ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մարտի 29-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:
Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը և ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը։ Բարձրաստիճան հյուրերը ողջունել են օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորել հաղթողներին։
Միջազգային մրցույթի հաղթող են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության հրետանավորների ակադեմիայի կուրսանտները: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջատար եռյակը եզրափակել են Բելառուսի բարձրագույն ռազմակրթական հաստատության սաները։
Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներին նվիրել է սմարթֆոններ, թիմերին՝ հայրենական արտադրության համակարգիչներ։
Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների թիմերը:
Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները մրցութային օրերին նաև այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր: