ԿՅԱՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ…
Ապրիլյան պատերազմից երեք տարի անց մենք ազգովի նշում ենք մեր ցավի ու հաղթանակի, մեր հպարտության ու արժանապատվության տարեդարձը:
…Ապրիլյան պատերազմի մասին բազմաթիվ պատմություններ եմ լսել: Մայրը պատմել է հայրենիքի փրկության համար զոհված որդու մասին, ընկերը խոսել է զոհված ընկերոջ սխրանքներից, հրամանատարը մարտում ընկած իր քաջ զինվորի հերոսական կռիվն է նկարագրել… Ու ես հասկացել եմ, որ մեր հավաքական ուժի գիտակցումն ու մեր հաղթանակի հպարտությունը մխիթարության լույս են ոչ միայն ժողովրդի, այլև հայրենիքի ազատության կռվում հարազատ կորցրած մարդկանց համար: Այդ լույսը վառվել էր նաեւ Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի՝ Լուսինե Սանթրոսյանի հոգում:
Ես վաղուց էի ճանաչում Լուսինե Սանթրոսյանին: Տեսել էի նրա գեղեցիկ ձեռագործ աշխատանքները, ազգային տիկնիկագործության ավանդույթներով նրա պատրաստած տիկնիկները: Ինձ պատմել էին, որ նա իր աշակերտների մասնակցությամբ ներկայացումներ է բեմադրում: Եվ ահա Լուսին Սանթրոսյանից հրավեր եմ ստանում դիտելու ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող Գայանե Պողոսյանի՝ ապրիլյան պատերազմի մասին պատմող ակնարկների հիման վրա «Կյանք՝ հանուն կյանքի» վերտառությամբ ներկայացումը, որի դերակատարները Լուսինե Սանթրոսյանի նախկին ու ներկա աշակերտներն էին: Բեմադրության կազմակերպիչը ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի աշխատակազմն էր: Թանգարանի դահլիճում հավաքվել էին բարձրաստիճան զինվորականներ, Արցախյան պատերազմի ռազմիկներ, ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատներ, քառօրյա պայքարում հերոսացած սպաներ ու զինվորներ…. Ներկա էր նաև ակնարկաշարի հեղինակը՝ Գայանե Պողոսյանը: Ես կարդացել եմ հեղինակի գրեթե բոլոր հրապարակումները ապրիլյան պատերազմի մասին և եկել էի հույզերս վերապրելու ակնկալիքով: Բայց այն, ինչ կատարվեց բեմում, վեր էր սպասվածից:
…Լեփ-լեցուն դահլիճում քար լռություն է: Բոլորս տեղափոխվել ենք «Հայ զինվոր» հանդեսի խմբագրություն, որտեղ Գայանե Պողոսյանին մարմնավորած Սիլվի Գյուրջյանը զրուցում է հերոսների հետ: Եվ բեմում մեր աչքի առաջ ու մեր սրտում ասքեր են ծնվում: Բեմում քառօրյա պատերազմը վավերագրած լրագրողի երկխոսությունն է Հայրենիքի համար զոհվելու պատրաստ զինվորի ու սեփական ազգի պատմության հետ: Եվ հարցեր չկան: Բեմում բոլոր հարցերը պատասխան ունեն և բոլորիս մատչելի են դարձնում հանուն հողի նվիրաբերվելու խորհուրդը…
-Թվում է՝ մենք էլ ենք արծիվ ու թռչում ենք, – բեմից հնչում է «զինվորական լրագրողի» ձայնը, ու դահլիճում նստած յուրաքանչյուր հայ զգում է սեփական հոգու ճախրանքն ու հայրենիքի ազատությունը սեփական կյանքով պաշտպանելու պատրաստակամությունը:
