ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժությունը:
Զորավարժության նպատակը ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողություններ ներդաշնակելն է և անձնակազմի մարտական պատրաստականությունը՝ միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում ստուգելը:
Մարտավարական զորավարժության շրջանակում, ապրիլի 3-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ և շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների և տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահեցրել է, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ, և առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով:
Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել, և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվելու են պաշտպանողական, հարձակվողական, ինչպես նաև հակահարձակվողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը: