ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, որը Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և Պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքը, դրանց ամփոփման և գնահատման, ինչպես նաև հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցեր: Կարևորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ներդրում:
Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու և դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Խորագիր՝ Նորություններ