Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ



ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆՁեր կարդացածից շատ բաներ կարող են անգամ ծիծաղելի թվալ, բայց արժե՞ արդյոք դրանց վրա ծիծաղել: Չէ՞ որ ապագայի առաջ մենք անզոր ենք և կարող ենք լոկ ենթադրել: Իսկ երբեմն ամեն մի նոր բան այնքան անհավատալի է թվում, որ հրաժարվում ես հավատալ: Տեսություններում սխալներն անխուսափելի են, սակայն զգուշացեք ասել «երբեք». կյանքն էլ իր հումորի զգացումն ունի

Երբ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին հաղորդեցին, որ մի քանի երկնաքարեր են ընկել, նա պատասխանեց. «Ես ավելի շուտ կհավատամ, որ այդ պրոֆեսորները ստում են, քան թե երկնքից կարող են քարեր թափվել»: 1916թ. բրիտանացի ֆելդմարշալ Դուգլաս Հեյգը դաժան քննադատության ենթարկեց տանկերը. «Հեծելազորը երկաթյա սայլերով փոխարինելու առաջարկությունը անհեթեթություն է, և դրանից պետական դավաճանության հոտ է փչում»: Տեխնիկային չէր վստահում նաև Նապոլեոնը. Ֆուլտոնի շոգենավի մասին նորությունը նա այսպես մեկնաբանեց. «Դուք պատրաստվում եք նավի տախտակամածի տակ խարույկ վառել և դրանով ստիպել նրան լողալու հոսանքին և քամուն հակառա՞կ: Ներեցեք, բայց նման հիմարության համար ես ժամանակ չունեմ…»:

 

Ռադիո

 

1897թ. նույն լորդ Կելվինն ասում էր, որ ռադիոն  հեռանկար չունի. «Անլար երաժշտական արկղիկը ոչ մի առևտրական արժեք չունի: Ո՞վ կցանկանա վճարել այն տեղեկության համար, որը միանգամից ուղարկվում է բոլորին և կոնկրետ ոչ մեկին»:

«Լի դը Ֆորեստը հայտարարել է, որ շատ շուտով հնարավոր կլինի մարդկային ձայնը հասցնել Ատլանտյան օվկիանոսից այն կողմ: Լսելով այս անհեթեթ և կանխավ սուտ հավաստիացումները՝ մարդիկ  գնել են նրա ընկերության բաժնետոմսերը…»՝ ԱՄՆ նահանգային դատախազ, որ մեղադրանք էր առաջադրել ռադիոն հայտնագործած և դրանով առաջին գովազդն արած Լի դը Ֆորեստին:

 

Ավիացիա

 

1895թ. մեծագույն ֆիզիկոսներից մեկը՝ Լոնդոնի Բնական գիտությունների զարգացման թագավորական ընկերության նախագահ Ուիլյամ Թոմսոնը (լորդ Կելվին)  նշում էր. «Օդից ծանր թռչող սարքեր չեն կարող լինել»: Այդ ժամանակ նման հայտարարությունը լիովին տրամաբանական էր: Իսկապես, նույնիսկ բումերանգները  վերջիվերջո ցած են ընկնում:

«Օդից ծանր մեքենայով թռիչքն անօգտավետ է, անպիտան և պարզապես անհնարին է»՝ 19-րդ դարավերջի առաջատար աստղագետ Սայմոն Նյուկոմբ: Իսկ ընդամենը 18 ամիս անց Ռայթ եղբայրները կատարեցին պատմության մեջ առաջին ղեկավարվող թռիչքը:

Որոշ ժամանակ անց… «Երբեք հնարավոր չի լինի սրանից մեծ ինքնաթիռ կառուցել»՝ 10-12 մարդու համար նախատեսված «Բոինգ 247»-ի ինժեներ (արտադրված է 75հատ, 1933-1934թթ.):

 

Տրանսպորտ

 

20-րդ դարասկզբին ֆրանսիական Ակադեմիան նախազգուշացնում էր աղետի մասին՝  կապված  Փարիզում լծկան տրանսպորտի զարգացման հետ: Վախեցնող կանխատեսումներ էին արվում նաև Լոնդոնում. ձիերի թվաքանակը այնպիսի արագ թափով է աճում, որ շուտով մայրաքաղաքի բնակիչները կսկսեն քայլել մինչև ծնկները թրիքի մեջ: Ավտոմոբիլների, տրամվայների ներուժը պարզապես չէր էլ քննարկվում:

