Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԱԼԻԵՎԸ



ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԱԼԻԵՎԸԷջմիածնում Ֆելիքս Ալիեւին բոլորն են ճանաչում: Եվ պատճառն  ամենեւին էլ նրա ադրբեջանական ազգանունը չէ: Նա Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցի հիմնադիրն է: Արդեն հիսուն տարի ծանրամարտի վաստակավոր մարզիչը սովորական հայ պատանիներից չեմպիոններ է կոփում` հասցնելով աշխարհի տարբեր պատվանդանների: Հազարից ավելի սաներ է ունեցել. նրանցից 35-ը սպորտի վարպետ են, 8-ը` միջազգային կարգի  վարպետ:

Վաստակավոր մարզչի ձայնում հպարտության ելեւէջներ եմ որսում, երբ պատմում է իր սաներից ամենատիտղոսավորի` ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ոսկե, արծաթե եւ բրոնզե  մեդալակիր Յուրի Սարգսյանի մասին. «1982 թվականին Յուրիկը պայքարում էր աշխարհի չեմպիոնի կոչման համար: Դեռ երկու մոտեցում ուներ, երբ  անսպասելի մի տոպրակ հողով մոտեցա նրան: Ասացի` «Շուտ հանիր բոթասներդ ու կանգնիր վրան, Հայաստանից եմ բերել, ձեր այգու հողն է»: Չեք պատկերացնի, թե ոնց այդ ծանրաձողը բարձրացրեց… համաշխարհային ռեկորդ սահմանեց, համ էլ՝ աշխարհի չեմպիոն դարձավ»:

Ֆելիքս Ալիեւի երկարատեւ մարզական փառավոր ուղու վկաները հնչեղ անուն-ազգանուններն են. ԽՍՀՄ չեմպիոն Լեւոն Բաղդասարյան, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Գեւորգ Պողոսյան, Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը նվաճած Վանիկ Ավետիսյան, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր Ռուբիկ Մամոյան… Ալիեւը, որ շուտով նշելու է ծննդյան 80-ամյակը, վստահ է` աշխարհին դեռ բազմաթիվ չեմպիոններ է պարգեւելու, քանի որ հոգով մարտիկ է ու  հաղթանակների դափնիների վրա երբեք չի նիրհում. «Անցած տարի իմ սաներից Կարեն Մարգարյանը դարձավ  պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն:  Առողջությունս պիտի պահպանեմ, որ օգնեմ նրան նվաճելու մեծահասակների օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հեռանկարային տղաներ շատ ունեմ: Երբ ծառ ես տնկում, գիտես, չէ՞, թե ինչ կորիզից է եւ ինչ պտուղ է տալու, նույնն էլ իմ գործում է»:

Գեղակերտի ծանրամարտի դպրոցը, որ սպասարկում է շրջակա 7 գյուղերի գրեթե 100 երեխաների, խորհրդային շրջանի շինություն է` ծխապատ պատերով, ճաքած ապակիներով, ջարդոտված հատակով,  մաշված գույքով:  Ձմռանը ցրտի պատճառով մարզումներն անցկացվում  են փոքր դահլիճում: Երեխաները գալիս են` ամեն մեկը թեւի տակ մի կտոր փայտ, բայց սիրով են մարզվում: Ալիեւը շրջանցում է դժվարությունների մասին հարցերը. «Մարդիկ տուն չունեն, ասեմ` եկեք իմ զա՞լը ռեմոնտ արեք: Սրանից վատ պայմաններում էլ եմ աշխատել,  կարեւորը ուժեղ կամքն ու համառությունն են»:

Հենց անկոտրում կամքի շնորհիվ էլ Ֆելիքս Ալիեւը հաղթահարեց ղարաբաղյան հակամարտության ընթացքում երկու ազգերի միջեւ ծագած խնդիրներն ու չլքեց Հայաստանը: Հաղթանդամ, կենսուրախ, ալեհեր, բայց մարզական կեցվածքով Ֆելիքս Ալիեւը վառարանի մեջ մի քանի կտոր փայտ է գցում ու խորասուզվում իր կյանքի մանրամասների մեջ:  Ծնվել է Էջմիածին քաղաքում 1939 թվականին: Մայրը հայուհի է` Եպրաքսյա Դանիելյան: Հայրը` ադրբեջանցի Ասկար Ալիեւը, 10-11 տարեկան էր, երբ կորցրեց ծնողներին. «Նրան ղարաբաղցի հարեւաններն են պահել, մեծացրել: Հերս եղել է գնդի որդի… Բաղրամյանի գնդում: Լավ կլառնետիստ էր` հայկական ռաբիս էր նվագում, ազգային էլ: Կնունք, ծնունդ, թաղում չկար, որ չմասնակցեր: Մեծ հարգանք էր վայելում:  1998-ին մահացավ, քար քաշեցի, գրեցի՝ Ուստա Ալի, մինչ օրս մատ կպած չկա: Կարող է՝ մի անշնորհք ազգանունը կարդար ու… բայց, չէ՛,-պատմում է մարզիչն ու անկեղծանում: -Մայրս հայ է, կինս հայ է, հարսս հայ է, փեսաներս հայ են, ես ազգությամբ ադրբեջանցի եմ: Հիմա մորս ազգանունը առնեմ, պիտի ասեն` ծակ ա տեսնում` մուկ ա դառնում, ջուր ա տեսնում` ձուկ ա դառնում: Ավելի լավ է՝ ես Ալիեւ մնամ, բայց, ամենակարեւորը` հոգիս  հայկական լինի»: 1990 թվականին մարզիչը Պոդոլսկում էր` մրցումների. «Ադրբեջանցի մարզիկները հարցնում էին` Հայաստանո՞ւմ ես ապրում, չի կարող պատահել, եթե ապրում ես` ուրեմն պասպորտիդ մեջ ազգանունդ փոխել ես: Տվեցի, տեսան, որ Ալիեւ եմ, ապշեցին»:

Սումգայիթի ու Բաքվի ջարդերը ցնցեցին ադրբեջանցի մարզչին: Ամաչում էր մարդկանց աչքերի մեջ նայել, կարծես ինքը մեղավոր լիներ  հայրենակիցների դաժանությունների համար. «Էդ անելու բա՞ն էր… երեխաներ, կանայք ու ծերեր»,-հոգոց է հանում Ալիեւը: Թարս հայացք ձգողներ լինում էին, բայց ամեն անգամ ընկեր Ալիեւի թիկունքին կանգնում էին  նրա սաները: «Մի քանի ժամ դրսում սպասում էին, որ պարապմունքներից  հետո  ինձ  տուն ուղեկցեն: Եթե ինձնից երես թեքեին, ես էստեղ չէի մնա»,-ասում է Ալիեւն ու մոտենում հուշատախտակին, որին իր երկու սաների լուսանկարներն են փակցված: Հովհաննես Աբրահամյանը զոհվել է 1994թ. Հադրութում, Գեւորգ Մանուկյանը` 1998թ. Մարտակերտում, երկուսն էլ` ծառայողական պարտականությունները կատարելիս, երկուսն էլ չեմպիոններ էին, առաջին կարգայիններ: Ալիեւը ապրիլյան քառօրյայի մասնակից աշակերտներ էլ  ունի եւ մի կուռ համոզմունք. «Դու չխփես, քեզ կխփեն»: Բանակում ծառայող նրա սաներն էլ  միշտ պատվոգրերով են տուն վերադառնում:

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԱԼԻԵՎԸԷջմիածինցի Ալիեւը խաղաղության հույսը կապում է միայն իր ազգանվանակցի  փոփոխության հետ: Համոզված է՝ «Ղեկավարը փոխվի, Ադրբեջանն ուրիշ երկիր կդառնա»: Սեփական փորձից գիտի` հայն ու ադրբեջանցին լեզու կարող են գտնել: Ինքն ու հայազգի կինը` Ջուլիետա Ենոքյանը, 52 տարի միասին են: Նրանց սիրուց ծնվել են երեք երեխաները` Հեղինեն, Աննան  ու Վլադեկ որդին:  Աղջիկներից մեկը մոր ազգանունն է կրում, մյուսը՝ ամուսնու, իսկ Ուկրաինայում բնակվող Վլադեկը` հոր: Նրա որդին` կրտսեր Ֆելիքսը, եւս  ծանրամարտով է զբաղվում եւ ներկայանում է Հայաստանի դրոշի ներքո:

Վաստակավոր մարզիչը բացի ծանրամարտից, այլ նախասիրություններ էլ ունի` Չարենց է կարդում, նաեւ ստեղծագործում է: Նրա բանաստեղծությունների տետրում այսպիսի տողեր կան. «Դարերի միջից քո ձայնն եմ լսում, ի՛մ Հայաստան, որտեղ լինեմ գովքդ եմ անում»: Ֆելիքս Ալիեւը ծանոթ չէ ադրբեջանական գրականությանը, որովհետեւ լեզուն չգիտի, երբեւէ այնտեղ չի էլ եղել. «Եթե համերաշխություն լիներ, գուցե գնայի, բայց իմ տունն էստեղ է: Հավը որտեղ կուտ է ուտում, էնտեղ էլ պիտի ձու ածի»,-բանաձեւում է Ալիեւը:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #10 (1281) 20.03.2019 - 26.03.2019, Բանակ և հասարակություն


13/03/2019