Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԱՊԱՀԸ



ԴԻՐՔԱՊԱՀԸ-Իմ տղան արտասովոր էր ,- ասում է հայրը:

-Եղբայրս յուրահատուկ մարդ էր,- ասում է Նվերը:

-Նարեկը հազվագյուտ ընկեր էր,- ասում է զինակիցը:

-Նարեկի նմանը չկար,- ասում է Վալյա տատիկը:

 

Արտասովոր: Յուրահատուկ: Հազվագյուտ: Աննման: …Ընդամենը 6 օր: Եթե 6 օր ադրբեջանցի դիպուկահարի գնդակը հապաղեր: Եթե Նարեկը հասցներ ավարտել իր վերջին մարտական հերթապահությունը, մի քանի օր անց զորացրվեր ու տուն վերադառնար, ի՞նչ բառեր կծնվեին, ի՞նչ հուշեր կարթնանային անցյալի գզրոցներից: Իսկ գուցե նրա անցած ճանապարհը այլ հանգրվան չունե՞ր, բացի «Մարտական ծառայության մեդալը», բացի փառքն ու հերոսացումը: Գուցե այդ ճակատագրական 6 օրը օրինաչափությո՞ւն էր, ոչ թե պատահականություն: Եվ ո՞վ կմեկնի սովորականի ու արտասովորի, պատահականության ու օրինաչափության արանքում ապրող առեղծվածը:

 

ՄԵԶ ԴԱՐՁՐԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ

 

Տղաս դեռ մանկուց մեծավարի լուրջ էր: Հասուն էր: Մեծ եղբայրը՝ Նվերը, ինչ չարություն ասես չէր անում, Նարեկը՝ չէ: Տղամարդու պատվախնդրություն, խելք ու կամք ուներ: Նվերը բանակում հիվանդացավ ու զորակոչվելուց որոշ ժամանակ անց զորացրվեց: Մտածում էի՝ Նարեկը, եթե չխուսափի էլ, վախով կգնա բանակ: Բայց էնքան հանգիստ, ինքնավստահ, ուրախությամբ դիմավորեց զորակոչվելու լուրը: Հետո, երբ զանգում էր, երբ խոսում էր բանակից, քեզ կթվար՝ հանգստյան տուն է գնացել: Կկարծեիր՝ մենք ենք սահման պահում, իսկ ինքը տանը նստած է: Ես Երկրապահ կամավորականների միության անդամ եմ, ու ինձ էլ բոլորի հետ 2016թ. ապրիլի 2-ի առավոտյան կանչեցին կենտրոն: Այդտեղ էլ իմացա, որ ադրբեջանցիները լայնածավալ հարձակում են սկսել հենց այն ուղղությամբ, որտեղ որդիս սահման է պահում: Երեկոյան զանգեց: Մեզ մոտ կռիվ չկա՝ ասաց ու անջատեց հեռախոսը: Հաջորդ օրն առավոտյան մենք համազգեստ ու զենք ստացանք եւ մեկնեցինք ճակատ: Հայր ու տղա պաշտպանում էինք հայրենիքը՝ տարբեր ճակատներում: Երբ իմացավ՝ սահմանին եմ, տղայիս մի քիչ կոշտ, տղամարդկային ձայնն սկսեց թրթռալ: Ինչ ապրում ասես չկար նրա ձայնի մեջ՝ հպարտություն, անհանգստություն, ուրախություն, ցավ… Հետո իմացանք, որ ավագ որդիս գնացել է զինկոմիսարիատ, խնդրել, որ իրեն էլ ուղարկեն ռազմաճակատ: Ես մինչեւ մայիսի վերջը դիրքերում էի, իսկ Նարեկը 75 օր դիրքերից չիջավ: Երկրի նախագահն անձամբ ապրիլյան պատերազմում ցուցաբերած խիզախության համար որդուս պարգեւատրեց ժամացույցով:

…Երբ պատերազմից հետո արձակուրդ եկավ, շատ էր փոխվել: Աչքերի մեջ հոգս ու ցավ կար: Ավելի լռակյաց էր դարձել: Երբ հարցնում էին կռվի մասին, տխուր ժպտում էր ու ասում.

-Դե, կռիվ էր, էլի, ի՞նչ պատմեմ:

Այդպես էլ ոչինչ չպատմեց, չիմացանք՝ ինչի՞ միջով էր անցել, քանի՞ ընկեր էր կորցրել, ի՞նչ ցավ էր մխում հոգու մեջ:

…Վեց օր էր մնացել, որ դիրքերից իջնի: Վերջին մարտական հերթապահությունն էր: Տատը զանգեց, թե՝ բալա՛, վեց օր է մնացել, մի տեղ թաքնվի, գնդակ չդիպչի: «Թաքնվե՞մ,- զարմացել էր, հետո ասել էր,- լավ, տա՛տ ջան, թաքստոց կփորեմ, կմտնեմ մեջը»: Ու ծիծաղել էր բարձրաձայն:

Հենց այդ օրը, մի քանի ժամ հետո ադրբեջանցի դիպուկահարը խոցել էր իր հողի վրա իր տունը պաշտպանող զինվորին:

…Բայց իմ որդու տեղը դատարկ չի մնացել: Որդուս կյանքը խլելով՝ հակառակորդը մեկի փոխարեն երկու զինվոր է հանել իր դեմ՝ ինձ ու ավագ որդուս: Գուցե դաժան բան եմ ասում, բայց ամեն զինվորի մահով մեր երկրի դարպասներն ավելի են ամրանում, որովհետեւ հողը, որի վրա թանկ արյուն է թափվում, հազարապատիկ թանկ ու հարազատ է դառնում նրա հարազատների ու ամբողջ ժողովրդի համար: Ադրբեջանցիներն ստիպեցին, որ մենք Հայաստանի սահմանները սրբագործենք մեր ամենաթանկ արյամբ, նրանք մեր հայրենասիրությունը վրեժով սնեցին ու հենց դրանով էլ մեզ դարձրին անպարտելի:

 

ՍԻՐՏԸ՝ ԴԻՐՔԵՐՈՒՄ

 

Նարեկին բոլորն էին սիրում, բոլորը՝ անխտիր: Նրա ընկերներին թիվ ու համրանք չկար: Երբ զորամասից արձակուրդ էր գալիս, մեր տան դուռը չէր փակվում: Նարեկը շատ լավ ընկեր էր դպրոցում, բակում, բայց մարտական ընկերներին մի ուրիշ սիրով էր սիրում: Երբ արձակուրդ էր եկել, առանց չափազանցության, ժամը մեկ զանգում էր զորամաս, հարցնում էր՝ ի՞նչ կա դիրքերում, տղերքը ո՞նց են: Ինքը տանն էր, սիրտը՝ դիրքերում, զինակից ընկերների մոտ: Արձակուրդի վերջին օրը տեսնենք՝ 39 աստիճան տաքություն ունի: Մեկ ուրիշը հոգու խորքում կուրախանար, որ մի քանի օր ավելի է մնալու տանը: Նարեկը՝ չէ որ չէ, պիտի զորամաս գնամ: Զոռով-համոզելով՝ մի կերպ հասցրինք Կենտրոնական հոսպիտալ: Ես ու պապան մտանք անցագրային բաժին, որ հոսպիտալի տարածք մտնելու թույլտվություն ստանանք ու երբ հետ եկանք, տեսանք՝ Նարեկը մեքենայի մեջ չէր: Զանգեցինք: Պարզվեց՝ մեքենայի գրպանիկից փաստաթղթերը վերցրել է, տաքսիով գնացել տուն: Էդպես բարձր ջերմությամբ գնաց զորամաս: Ասաց՝ եթե ես չգնամ, ընկերներս մի քանի ժամ ավելի կկանգնեն պոստում: Պիտի գնամ:

Նույն խոսքերն ասել էր մեր մորաքրոջ ամուսնուն, որը գնացել էր զորամաս՝ Նարեկին տեսնելու: Զորամասի հրամանատարը Նարեկին դիրքերից իջնելու հրաման էր տվել ու երկօրյա խրախուսական արձակուրդ՝ որպես լավ դիրքապահի ու քառօրյայի մասնակցի, բայց Նարեկը հրաժարվել էր, ասել էր. «Եթե ես իջնեմ դիրքերից, ընկերս մի քանի ժամ ավելի կկանգնի պոստի»:

Եղբորս զորամասի դիմաց բլուր կա: Բարձունքին՝ հայրենիքը պաշտպանելիս զոհված տղերքի անուններով խաչքարեր՝ կողք կողքի: Աշխարհի ո՞ր երկրում կտեսնեք, որ զորամասը ուխտատեղի դառնա ժողովրդի համար: Ամեն տարի հուլիսի 15-ին՝ եղբորս զորամաս մտնելու օրը, նրա հարազատները, ընկերները, նրան սիրող մարդիկ ուխտի են գնում այն զորամասը, որտեղ ծառայել է Նարեկը: Հերոսներն իրենց փառքով ամբողջ երկիրն են փառավորում:

 

ՏԵՐ ՈՒ ՊԱՇՏՊԱՆ

 

…Պիտի տեսնեիք, թե փոքրամարմին Նարեկը ինչպիսի թեթեւությամբ էր ՊԿ-ն գցում ուսին եւ ինչ խիզախությամբ էր կրակում: Դիրքում Նարեկը տանն էր, դիրքը նրա տարածքն էր:

Նարեկը դիրքի ավագը չէր, ոչ ոք նրան մեզ հսկելու, օգնելու լրացուցիչ հանձնարարություն չէր տվել, բայց նա ինքնակամ իր վրա էր վերցրել այդ պարտավորությունը: Քուն ու դադար չուներ, մեկ էլ կտեսնեիր՝ հայտնվեց.

«Էս քնո՞ւմ եք»:

«Չէ՛,- ասում էինք,- հոգնած ենք, բայց չենք քնում»:

«Ոնց որ՝ քնում եք,- ասում էր, հետո սկսում էր ինքն իր կրծքին թմփթմփացնելով՝ դհոլ խփել»:

Կատակով ասում էինք. «Դու դպրոցական տարիներին հաստատ էս օրվա համար ես դհոլ պարապել, որ չթողնես մի րոպե հանգստանանք»:

Նարեկի զոհվելու լուրը ցնցեց բոլորիս: Նա ոչինչ կիսատ չէր թողնում, ծառայությունն էլ կիսատ չթողեց: Նա միշտ ամենավտանգավոր պարտականություններն իր վրա էր վերցնում: Միշտ առջեւից էր քայլում: Նարեկը Պաշտպան տեսակ էր՝ ընկերոջ, հայրենիքի, մերձավորի, անծանոթի: Նա Տեր տեսակ էր: Միշտ, բոլոր հարաբերություններում Նարեկը տեր էր, տեր էր ընկերոջը, տեր էր իր խոսքին… դիրքի տերն էր, հողի տերն էր, երկրի տերն էր:

Նարեկն իսկական դիրքապահ էր: Բառերին մարդիկ են շունչ ու իմաստ տալիս: Ու դիրքապահ բառը այսօր մի ամբողջ հերոսապատում է Նարեկի նման զինվորների շնորհիվ: Դիրքապահը հպարտություն է, փառք է, պատիվ է, պատասխանատվություն է: Նարեկը իր կերպարով նորովի իմաստավորեց դիրքապահ բառը, նվիրեց մեզ՝ ներկա ու ապագա զինվորներին, ու գնաց:

 

ԼՈՒՅՍ, ՈՐ ՍԱՐԵՐՈՒՄ ՄՆԱՑ

 

Ես Նարեկենց հարեւանուհին եմ: Արդեն ծեր եմ, մենակ եմ ապրում, օգնող չունեմ: Նարեկն իմ օգնականն էր: Եթե հեռվից տեսներ, որ տոպրակը ձեռքիս տուն եմ գալիս, գործը թողած՝ վազում էր, տոպրակներս հասցնում էր տուն, հետո հարցնում էր՝ ուրիշ ի՞նչ կա անելու: Երբեմն եղբորը հետ էր գալիս մեր տուն: Էդ փոքր մարմնում որտեղի՞ց էդքան մեծ հոգի, էդքան բարություն: Երբ մայրը զանգում էր, ասում էր՝ Վալյա տատիի տանը գործ եմ անում: Ասես՝ իմ տան գործերը անելը, իմ հոգսը հոգալը հենց իր պարտականությունն էր: Ձմեռվա փայտն էր կոտրատում, ինչ-որ բան էր նորոգում: Հարազատ թոռան պես սիրում էի Նարեկին: Երբ ներս էր մտնում, տունս լցվում էր ջերմությամբ, ծիծաղով: Բառերով չես պատմի սրտիս ցավը: Նարեկն իմ տան վերջին լույսն էր, որ մնաց սահմանին…

 

Արտասովոր, յուրահատուկ, հազվագյուտ, աննման: Նարեկ Գասպարյանը զոհվելու գնով չի վաստակել այս բառերը: Դրանք նրա ապրածի՛ գնահատականն են, նրա 20 տարվա կենսագրության: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ անմահության ձգվող ճանապարհը խաչվի ադրբեջանցի դիպուկահարի գնդակին: Եթե տասնյակ մարտական հերթապահություններից վերջինն էլ բարեհաջող ավարտվեր, միեւնույն է, Նարեկ Գասպարյանի կյանքի հետագիծը լինելու էր փառավոր ու լուսաշող, սխրալի ու գեղեցիկ, ինչպես նրա կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Ինչպես նրա ըմբոստ ու նուրբ, կրակոտ ու տաք, լուսավոր ու անպարտ հոգին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1281) 20.03.2019 - 26.03.2019, Ճակատագրեր


21/03/2019