Եվ ամենակարևորը բնավ էլ պատանի դերասանների վարպետությունը չէր, որն, իրոք, ապշեցրեց բոլորին, ամենակարևորը նույնիսկ համահայկական մրցույթում առաջին մրցանակ շահած ակնարկների գեղեցկությունը չէր…Ամենակարևորն այն էր, որ մեր սրտերը բաբախում էին նույն ռիթմով… Կարևորն այն մեծ խորհուրդն էր, որ բարձրացող սերնդի հոգում Հայրենիքի պատկերը նույնքան վառ է, որքան Արցախի ազատագրության համար զոհված հերոսների: Ու պատահական չէ, որ Գայանե Պողոսյանին ու Լուսինե Սանթրոսյանին ծաղիկեր նվիրեցին ազատամարտիկներ Արտյոմ Պողոսյանն ու Արշակ Հովհաննիսյանը: Նրանք Արցախյան պատերազմի ժամանակ եղել են մերօրյա զինվորների հասակակիցը, նրանք իրենց երիտասարդությունն ու առողջությունն են թողել սահմանին: Դարավոր թշնամու դարանակալ ականը մասնատել է նրանց մարմինը, բայց անկարող է եղել կոտրել ոգին: Նրանք եկել էին համոզվելու, որ իրենց զրկանքները անիմաստ չեն եղել: Նրանք անասելի հպարտ ու հուզված էին: Նրանք նորից հաղթեցին: Արցախյան կռվից 25 տարի անց հաղթանակի բերկրանքը նորից զգաց ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի պետ, նախկին ազատամարտիկ Կարեն Թանգյանը: Նա այնքան հուզված ու հպարտ էր, որ չկարողացավ ապրումներն արտահայտել բեմից, բայց զրուցեց ապրիլյան կռվի հերոսների հետ, հետաքրքրվեց քառօրյա կռվի մանրամասներից, սահմանի ամրությունից ու դիրքերի պաշտպանվածությունից: Հարցրեց, ինչպես կհարցներ ուրիշին պահ տված ամենաթանկ հարազատիդ մասին: Հետո հերոսական դեպքեր ու դրվագներ հիշեց Արցախյան պատերազմից: Ներկաների հետ զրուցեց նաև ակնարկաշարի հեղինակ Գայանե Պողոսյանը.
-Երբ գրում էի ապրիլյան պատերազմի հերոսների մասին պատմող ակնարկաշարը, մտքովս անգամ չէր անցնում, որ կդառնամ մի փառավոր ու ավարտուն հերոսապատումի վավերագրողն ու այն գալիք սերունդներին փոխանցելու պատիվն ու պատասխանատվությունը կունենամ,- ասաց լրագրողը,- ներկայացումը դիտելիս ես անցա ցավի ու հպարտության, սիրո և ոգեղենության նվիրական արահետներով և վերապրեցի այն հուզումնալի ու սրտառուչ պահերը, որ ունեցել էի քառօրյա կռվի հերոսների հետ զրուցելիս: Նրանք մեր դժվարին երթի փարոսն են, մեր համազգային ամենանվիրական իղձերի ջահակիրը: Ու իրենց հայրենասիրության, ցավի, քաջության, նվիրումի ուժով սնեցին ազատ, արդար, հզոր ու պաշտպանված Հայաստանի երազանքը…
…Իսկ դահլիճում նստած էին այն մարդիկ, ովքեր ամենածանր գինն էին վճարել այդ երազանքի համար: Ովքեր փառավորել էին մեր անցյալը, փրկագնել մեր արժանապատիվ ներկան ու երաշխավորել մեր հաստատուն ու հաղթանակած ապագան:
Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ անակնկալով: Կապանցի երիտասարդ տաղանդավոր նկարիչ Էրիկ Դավթյանը՝ որպես երախտագիտություն, հարգանքի տուրք ու խոնարհում, իր հեղինակած կտավներն էր նվիրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ապրիլյան պատերազմում հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին, 170 դիրքի ազատագրության մարտական գործողությունը ղեկավարած, դիրքը ազատագրած, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Արտյոմ Գևորգյանին, ապրիլյան պատերազմում թշնամու դեմ հերոսաբար մարտնչած զինվոր, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանին: Նրանք չդադարող ծափերի տակ ստացան իրենց նվերները:
Օրվա խորհուրդն ամփոփվեց ռազմական լրագրողի դերակատարի՝ Սիլվի Գյուրջյանի խոսքերով.
-Տղաների արյամբ պահված մեր հայրենիքի գարունները, պոետի խոսքերով ասած, պիտի գան ու չգնան: Մենք պիտի փայփայենք այդ գարունները՝ ի հիշատակ նրանց չապրած գարունների ու հանուն նրանց Մեծ երազանքի:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1284) 10.04.2019 - 16.04.2019, Բանակ և հասարակություն