Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՔԵՌՈՒՍ



ՆԱՄԱԿ ՔԵՌՈՒՍԲարև՛ ինձ շա՜տ ծանոթ, բայց և անծանոթ, ինձնից շատ հեռու, բայց և ինձ շատ մոտ, փոքր-ինչ ինձ օտար, բայց շա՜տ հարազատ Ալիկ քեռի: Ես քո քույր Լիլյայի դուստրն եմ` Աստղիկը, որն այժմ ապրում է խաղաղ և կապույտ երկնքի ներքո քո և ընկերներիդ քաջության շնորհիվ: Ես և ընտանիքս այժմ ապրում ենք խաղաղ երկրում քո շնորհիվ: Ես լսել եմ տատիցս ու մորիցս քո մասին, թե ինչպես ես քաջաբար բարձրացել ուղղաթիռ, երբ քեզ թույլ չեն տվել, ինչպես ես գնացել ընկերոջդ փրկելու թնդանոթի կրակից, բայց անհետ կորել ես… Ես գիտեմ, որ ամենամեծ հերոսությունն անգամ դու կարող էիր անել պարզ ու աննկատ` չկարևորելով արածդ սխրանքը…

…Դեռ մանկուց լսել եմ տատիկիս տրտմագին ձայնը, տեսել հարազատներիդ թաց աչքերն ու նրանց հավասար ապրել եմ կորուստդ: Վաղ հասակից ինձ սովորեցրել են լինել արդարամիտ, ընկերասեր, ներողամիտ և հայրենասեր, ինչպես որ դու ես եղել: Ճիշտ է, ես քեզ չեմ տեսել, բայց ես երջանիկ եմ, հպարտ ու շնորհակալ. ես քեզ ճանաչում եմ, դու իմ հոգում ես:

Ես այժմ խոսքեր, գովելու կամ հպարտությունս արտահայտելու բառեր այլևս չունեմ.  միայն մի բան իմացիր՝ կարոտով, սրտի տրոփյունով ու փափագով սպասում եմ քեզ, աչքս քո վերադարձի ճամփին: Ես հավատում եմ, որ տեսնելու եմ քեզ…

 

ԱՍՏՂԻԿ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արմավիրի  զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ  5 հիմնական դպրոցի 8 բ դասարանի աշակերտուհի

Խորագիր՝ #12 (1283) 3.04.2019 - 9.04.2019, Բանակ և հասարակություն


04/04/2019