«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ
Ապրիլի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշանների հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ հնչեց Տերունական աղոթքը, որից հետո «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշան շնորհվեց ռազմական ոստիկանության ավագ ենթասպա կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին: Բանակի հոգևոր առաջնորդը աղոթք բարձրացրեց ինչպես ներկաների, այնպես էլ պանթեոնում հանգչող մեր քաջորդիների համար: «Ես ուզում եմ մեր հոգու մեջ աղոթք բարձրացնենք նաև այն հոգիների համար, ովքեր հավերժական ճամփորդ են»,- ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Նա ներկաներին մաղթեց անփորձանք և խաղաղ ծառայություն. «Խաչը միշտ զորավիգ ու պահապան լինի հայ սպաներին և հայ զինվորներին»,- ընդգծեց Սրբազան հայրը:
Այնուհետև ներկաները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ շրջեցին պանթեոնի տարածքում, հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին:
Օրն ամփոփվեց Ոտնլվայի կարգով: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 18-ին նշում է Ավագ հինգշաբթին, և օրվա երկրորդ կեսին կատարվում է Ոտնլվայի կարգ: Այն խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ: Արարողության ընթացքում Սրբազան հայրը լվաց ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի խորհրդանշական՝ 12 զինծառայողների ոտքերը՝ ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի՝ աշակերտների ոտքերը լվանալու օրինակի:
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ Նորություններ