ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ
Իսրայելի բանակը ուժեղացրել է ռազմական ներկայությունը պաղեստինյան տարածքների սահմաններին, 5 գումարտակ մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել: Եւս 13 գումարտակ գտնվում է ռեզերվում:
Իսրայելի բանակը նախապատրաստվում է Պաղեստինի ինքնավարության հետ հնարավոր հակամարտության, քանի որ այսօր ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պահանջելու է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը:
Առայժմ զինվորականները որևէ տվյալ չունեն սահմանին ռազմական առճակատում հրահրելու ծրագրերի մասին, սակայն պատրաստվում են վատագույն սցենարին: Ընդ որում, նրանց կարծիքով անկարգություններ կարող են ակզմակերպել ինչպես պաղեստինցիները, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելցի բնակիչները:
Մահմուդ Աբասից հետո Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա կփորձի համոզել ՄԱԿ-ի անդամներին, որ պաղեստինյան պետության անկախության միակողմանի հռչակումը չի լուծի Իսրայելի և Պաղեստինի միջև երկարամյա հակամարտությունը:
Իսրայելի համար լավագույն տարբերակը կլինի, եթե Աբասը չպահանջի միանգամից ճանաչել Պաղեստինի անկախությունը, այլ պաշտոնական հայտ ներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որն այնուհետև կքննարկի Անվտանգության խորհուրդը և կներկայացնի Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան