ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Մարտի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների` օլիմպիադայի նախնական փուլերում հաղթող ճանաչված կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:
Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների և ԱՊՀ քարտուղարության ներկայացուցիչները մրցույթի մասնակիցներին մաղթեցին հաջողություն՝ ընդգծելով ոչ միայն մրցակցության, այլև տարբեր պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջև փորձի փոխանակման և համագործակցության հաստատման կարևորությունը։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա կընտրվեն լավագույնները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին։