Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ



ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ«Բաղրամյան» զորավարժարանում ավարտվեց զորամիավորումների «Լավագույն հրետանային մարտկոց» մրցույթը: Մարտական կրակով ուղեկցվող համառ մրցապայքարի արդյունքներով որոշվեց լավագույնը:

 

Հաշվարկների տղաները ոգևորված են ու անհամբեր. մինչև վերջին պահը դեռ պարզ չէ, թե երբ իրենց հաշվարկին կտրվի մարտական կրակ իրականացնելու հրամանը: Նրանք լարված են, ջանում են ամենայն ուշադրությամբ մի քանի անգամ վերստուգել հրամանատարական կետից իրենց փոխանցվող և անընդմեջ փոփոխվող թիրախների կոորդինատները:

Հաշվարկի հրամանատար, սերժանտ Արշակ Խուդավերդյանը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարկետինգի ֆակուլտետի ուսանողն այսօր սահմանապահ զորամասում հրետանավորի իր ծառայությունն է իրականացնում: «Ցանկացած պատերազմում հրետանավորների դերն անգնահատելի է, հատկապես հետևակին թիկունքից օժանդակելու գործում,- իր զորատեսակն է հպարտությամբ ներկայացնում Արշակը: -Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում էլ հրետանին «ասաց իր որոշիչ խոսքը»: Որպես սահմանապահ զորամասի զինծառայողներ` քաջ գիտակցում ենք, որ ամեն պահի պատրաստ պետք է լինենք կատարելու մարտական խնդիր»:

Սա երկրորդ ճամբարային հավաքն է, որին մասնակցում է Արշակը: Ասում է` մարտական կրակով նման գործնական վարժանքները լավ հնարավորություն են՝ ստացած գիտելիքներն ու հմտությունները գործնականում ստուգելու և մարտականին մոտ պայմաններում ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ գործելու փորձառություն ձեռք բերելու առումով: «Շատ լավ եմ հիշում իմ «առաջին կրակը». հուզառատ պահ էր. երբ ինքդ ես իրականացնում կրակը, բոլորովին այլ զգացողություն ես ունենում. իրոք որ հզո՛ր է: Մեր մարտկոցով կրակային փուլին շատ լավ ենք պատրաստվել. պարապմունքներն իրականացրել ենք եղանակային տարբեր բարդ պայմաններում: Անձնակազմիս անդամները փորձառու են ու շատ սրտացավ: Մի խոսքով, ես իմ հաշվարկի ուժերին վստահ եմ»:

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՇուտով հաշվարկին  տրվում է «կրակ» հրամանը: Անձնակազմը հստակ ու վարժ գործողությունների հաջորդականությամբ լիցքավորում է թնդանոթն ու համազարկ տալիս: Հողը ցնցվում է մեր ոտքերի տակ, թնդանոթի անձնակազմը մի պահ փոշու թանձր ամպի մեջ «անհետանում է»: Րոպեներ անց հանձնաժողովի անդամներն արձանագրում են. «կրակը» գերազանց է իրականացվել: Տղաները գոհ են. խնդիրը փայլուն կատարեցին. «Հակառակորդը պետք է իմանա, որ մեր հայ հրետանավորը երբեք չի վրիպում»,- գոհունակությամբ ու հպարտ ասում է Արշակը:

Մյուս հրանոթի հրամանատարը` կրտսեր սերժանտ Ռոլանդ Կակոյանը,  նույնպես հաշվարկի նորանշանակ հրամանատար է: Հրետանավորի մասնագիտության մասին ասում է` այն նախ և առաջ մտքի մարզվածություն, հաշվարկներ անելու, արագ կողմնորոշվելու ունակություն է պահանջում: Իրենց տեխնիկայի մասին պատմում է. «Մեր հրանոթը` «Դ-30»-ը,  ունի մինչև 15 կմ հեռահարություն, հրետանու «դիպուկահարն» է, քանի որ շատ ճշգրիտ է կրակում: Հաշվարկի աշխատանքը համատեղ ներդաշնակ գործողություններ է ենթադրում: Յուրաքանչյուրիս ամենափոքր սխալը կարող է պատճառ դառնալ, որ կրակը դիպուկ չլինի: Հաշվարկի անձնակազմով մենք լավ ընկերներ ենք: Ընկերությունը ծառայության ընթացքում շատ է օգնում, ավելի ներդաշնակ է դարձնում մեր գործողությունները: Անցյալ տարի մեր դիվիզիոնը նույն այս մրցումներում գերազանց արդյունք գրանցեց, հույս ունենք՝ այս տարի էլ բարձր արդյունքներ ցույց կտանք: Ճիշտ է` սա մեր հաշվարկի առաջին մասնակցությունն է նման մրցումներում, բայց պայքարելու ենք մրցանակային տեղի համար:

Հաշվարկի լիցքավորող Մխիթարը առանձնակի հույզերով է սպասում իր հաշվարկի կրակի իրականացման հերթին: «Այսօր ծննդյանս օրն է. յուրօրինակ օր է լինելու: Առաջին անգամ եմ կրակ իրականացնելու»,- ուրախ ասում է երիտասարդը:

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՀանձնաժողովի անդամները և հրամանատարական կազմը ուշիուշով հետևում են հաշվարկների աշխատանքին: Ցուցումներ ու հրամաններ տալուն զուգահեռ, հատ-հատ մոտենում են հաշվարկների անձնակազմի անդամներին և ստուգում նրանց գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը:

Զորամիավորման հրետանու շտաբի պետ, փոխգնդապետ Սասուն Մեսրոպյանի համոզմամբ` նման  մրցույթներն անգնահատելի են հրետանավորների մարտական պատրաստության, արհեստավարժության կատարելագործման առումով: «Թե՛ սպայակազմը և թե՛ ժամկետայիններն ու պայմանագրայինները նախապես որոշակի պատրաստության փուլ են անցնում և մրցույթի ընթացքում կարողանում են ցուցադրել իրենց աշխատանքի  արդյունքները, արհեստավարժությունը: Նման մրցույթների ընթացքում մեկը մյուսի թերությունները, բացթողումներն ու առավելությունները նկատելով, կատարելագործել սեփական հմտություններն ու կարողությունները: Իրենց մարտակարգերի ծավալման,  դիտակետերի, կրակային դիրքերի բացազատման  ընթացքում անձնակազմերը կատարում են համատեղ միջոցառումներ: Դաշտային պայմաններում անձնակազմի ներդաշնակվածությունը ավելի բարձր մակարդակի է հասնում: Բացի այդ, ստորաբաժանումները դաշտային պայմաններում նաև իրենց կենցաղի ապահովման խնդիրները լուծելու փորձառություն են ձեռք բերում»:

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՄինչև մրցումների կրակային փուլի մեկնարկը, ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության մասնագետներից կազմված քննական հանձնաժողովը  համապատասխան զորամասերում ստուգումներ է անցկացնում, հետևում մարտկոցների ամենօրյա ծառայությանը, պարզում ստորաբաժանումների` հրաձգության եւ կրակի կառավարման տարբեր խնդիրներ կատարելու ունակությունը, մարտավարական, մասնագիտական և տեխնիկական պատրաստությունը: Արդյունքում` մրցույթի ավարտական` կրակային փուլին մասնակցելու համար ընտրվում են բոլոր չափորոշիչներով առաջատար մարտկոցները, որոնք էլ այդ օրը պայքարում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Մրցույթի հանձնաժողովի անդամ, փոխգնդապետ Արման Կիրակոսյանն ասում է. «Մեր կազմակերպած նմանօրինակ մրցումները նպատակ ունեն հայտնաբերելու ԶՈՒ լավագույն մարտկոցը` հընթացս նաև նպաստելու դաշտային պայմաններում մարտկոցների անձնակազմերի վարժվածության աստիճանի բարձրացմանն ու մասնագիտական կատարելագործմանը: Սա էլ իր հերթին կնպաստի իրական պայմաններում հակառակորդին դիպուկ հարված հասցնելուն: Ընդհանուր առմամբ, այսօր բոլոր մասնակիցները գրանցեցին բարձր ցուցանիշներ` «լավ» և «գերազանց» արդյունքներ: Դե, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մարտկոցները ավելի ուշ կպարգևատրվեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1284) 10.04.2019 - 16.04.2019, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/04/2019