Սակայն ավտոմոբիլային արտադրությունը հիմնած Հենրի Ֆորդը շատ արագ ավտոմեքենան ճոխության առարկայից դարձրեց փոխադրամիջոց: Իսկ1909թ., երբ Ֆորդի իրավախորհրդատուն ցանկանում էր դառնալ իր նշանավոր հաճախորդի ավտոմոբիլային ընկերության փայատեր, Միչիգանի խնայբանկի նախագահը նրան հետ էր պահում այդ մտքից. «Հիմարություն չանես, ձիերը միշտ կլինեն, իսկ ավտոմեքենաները ժամանակի քմահաճություն են»:

Իր հայտնության արշալույսին երկաթուղին ևս հարգի չէր: 1864թ. կայսր Վիլհելմ 1-ինը իր կարծիքով շատ հաջող փաստարկ էր բերում շոգեքարշի դեմ. «Ոչ ոք չի վճարի Բեռլինից Պոտսդամ մեկ ժամում հասնելու համար, որովհետև նա նույնը կարող է անել ձիով մեկ օրում, ընդ որում` լրիվ անվճար»:  Լոնդոնի Համալսարանական քոլեջի բնագիտության դոկտոր Դիոնիս Լարդենն էլ պնդում էր. «Երկաթուղային արագընթաց ուղևորություններն անհնար են, քանի որ ուղևորները չեն կարող շնչել նոսրացած օդն ու խեղդամահ կլինեն»:

«Երկաթուղային վագոնները վիթխարի արագությամբ են ընթանում՝ 24կմ/ժ, և բացի այն, որ վտանգում են ուղևորների կյանքը,  դղրդյունով էլ անցնում են գյուղական վայրերով՝ ահաբեկելով անասուններին, կանանց ու երեխաներին:

Աստված երբեք թույլ չի տա, որ մարդիկ երթևեկեն նման խելագար արագությամբ»,- Մարտին Վան Բյուրեն, ԱՄՆ 8-րդ նախագահ (1837-1841):

 

Ատոմի ուժը

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ

Ատոմային էներգիան հայտնի մարդկանց նույնպես վստահություն չէր ներշնչում: Էռնեստ Ռեզերֆորդը, առաջին անգամ իրականացնելով ատոմի միջուկի ճեղքումը, ասել է. «Նման եղանակով էներգիայի ստացումն անհեռանկար գործ է: Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա դա անել, անիրականանալի երևակայությամբ է տառապում»:

1939թ. Չերչիլն իր հերթին գնահատական էր տվել ատոմային ռեակցիայի ռազմական ներուժին. «Այդ էներգիան իր արդյունավետությամբ կարող է համեմատվել սովորական պայթուցիկի հետ, այն դժվար թե ավելի լուրջ ավերածություն գործի»:

 

Տիեզերք

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ

«Մարդկանց տեղավորել բազմաստիճան հրթիռի մեջ, տեղափոխել Լուսնի գրավիտացիոն դաշտ, ուր ուղևորները կարող են գիտական ուսումնասիրություններ կատարել, իջնել Լուսնի վրա, ապա վերադառնալ Երկիր՝ այս ամենը վայրի երազ է, Ժյուլ Վեռնին արժանի: Ես հաստատ կարող եմ ասել, որ նման բան երբեք չի լինի, անկախ ապագա ինչ-ինչ նվաճումներից»,- այն նույն Լի դը Ֆորեստը՝ ռադիոյի գյուտարարը, եռաէլեկտրոդ վակուումային լամպի հայտնագործողը, 1926թ.:

«Հրթիռը երբեք չի կարող անցնել Երկրի մթնոլորտը»,- «Նյու Յորք Թայմս»,1936թ.:

Ի՞նչ է, մեզ մեր երկիրը քի՞չ է: Տիեզերք թռչելը, անօդ տարածության մեջ խցկվելը պարզապես հիմարություն է: Ինչ է թե` մեկը գլուխն է մտցրել: Խելացի մարդիկ, մեկ է, ավելի շատ են… (անգլիացի ավիակոնստուկտոր Ֆրենկ Ուիթթլ,1930թ.)

 

Թարգմանեց ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Հոգևոր-մշակութային


28/03/2019