եւ էստրադային քոլեջում Ձեր ուսանողներին:

-Արվեստի մարդը կա՛մ բնատուր տաղանդ ունի, կա՛մ ոչ: Ոչ մի համալսարանական կրթություն չի կարող, ասենք, բանաստեղծել սովորեցնել մեկին, որը չունի աստվածատուր  շնորհ:

-Այդ դեպքում, ո՞րն է դասախոսի առաքելությունը արվեստի բուհում:

-Ես ավելի շատ փորձում եմ մասնակցել նրանց մարդկային կերպարի ձեւավորմանը: Բոլորը չեն կարող տաղանդավոր լինել, բայց բոլորը հնարավորություն ունեն մարդ լինելու: Եվ սա ամենակարեւորն է ինձ համար:

-Ո՞վ է Ձեր վերջին «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ մարդն առանց ճակատագրի» գրքի հերոսը:

-Հայը, որ հենման կետ է որոնում: Մարդը, ազգը, երկիրը պիտի գտնեն իրենց հենման կետը, որովհետեւ բոլոր կառույցները անհաստատ են ու փխրուն, առանց հենման կետի:

-Պարոն Մանարյան, միշտ մտածել եմ` որքան երանելի, նույնքան ծանր է ծնվել-մեծանալ մեծ արվեստագետի ընտանիքում, որովհետեւ վառ, ցայտուն, շեշտված կերպարները ակամա ճնշում են իրենց կողքին ձեւավորվող մարդու անհատականությունը: Նրանց կողքին հենման կետ չես որոնի…

-Ես չար երեխա էի, ու հակադրվելու մղումը կարող էր ամենաարտառոց դրսեւորումներն ունենալ իմ վարքում: Ինձ համար չկային կանոններ ու կաղապարներ: Կռվարար էի ու ագրեսիվ:

-Իսկ ինչպե՞ս էր արձագանքում Երվանդ Մանարյանը այդ ամենին: Ինչպե՞ս կարող էր ամենակիրթ ու ամենահարգված արվեստագետներից մեկի որդին այդքան անհնազանդ լինել:

-Հայրս միակն էր, որ ինձ երբեք դիտողություն չէր անում ու չէր փորձում հնազանդեցնել: Ընդհակառակը, նա ուզում էր, որ ես ազատ ինքնարտահայտվեմ, դուրս գամ «չի կարելի»-ների կաղապարից: Երբ պատանի էի, երկար մազեր ունեի ու անում էի խելքիս փչածը:

-Բայց ես գիտեմ, որ Դուք դպրոցական տարիներից պատմվածքներ եք գրել, սովորել եք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

-Հորս, հորեղբորս՝ ռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանի ու նրանց ընկերների հետ շփումները, բնականաբար, անուղղակիորեն հղկեցին իմ մտածելակերպը, հակումները, վարքը: Ես սիրում էի ժամերով լսել, թե ինչպես են նրանք քննարկում հերթական ներկայացումը կամ ֆիլմը: Երբ պարտադրանք չկա, քո նախասիրություններն ու քեզ շրջապատող աշխարհը հանդիպում են իրար: Մարդու դաստիարակությունը այնքան բարդ ու նուրբ ընթացք է, որ գերագույն տակտով, զգուշությամբ ու աննկատ պիտի խառնվել այդ գործին:

-Իրոք, Դուք բոլորովին նման չեք Երվանդ Մանարյանին: Հռչակավոր ծնողներին կրկնելու վտանգը շրջանցել է Ձեզ:

-Այդուամենայնիվ, ես ու հայրս էությամբ բավականին նման ենք իրար: Երվանդ Մանարյանի զուսպ, հավասարակշիռ, կոկիկ արտաքինի տակ թաքնված է բավականին ազատ, հախուռն, կտրուկ ու խիզախ անձնավորություն: Պատմում են, թե ինչպես է հայրս փողոցում ապտակով պատասխանել մեկի բարեւին: Երբ ներկաները փորձել են պարզել, թե ինչ կատարվեց, հայրս հայտարարել է. «Նա գողացել էր թատրոնի փողերը»: Այսինքն` բռունցքներով զգացմունքներն արտահայտելը միայն ինձ չէ հատուկ: Ես ու հայրս մեկ ընդհանրություն էլ ունենք, թերեւս, ամենակարեւորը, երկուսս էլ մեր գործի նվիրյալն ենք: Արվեստի «կամիկաձե». պիտի գործիդ նվիրվես անմնացորդ: Սա մեր հավատամքն է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Հոգևոր-մշակութային


07/03/2019