Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ



ԾԱՂԻԿՆԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԱրցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման նախաձեռնությամբ Բերձորում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողություն: Բերձոր-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ է հառնում հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ: Շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը իր ելույթում անդրադառնալով ազատամարտի տարիներին` նշեց, որ դա ավագ սերնդի պատերազմն էր, իսկ 2016-ի քառօրյան և դրանից հետո տեղի ունեցած մարտական գործողությունները համարեց նոր սերնդի պատերազմ: Փառաբանեց քառօրյայի հերոսներին, որոնք մեր երկիրը փրկեցին թշնամու հանկարծակի հարձակումից:

Արարողությունից հետո զրուցեցի ԱԱՄ Բերձորի տարածքային միավորման նախագահ, ապրիլյան իրադարձությունների մասնակից Վահե Դավթյանի հետ: Անդրադառնալով երեք տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողություններին՝ Վ. Դավթյանը կարևորեց այն, որ ԱԱՄ-ը համագործակցեց շրջվարչակազմի և շրջանային զինկոմիսարիատի հետ, և միասնաբար կազմակերպեցին կամավորականների՝ առաջնագիծ մեկնելը: Հավելեց նաև, որ այդ իրադարձություններից հետո ԱԱՄ շրջանային կառույցի անդամների թիվն ավելացել է: Եվ տղաները պատրաստ են մշտապես աջակցելու սահմանապահ զինվորներին:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԲերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպված արիության դասից հետո դպրոցականները երթով հասան ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ և մոմեր վառեցին… Իսկ երեկոյան բերձորցի երիտասարդները կազմակերպեցին երթ և մոմավառություն Բերձորի Արցախյան ազատամարտի զոհվածների հուշահամալիրում և ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ: Երիտասարդներին ուղեկցում էր Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանը:

…Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված արարողություններ՝ ծաղիկների խոնարհում, մոմավառություն, արիության դասեր, հուշ-ցերեկույթներ էին կազմակերպվել նաև Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներում ու դպրոցներում:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


03/04/2019