Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՄ ԲԱՆԱՁԵՎԸ



ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՄ ԲԱՆԱՁԵՎԸԶորամասի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ժորա Հովհաննիսյանն այս տարի բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Մեկ այլ մեդալ էլ փոխգնդապետն ստացել էր Արցախի Հանրապետության նախագահից՝ մարտական անթերի ծառայության համար: Բազմավաստակ սպայի  ծառայողական ուղուն ծանոթանալու նպատակով եղանք նրա ծառայավայրում:

 

Մեր այցելության պահին Ժորա Հովհաննիսյանը անցկացնում էր «Կրակի կառավարում» դասընթացը: Դիվիզիոնի զինանձնակազմը զորամասի ուսումնական ավանում զբաղված էր գործնական վարժանքներով: Փոխգնդապետ Հովհաննիսյանը ուղղորդում էր ժամկետայիններին, գնահատականներ տալիս արված աշխատանքին, նշում  բացթողումները:

Ժորա Հովհաննիսյանի ղեկավարած ստորաբաժանումը մշտապես աչքի է ընկել բարձր պատրաստվածությամբ, գրանցած հաջողություններով: Զորավարժություններում միշտ բարձր արդյունքներ է ցուցադրել. կրակային խոցումները գերազանց են գնահատվել: Նրա ղեկավարած դիվիզիոնը երկու տարի անընդմեջ ճանաչվել է կենտրոնական ենթակայության լավագույն դիվիզիոնը:

«Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում առաջադրված խնդիրներին, նաև այս պարգևատրմանը,- ասում է փոխգնդապետը:- Հաջողության հասնելու ճանապարհին, հատկապես հրամանատարական կազմի համար, կարևոր է իրավիճակը ճիշտ գնահատելը: Ամենասովորական պարապմունքի ընթացքում էլ հնարավոր են որոշակի խոչընդոտներ: Մեծ ու փոքր դժվարություն գոյություն չունի:  Վերադասի կողմից առաջադրված ցանկացած խնդիր, լինի մարտական, թե ամենահասարակ` տարածքի մաքրում, փորձում եմ կատարել սեղմ ժամկետում և որակով: Ամեն ինչում գերազանցության ձգտելն իմ սկզբունքն է, որն էլ ուզում եմ փոխանցել իմ ենթականերին: Դե, իսկ ժամկետայինների հետ աշխատելիս ամենակարևորը խնդրի էությունը նրանցից յուրաքանչյուրին բացատրելն է այնպես, որ ըմբռնելի լինի: Սա վերաբերում է ինչպես ուսումնական, այնպես էլ դաստիարակչական հարցերին»:

Ժորա Հովհաննիսյանը բարձր առաջադիմությամբ է ավարտել Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը: Ծառայողական ուղին սկսել է մարտական հերթապահություն չիրականացնող զորամասից: Երկու ամիս ծառայելուց հետո հասկացել է, որ սահմանում ծառայելն իրեն ավելի հոգեհարազատ է: Իր իսկ դիմումի համաձայն՝ ծառայության է անցել սահմանամերձ զորամասերից մեկում: Այնուհետև նշանակվել է զորամասի շտաբի պետի տեղակալ: 2016թ. նշանակվել է դիվիզիոնի հրամանատարի պաշտոնում, որում մինչև օրս ծառայում է:

«Ամենահիշվողը հենց «Եղնիկներում» ծառայությունս է եղել: Մի տեսակ բոլորովին ուրիշ մթնոլորտ էր այնտեղ: Հիմա էլ եմ կարոտով հիշում, կարծես ծննդավայրս լինի, իմ տունը: Հակառակորդի հետ անմիջական շփման գծում լինելու զգացողությունն է նաև, որ ջերմացնում է հարաբերությունները զինծառայողների հետ, մտերմացնում: Առաջնագիծը մի տեղ է, որտեղ յուրաքանչյուրը խորապես գիտակցում է իր դերն ու պարտականությունները:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՄ ԲԱՆԱՁԵՎԸ2015թ. շատ դիվերսիաներ էին լինում, իսկ երբեմն էլ ականանետային կրակ էր բացվում մեր մարտական հենակետերի ուղղությամբ,-հիշում է Ժորան:- Մի անգամ ժամկետայինների համար գետնատնակներ էինք կառուցում: Ավարտելուց հետո սպաներով նստած էինք ծառի տակ, երբ լսվեց մեր ուղղությամբ թռչող ականի վզզոցը: «Որտե՞ղ կընկնի»,- ակնթարթորեն անցավ բոլորիս մտքով, մեր անհանգստությունն առաջին հերթին ժամկետայիններն էին: Մեզանից մոտ հարյուր մետրի վրա պայթեց: Ոչ ոք չտուժեց: Դեպքեր են եղել, երբ առաջնագծում որոշ խնդիրներ կատարել ենք բացառապես սպայակազմի ուժերով: Եթե մարդուն հատուկ է սպայի մտածելակերպը, բոլոր հանգամանքներում էլ այդպես կմտածի ու կվարվի: Մարտական գործողությունները, սակայն,  ցույց տվեցին, որ սպաներին հավասար ժամկետայիններն էլ իրենց խիզախությունն ու նվիրվածությունը դրսևորեցին…

