«ՕՐԼԱՆ» ԴԱՍԻ ՀԱԾԱՆԱՎԵՐԸ ԿՎԵՐԱԾՎԵՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՀՐԹԻՌԱԿԻՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է վերականգնել աշխարհում ամենահզոր 1144 դասի «Օրլան» ատոմային հածանավերը` դրանք վերածելով ունիվերսալ հրթիռակիր ռազմանավերի: Դրանք ունակ կլինեն ցանկացած խնդիր կատարել ծովում` ոչնչացնել ավիակիրներ, պաշտպանվել օդային հարվածներից, խոցել նաև ցամաքային թիրախներ:
Այս դասի երեք հածանավեր` «Ծովակալ Նախիմով», «Ծովակալ Լազարև» և «Կիրով», 20 տարի առաջ պահեստավորվել են նավակայաններում, և միայն «Պետրոս Մեծ» ռազմանավն է շարունակել նավարկությունը:
Արդիականացման ընթացքում հին «Օրլանները» կստանան նոր ռադարներ, ղեկավարման և կապի համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կնորոգվեն ատոմային կայանները: Բոլոր միջոցառումների արդյունքում նավերի ծառայության ժամկետը կերկարացվի մինչև 2030-2040թթ.:
Հածանավերում գլխավոր նորամուծությունը կլինի արդիական սպառազինությունը: «Գրանիտ» հրթիռները կփոխարինվեն նավային հրաձգության ունիվերսալ նորագույն համակարգերով, որոնք հնարավոր է լիցքավորել տարբեր տեսակի հրթիռներով` հականավային տորպեդներից մինչև մեծ հեռահարության թևավոր հրթիռներ: Ընդ որում զինամթերքի պաշարը 20-ից կհասնի 80 միավորի համակարգի կոմպակտ չափերի շնորհիվ:
Նույն համակարգերում կտեղադրվեն նաև «Օնիքս» և «Կալիբր» տեսակի հրթիռներ, որոնք կդառնան ավիակիրների խոցման հիմնական միջոցներ:
С-400 համալիրների հրթիռների արձակման ծովային կայանքների և մոտ տարածության մարտի ՀՕՊ կայանքներով կուժեղացվի նաև ռազմանավի հակաօդային պաշտպանությունը:
Ընդհանուր առմամբ, ռազմանավերը կկրեն տարբեր տեսակի ավելի քան 300 հրթիռ` դառնալով աշխարհում ամենահզոր հրթիռակիրները: Զինվորականների կարծիքով այս նավերի շուրջը հնարավոր է ստեղծել հզոր հարվածային խմբավորում, որը կկարողանա դիմակայել ավիակիր խմբավորման:
Այս տարի «Ծովակալ Նախիմով»-ի վրա արդեն սկսվել են արդիականացման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն 2015թ.: Դրանց հաջող իրականացումից է կախված ծրագրի հետագա ընթացքը:
Նման հզոր ռազմանավերի կիրառման աշխարհագրությունը դեռ հստակ չէ: Կովկասում կամ Միջին Ասիայում դրանց կիրառումն անհնարին է, իսկ ՆԱՏՕ-ի կամ Ճապոնիայի դեմ հավանական պատերազմում դրանք միևնույն է կոչնչացվեն, որովհետև պայմանական հակառակորդի ծովային ուժերի թվային գերակշռությունը առայժմ չափազանց մեծ է:
Սակայն խոշոր ռազմանավերի օգնությամբ Ռուսաստանը կարող է ամրապնդել իր ծովային ներկայությունը և արդեն պատրաստ նավերի կիրառմամբ ժամանակ շահել նոր ռազմանավերի կառուցման համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական