Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ԼԻՆԵԼԸ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՐՏՔՆ Է…



ՀԵՐՈՍ ԼԻՆԵԼԸ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՐՏՔՆ Է...Հակառակորդի դիվերսիոն հարձակումը ետ մղելիս վիրավոր ծնոտով ու ջարդված ուսով ադրբեջանցի հատուկջոկատայինների հետ ձեռնամարտի բռնված ու նրանց փախուստի մատնած զինվոր Նորայր Քամալյանը ամուսնացել է ու ամիսներ առաջ աղջիկ է ունեցել: Համացանցում նրա ընտանեկան լուսանկարը, որտեղ Նորայրն իր կնոջ ու աղջկա հետ է, ինձ հիշեցրեց մեր առաջին հանդիպումն ու զրույցը Կենտրոնական հոսպիտալում,  ծանր վիրահատությունից օրեր անց:

 

…Նորայրը հապճեպ մտնում է դիմածնոտային բաժանմունքի պետ Կարեն Սևտերտերյանի աշխատասենյակն ու առանց հրավերի սպասելու նստում բազմոցին: Ես նրան ավելի բարձրահասակ էի պատկերացնում: Դեմքը վիրակապված է, այտի վրա նկատելի այտուց կա: Ես ժպտալով ոտքի եմ կանգնում, որ սեղմեմ ձեռքը, գրկեմ հերոսին… Բայց Նորայրը չի արձագանքում, գլխահակ տրորում է մատները:

-Լա՞վ ես,- հարցնում եմ շփոթված:

-Հա՛,- ասում է կիսաձայն:

Աչքերը հոգնած են, անփայլ: Դեմքին հուսահատ պատրաստակամություն կա:

-Պիտի պատմե՞մ,- հարցնում է սառն ու անհույզ:

Հանկարծ ես հասկանում եմ. նա էլ չի ուզում անցնել ցավի ու կորստի ճանապարհով, էլ չի ուզում հիշել… «Կրակոցի ձայն լսեցի… ձեռնամարտ սկսվեց… Ազատը չէր շնչում… Արարատը…»:

-Ե՞րբ ես սիրահարվել վերջին անգամ,- ես տալիս եմ ամենաանպատեհ հարցը:

-Ես դեռ չեմ գտել այն աղջկան, որին կսիրեի,-մի տեսակ տխուր է ասում:

-Ինչո՞ւ, շուրջբոլորը լիքը սիրուն աղջիկներ կան,-ոգևորում եմ:

-Սիրունն ի՞նչ անեմ, ընտանիք եմ կազմելու: Տեսքն ինձ համար կարևոր չէ:

-Ա՛յ տղա,-ասում եմ,-տեսքը նույնիսկ ինձ համար է կարևոր:

Նորայրը բարձրաձայն ծիծաղում է:

-Տեսքն ի՞նչ եք անում,- ու նայում է չարաճճի:

Լուսահոգի հորեղբորս հիշեցի: Ասում էր` սիրուն երեսիդ վրա փլավ չենք ուտելու, գրտնակ անել սովորիր:

Ու հիմա Նորայրը բացատրում է ինձ համարյա հորեղբորս նման:

-Կողակցիդ ընտրելիս պիտի նայես բնավորությանը՝  որ բարի լինի, հարգի ծնողներիդ, պարկեշտ լինի, ամոթխած, աշխատասեր: Որ քեզ հասկանա: Հայրս, մայրս ինձ պահել-մեծացրել են, գիտեք` ի՞նչ դժվարություններ են տեսել: Առավոտից իրիկուն աշխատել են: Ես Արցախի Գիշի գյուղից եմ: Գյուղի կյանքը քաղաքի նման չէ, դժվար է: Ես պիտի հորս ու մորս շատ լավ պահեմ: Պիտի այնպիսի կին ընտրեմ, որ նրանց հարգի, նրանց չարչարանքը գնահատի: Ես հիմա չեմ կարող սիրել, որովհետև աշխատանք չունեմ, դեռ լրիվ չեմ ապաքինվել: Բուհս կավարտեմ, կաշխատեմ: Երբ հասկանամ, որ կարող եմ պահել ընտանիքս, այդ ժամանակ էլ կսիրեմ:

-Սերը, որ  եկավ, քեզ չի հարցնելու:

Նորայրը կարևորություն չի տալիս ասածիս ու  անվրդով շարունակում է:

–…Շատ կուզենայի մեր գյուղում ապրել: Գյուղը շատ եմ սիրում: Բնությունը, հողը, ծառ ու ծաղկունքը, գյուղի մարդկանց: Մեր գյուղը քաղաքի նման չէ. ուզում ես ջիպ քշիր, ուզում ես` հեծանիվ, պիտի մարդ լինես, որ հարգեն:

-Մարդ լինելը ո՞րն է:- Էնպիսի լրջությամբ եմ հարցնում, ասես՝ 20-ամյա տղան հայտնագործություն է անելու: Նորայրը մի քանի վայրկյան մտածում է ու ասում.

-Մարդն ապրում է կողքինին օգնելու համար:

-Քանի՜ փիլիսոփա է գլուխ ջարդել, թե ինչո՞ւ է մարդն ապրում: Փաստորեն, կողքինին օգնելու համա՞ր…

Նորայրը գլխով է անում: Հետո պատմում է խառնիխուռն.

-Ես ֆիզիկա եմ սիրել դպրոցում, ռազմագիտություն, մեկ էլ` սպորտ: Սիրում եմ մրցել: Զենք եմ սիրում:

…Լավ ընկերը եղբոր պես թանկ է…Դպրոցում էլ, բուհում էլ լավ ընկերներ եմ ունեցել:

-Իսկ բանակո՞ւմ:

-Լավ հրամանատարն էլ է ընկեր: Կապիտան Կամո Բաղեյանը, մայոր Ռուբեն Պետրոսյանը… Մարտական ընկերոջ պես թանկ են:

-Իսկ ովքե՞ր են քո ամենալավ մարտական ընկերները: Ծառայությունն ավարտելուց հետո ընկերությունը շարունակո՞ւմ եք:

Նորայրը նայում է բացակա: Ինձ թվում է` հարցը չհասկացավ:

-Ամենամոտ մարտական ընկերներդ,- կրկնում եմ:

-Նրանք զոհվեցին:Ամենամոտ ընկերներս:

Իմ մարմնով սարսուռ է անցնում:

-Չորս հոգով էինք: Ես, Ասոյան Ազատը, Խանոյան Արարատը, Մամոյան Մրազը: Գնում էինք սնունդ բերելու: Հանկարծ կրակոց լսեցի, միանգամից վրա տվեցին,- պատմում է անհույզ, ասես ուզում է արագ ավարտել:-Ես հասցրի երեքին տեսնել: Զինվորներ չէին, տարիքով մարդիկ էին: Երևի հատուկջոկատայիններ: Շատ լավ էին զինված:  Դիմացից կրակեցին: Զգացի, որ մի գնդակը կպավ ուսիս, մյուսը` ծնոտիս: Հետո` էլ չէի զգում, ամեն ինչ մշուշի մեջ էր: Ես կռվում էի ձեռքերով` մեկի հետ, մյուսի, երրորդի…

Ես կռվում էի վերջին ուժերով: Միայն մի միտք կար` թույլ չտամ, որ առաջ շարժվեն, սպանեն ընկերներիս: Հետո տեսա, որ զենքերը թողած` փախչում են: Նայեցի շուրջս, որ գտնեմ տղաներին: Ազատն ու Արարատը ընկած էին խրամուղու մեջ: Ազատը չէր շնչում, իսկ Արարատի զարկերակը թույլ տրոփում էր… Վազեցի օգնություն խնդրելու: … Երբ վերադարձա, Արարատի զարկերակն անշարժ էր:

Նորայրի ճակատին քրտինքի մանրիկ կաթիլներ են հայտնվել: Մատներով արագ թմբկահարում է սեղանը:

«Վազեցի օգնություն խնդրելու»` տղայի բառերը արձագանքում են գլխիս մեջ: Վերն ու վարը ամբողջովին փշրված ծնոտով, գնդակը ուսի մեջ, ամբողջ մարմինը դանակներով բզկտված:

-Դու հերոս ես, իսկական հերոս ես,- իմ ձայնը ինձ չի ենթարկվում:

-Հերոս լինելը զինվորի պարտքն է,-ասում է Նորայրը սառն ու անպաթոս,-յուրաքանչյուր զինվոր կանգնած է սահմանին, որ փակի թշնամու ճանապարհը ինչ գնով էլ լինի, հակառակը դասալքություն ու դավաճանություն է:

Մենք լռում ենք: Նորայրը անշտապ  մոտենում է պատուհանին, բացում փեղկը: Արևը հաճելի ջերմությամբ լցվում է ներս, լուսավորում սենյակը: … Ես փորձում եմ գուշակել, թե ինչ է որոնում տղայի հայացքը աշնանային Երևանի  տաք ու խնդուն գույների մեջ….

-Վերջին երկու տարում իմ ծննդյան օրը հոսպիտալում եմ անցկացրել: Առաջին անգամ կույր աղիքս էր պայթել: Երկրորդ անգամ` վիրավորվել էի: Ուզում եմ այս տարի իմ ծննդյան օրը մեր տանը լինել,- ասում է  տղան՝ աչքը պատուհանից չկտրելով:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #13 (1284) 10.04.2019 - 16.04.2019, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


11/04/2019