ԽԵՆԹ, ՊԱՐԶ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ…
…Պատերազմի մեջ հայ ժողովուրդը մտավ ամբողջովին, մտքով, ճակատագրով, ոմանք՝ նաեւ միս ու արյունով։ Եվ հայրենիքի զինվորների հորձանքը դեպի խռովված սահմաններ ու բոցավառվող Արցախ ինքնաբուխ էր, առանց պարտադրանքի։ Հայրենիքի օրհասին ոտքի ելած հովիվն ու դասախոսը, վարորդն ու ուսուցիչն անշուշտ ազնիվ մղումներ ունեին, բայց իրար չէին հասկանում։ Հատվածական ջոկատները խիզախության վառ օրինակներ էին ցույց տալիս Հայաստանի սահմաններին եւ Արցախում, բայց ամեն մեկը չռված մատ էր, բռունցք չէին դառնում։ Բազում կանչվածների մեջ պիտի ընտրվեր մեկը, ընտրվեր ճակատագրի կողմից՝ համախմբելու սահմաններով մեկ, հարյուրավոր կիլոմետրերի վրա մարտնչող աշխարհազորայիններին, պրոֆեսիոնալ զինվորականներին, Արցախի անտառներում ու հովիտներում հանգրվանած խմբերին։ Նա, որպեսզի մեղմեր ամեն ինչում դրսեւորվող անհատների ու խմբերի կուսակցական, երկրացիական եւ մարդկային ամբիցիաները, պիտի լիներ վճռական մենակ, վճռական կարծր, վճռական փխրուն, վճռական առաջնորդ, վճռական վճիռ։ Այդ ամենով հանդերձ՝ Վճռական Անհրաժեշտը։ Եվ մենք ականատեսը եղանք, թե ինչպես, սկսած 89-ից, պատերազմի սաստկացող դրվագներում, մեր հայրենիքի սահմանները լիզող հրդեհի մեջ, ռմբակոծություններից բզկտվող Արցախի չմեռնող հույսի վրա գրվում էր այդ անունը՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ։
Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել Սուրբ լեռան պատկերի առաջ, եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ՝ որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կենսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմն սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում էր խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի տեր մարդկանց։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իր ով լինելը։
Հետո պիտի գար պատերազմը, ճակատագիրը նրան պիտի ընտրեր առաջնորդ, նա դառնար իր իսկ հերոսներից մեկը՝ խենթ, պարզ ու վճռական, դառնար վառվող մի խարույկ Ազատամարտի արյունոտ գիշերից մինչեւ հաղթանակի ծանր լուսաբացը…
…Ծնվում էր հայոց բանակը՝ սահմանների եւ Արցախի հողում բույլ-բույլ սփռված ջոկատներից, եւ դա ծանր ու դրամատիկ ծնունդ էր։ Հետը ծնվում էր հաղթանակը՝ առավել ծանր ու դրամատիկ։ Հասարակությունը հսկա կաթսայի նման քլթքլթում էր նոր իրողությունների անսովորությունից։ Եղան ցավալի պարտություններ, տարաբնույթ ասեկոսեներից դժժում էր օդը, օրեցօր դաժանորեն տարածվում էր Եռաբլուր պանթեոնը, չորսբոլորն արցունք էր, բանադրանք, երկրով մեկ փռված էր պատերազմի հասցրած ցուրտն ու խավարը… Վազգենը կանգնում էր այս մռայլ հորձանքի դեմ որպես պատասխանող, վճռական, կրքոտ, հախուռն, սեփական արցունքը դեպի ներս, սեփական սարսափը դարձյալ դեպի ներս…
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում։ Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ։ Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է։ Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար։ Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում»։ Չէր ասում, անտրտունջ տանում էր իր ծանր լուծը՝ օր օրի մոտեցնելով մեզ բաղձալի հաղթանակին։
…Ի՞նչն էր գաղտնիքը, որ Վազգենը կարողանում էր իր կողքի մարդկանց ներշնչել վճռականություն, պեղել նրանց մեջ պահված կորովը։ Հազար բան կարելի է փիլիսոփայել, բայց ամենաճշմարիտը, թերեւս, նրա վճռական շիտակությունն էր, արցունքի չափ տաք ու դառն անկեղծությունը։ Պարզության ու շիտակության վիթխարի քանակը նրա միջից դուրս էր հորդում հզոր ծիծաղով կամ նույնքան հզոր զայրույթի պոռթկումով։ Երկու դեպքում էլ նա էր՝ Վազգեն Սարգսյանը։
Բանակը Վազգենի գործերի գործն էր, արյուն-քրտինքը, ամենաերեւելի ստեղծագործությունը, ավելի ստույգ՝ օրորոցի մեջ խլրտացող նրա երեխան էր… Ու ով սրտահաճ մարդ էր իրեն՝ տանում ցույց էր տալիս, հրճվանքով պատմում էր եւ ամբողջովին ապրում այդ մանկան ժամ առ ժամ մոտեցող զորեղ ապագայով…
Այժմ որտե՞ղ փնտրենք այդ մարդուն՝ գրողին, զինվորին, պաշտպանության նախարարին ու վարչապետին, որտե՞ղ տեսնենք նրան՝ մեր սրտի խոսքն ու բարեմաղթանքն ասենք։
Շրջվենք Արարատ լեռան հայացքի տակ ապրող Արարատ անունով գյուղը, Վազգենի ծնողներին ու հարազատներին ասենք՝ շնորհավոր։
Նայենք հայ գրականության խոհուն ճանապարհին, տեսնենք այնտեղ Վազգեն Սարգսյանին ու ասենք՝ շնորհավոր։
Թեքվենք դեպի մեր բանակի շարքերը, որ տարիների մեջ ամրացել են, կայունացել, դարձել մարտունակ եւ կանգնել այն հզոր գետնի վրա, որ երազում էր ինքը՝ Վազգեն Սարգսյանը։ Եվ ասենք՝ շնորհավոր։
Կանգնենք Եռաբլուր զորագնդի աննման մարտիկների հիշատակի առաջ եւ ասենք՝ շնորհավոր։
Հայաստանի ձգտումների ու նվիրական երազանքների, նրա ժիր, խլրտուն մանուկների կողմը թեքվենք ու ասենք՝ շնորհավոր ծնունդդ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ։
Վերատպվում է մասնակի կրճատումներով
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Հոգևոր-մշակութային