Ապրիլյան քառօրյա պատերազմին մեր ստորաբաժանումը փոխօգնության համաձայնագրի շրջանակում հենց «Եղնիկների» պաշտպանության գոտում բացազատվեց: Հինգ մատիս պես գիտեի տարիներ առաջ մեր փորած դիրքերը, տարածքը, սարերը, անտառը… ոչ մի բարդություն չզգացի: Զինվորներին իրադրության մեջ ճիշտ ընդգրկելը, ամրաշինական աշխատանքներ կատարելը, ամեն ինչ հարթ ու անարգել ընթացավ: Իրավիճակն առաջնագծում անկանխատեսելի էր, ամեն վայրկյան սպասում էինք զարգացումներին: Անընդհատ կապի մեջ էինք թեժ գծերում կռվող մեր ընկերների հետ: Մտքեր էինք փոխանակում, մեր փորձով օգնում էինք մեկմեկու: Մարտական գործողությունների ալիքը տվյալ տեղանքին չհասավ, բայց սա շատ կարևոր փորձառություն էր ինձ համար: Խաղաղ ժամանակ դիվիզիոն ղեկավարելն ինձ այս փորձառությունը չէր կարող տալ: Դիվիզիոնի մարտական հնարավորություններին, կարողություններին, մեխանիզմներին՝ իրենց ամենափոքր «պտուտակներով», հենց մարտական իրավիճակի փորձառության շնորհիվ ծանոթացա:

Զինվորականի կրթությունն ու փորձառությունը երբեք ու ոչ մի պահի չպետք է կանգ առնի. միշտ ինքնազարգացման, գիտելիքների կատարելագործման ճանապարհով պետք է ընթանաս,- համոզված է փոխգնդապետը: Նա շարունակում է նորանոր նշաձողեր հաստատել ինքն իր համար:

Ժորա Հովհաննիսյանը դեռ 2015թ. որպես դիվիզիոնի հրամանատար նշանակման առաջարկություն էր ստացել, սակայն հրաժարվել էր. ժամանակն էր անձնական կյանքը կարգավորելու: «Ընտանիքը շատ կարևոր է սպայի կյանքում. թե՛ ապրելակերպդ է փոխվում,  թե՛ մտածելակերպդ, թե՛ մոտեցումներդ կյանքի այլևայլ հարցերի նկատմամբ: Հայ տղամարդու արյան մեջ է տաքարյունությունը, իսկ երբ արդեն երեխա ունես, բնավորությունդ կարծես հանդարտվում է, ավելի հավասարակշռված ես դառնում:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՄ ԲԱՆԱՁԵՎԸ2017թ. էր: Երբ իմացա, որ զորավարժության պետք է մեկնենք, մի քանի օր առաջ գցեցի արդեն ծրագրված ամուսնությունս»,- ժպտալով պատմում է Ժորան:

Այժմ արդեն փոխգնդապետ Հովհաննիսյանի կյանքի մեծ ուրախություններից մեկը տարի ու երեք ամսական դուստրն է: «Ամեն անգամ տուն գնալիս զարմանում եմ. մի նոր բան է հնարած լինում, մի նոր բառով է ինձ դիմավորում…

Ընտանիքի, կնոջ դերը մեր` զինվորականներիս կյանքում անգնահատելի է: Մեր օրն սկսվում է, երբ բոլորը քնած են, վերջանում է, երբ էլի բոլորը քնած են: Հաճախ գիտակցում եմ, որ կնոջս ու երեխայիս հետ եղած կարճ ժամանակի ընթացքում չեմ հասցնում ամբողջությամբ փոխհատուցել բացակայությունս: Բայց զինվորականի ընտանիքը հենց դրանով է յուրահատուկ, որ հասկանում են, մտնում են իրենց զինվորական ամուսնու, հոր դրության մեջ:

…Ընտանիքը զինվորականի կյանքի ամենակարևոր նեցուկն է: Ու այսպիսի ամուր թիկունք ունեցողը ցանկացած պահի պատրաստ է իր մարտական խնդիրը կատարելու»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և Ժորա Հովհաննիսյանի անձնական արխիվից

Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Ուշադրության կենտրոնում


28/03/2019