ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՆՑ
2015 թ. մարտի 19-ին հայկական լրատվամիջոցները հայտարարեցին. «Մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել է Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին դիմելու փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել են խումբը իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ (Էդգար Մարտիրոսյան, Սարգիս Գաբրիելյան, Գոռ Դարմանյան և Սամվել Հակոբյան) վիրավորվել են»: Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց և նույնպես դարձավ հավերժի ճամփորդ: Ծանր վիրավորված Գոռ Դարմանյանն ապաքինվելուց հետո մի քանի անգամ այցելել է Քաշաթաղ, մասնակցել ծառատունկի, հանդիպել Հակոբի ծնողներին:
Տղաներն ընկան՝ դիմակայելով իրենցից մի քանի անգամ ավելի հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների որոնց մեծ մասը Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած վարձկաններ էին: Դիմակայեցին և ոչնչացրին մոտ 20 ասկյարի:
Հակոբ Խաչատրյանը հայոց բանակ էր զորակոչվել Քաշաթաղի շրջանից 2014 թ. ամռանը: 2000թ. Հակոբենց ընտանիքը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի սահմանամերձ Աղաձոր գյուղում: Այստեղ հասակ առավ Հակոբը, սովորեց ու բարձր առաջադիմությամբ ավարտեց գյուղի միջնակարգը և ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Հերոսի անունով են կոչվում հարազատ դպրոցը և Աղաձորի հարևան Իշխանաձոր գյուղի դպրոցին կից բացված ինտերնետ-ակումբը: Ցուցաբերած հերոսության համար Հակոբը 2015 թ. մարտի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի, իսկ ՀՀ Անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալների:
Աղաձորի դպրոցում հանդիպեցի հերոսի հորը՝ Գագիկ Խաչատրյանին.
-Թող դպրոցներն անվանակոչվեն ի պատիվ մշակույթի, գիտության, գրականության բնագավառի գործիչների: Թող խաղաղություն տիրի աշխարհում, մեր որդիները ծառայեն խաղաղ պայմաններում, հերոսներ տանք մարզադաշտում, գիտության մեջ,-հուզված ասաց հերոսի հայրը՝ հավելելով,- ամեն անգամ, երբ գնում եմ Երևան, այցելում եմ Եռաբլուր, ծաղիկներ դնում 2014թ. հուլիսի 31-ին հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի շիրիմին: Հակոբս զորակոչվել էր նույն զորամաս, և հրամանատարությունը նրան էր հանձնել Ազատի անձնական իրերը:
Հակոբի քույրը՝ Նաիրա Խաչատրյանը, այժմ եղբոր անունը կրող դպրոցի տնօրենն է, նաև անգլերեն է դասավանդում: Եղբոր անունով է կոչել որդուն: Քաջի մասին կարոտով են խոսում նաև համագյուղացիները, հարևան բնակավայրերի բնակիչները: Հերոսի շիրիմը Խուստուփ լեռան դիմաց է: Հայրը որոշել է այստեղ մատուռ կառուցել: Արցախյան ազատամարտի հերոսների արյան գնով ազատագրված հող հայրենին ավելի է սրբացել քաջի աճյունն ընդունելով:
-Այս տարածքները մեր հայրենիքի մի մասն են, և որդիս թեկուզ զոհվել է, սակայն նորից սահմանապահ է Աղաձոր գյուղում,- ասաց Հակոբի հայրը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր