ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԽՍՀ արտգործնախարար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի առաջաբանով երիտթուրքերի եւ նրանց գործունեության վերաբերյալ ուշագրավ հրապարակումը լույս է տեսել «Արեւելագիտական հարցեր» հանդեսում (ԵՊՀ հրատարակչություն, 1983թ., պրակ 1-2)։ Այն իթթիհատականների «հակահայկական քաղաքականության ակունքները բացահայտող շատ կարեւոր փաստաթուղթ է»։ Տպագրվում է մասնակի կրճատումներով։
Հրապարակումը ներկայացնում է երիտթուրքական հեղափոխությունից հետո Կ.Պոլսում անգլիական դեսպան նշանակված Ջ. Լոութըրի (1858-1916) հանգամանալից զեկուցագիրը, որ նա 1910-ի մայիսի 29-ին հղել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մինիստր Հարդինգին։ Վավերագիրը Foreign Office-ի արխիվում հայտնաբերել եւ հանրության ուշադրությանն է հանձնել պատմաբան Էլիե Քեդուրիեն «Երիտթուրքերը, ֆրիմասոնները եւ հրեաները» վերտառությամբ (Elie Kedourie, Young Turks, Freemasons and Jews)։
Երիտթուրքերի հայասպան քաղաքականության հանգամանքներն ուսումնասիրելու եւ ըմբռնելու տեսակետից ստորեւ տպագրվող փաստաթուղթը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում, ինչում կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, ծանոթանալով նրա բովանդակությանը։
Ակներեւ է, որ վավերագրի իսկական հեղինակ պետք է համարել Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հնագույն ու ազդեցիկ դրագոման (թարգման) Ջ. Հ. Ֆիցմորիսին (1865-1939), որը խցկվել էր երիտթուրքական ֆրիմասոնության խորքերը, նրա գաղտնիքները բացահայտելու, դրանք անգլիական գաղութատիրության շահերին ծառայեցնելու նպատակով։ Ֆիցմորիսին ոմանք ներկայացնում են որպես այդ պահին Կ.Պոլսում անգլիական գլխավոր եւ ազդեցիկ դեմք, որին, ըստ էության, ենթարկված էր նույնիսկ դեսպան Լոութըրը։
Դեսպան Լոութըրի զեկուցագրից կարելի է եզրակացնել, որ երիտթուրքերն ավելի վատն էին քաղաքականության մեջ, քան Աբդուլ Համիդը։ Նա երիտթուրքական իշխանության գլուխ կանգնած մարդկանց համարում էր «չար» եւ «ոչ կոմպետենտ», «ծախու» եւ «մանկամիտ»։
Հատկանշական է, որ անգլիական դիվանագետները, մասնավորապես` դեսպան Լոութըրը, երբեմն Երիտթուրքական կոմիտեն անվանում են «Միության եւ Առաջադիմության հրեական կոմիտե», խոսում են ֆրիմասոնների եւ հրեա երիտթուրքերի դաշինքի մասին, թե ինչպես հրեաները երիտթուրքերի գլխավոր ոգեշնչողներն էին։ Էլիե Քեդուրիեն գրում է, որ Օսմանյան կայսրությունը դարձել էր հրեաների ձեռքին մի գործիք հրեական պետության ստեղծումն իրականացնելու ճանապարհին։ Իսկ մինիստր Հարդինգն իր հուշերում գրել է, թե Օսմանյան կայսրությունը պառլամենտական կառավարման տարիներին իրականում հրեաներին ենթակա ծախու երիտթուրքական կոմիտեի կողմից գլխավորվող բանակի իշխանության ներքո էր։
Հետաքրքրական է իմանալ, որ արաբական շարժման մահմեդական ղեկավարներն այն տարիներին կասկածի տակ վերցրին «Միություն եւ Առաջադիմություն» կոմիտեի անկեղծությունը` հրեաների եւ ֆրիմասոնների հետ նրա ղեկավարների ունեցած սերտ կապերի հետեւանքով։
Էլիե Քեդուրիեն հավաստում է, որ 1919թ. Փարիզի խաղաղության Կոնֆերանսի մասնակից բրիտանական պատվիրակների համար Foreign Office-ի պատմագիտական բաժինը պատրաստել էր տեղեկատու գրքեր։ Դրանցից առաջինը կոչվում էր «Mohammedan History» (հեղինակն էր Sir Tomas Arnold J. Toynbee)։ Այդ գրքում Առնոլդ Թոյնբին գրել է, որ՝ «Սալոնիկի հրեաներն անբաժանելի են «Միություն եւ Առաջադիմություն» կոմիտեից»։
Է. Քեդուրիեն գրում է, որ հրեաները եւ երիտթուրքերը միավորվել էին՝ ետին պլան մղելու հայերին, հույներին, արաբներին, նվազեցնելու նրանց դերն ու տեղը կայսրության քաղաքական կյանքում։ Նա փորձում է համոզել, թե հրեաներն ատում էին ցարական Ռուսաստանը, իսկ Անգլիան Ռուսաստանի դաշնակիցը լինելով, իր դեմ էր տրամադրում հրեաներին։ Վերջիններս երիտթուրքերի հետ սիրախաղում էին նույնպես հակաանգլիական հողի վրա։ Նա ցույց է տալիս, որ «Միություն եւ Առաջադիմություն» կոմիտեն, ֆրիմասոնությունը եւ հուդայիզմը սերտ եւ խճճված կապերի մեջ էին։
Փաստաթուղթը որոշակի պատկերացում է տալիս թուրքական գործերում անգլիական դիվանագիտության նրբին մեթոդների ու մոտեցումների մասին։
Անգլիական դիվանագետներն ուսումնասիրում էին կացությունը, քաղաքականությունը կառուցում այն փոխհարաբերությունների հաշվառումով, որ տեղի էին ունենում երիտթուրքական իրականության մեջ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մինիստր սըր Էդ. Գրեյը շտապել էր երիտթուրքական հեղափոխությունը «հիասքանչ» հռչակել։ Եվ, ընդհանրապես, արեւմտաեվրոպական բուրժուական քաղաքագետները գովասանքներ շռայլեցին երիտթուրքական հեղաշրջման չափավորության հասցեին՝ ճանաչելով տարիներ շարունակ եվրոպական մայրաքաղաքներում ծվարած երիտթուրք պարագլուխներին, իմանալով նրանց դասակարգային պատկանելությունը, նրանց քաղաքական դավանանքը։
Այս փաստաթղթի բովանդակության կարեւորությունն այն է, որ ցույց է տալիս Կ.Պոլսում իշխանության գլուխ անցած Սալոնիկի երիտթուրքական սպաների իրական քաղաքականության նկատմամբ անգլիական դիվանագետների դիրքորոշումը։
Պրն Լոութըրը պրն Հարդինգին
(Անձամբ եւ գաղտնի)
1910թ. մայիսի 29, Կ.Պոլիս
Թանկագին Չարլզ
Ես գրում եմ անձամբ եւ գաղտնի, քանի որ Թուրքիայի մասոնությունը, ի տարբերություն Անգլիայի եւ Ամերիկայի մասոնության, հիմնականում գաղտնի եւ քաղաքական բնույթ է կրում, եւ դրան վերաբերող տեղեկությունները կարելի է ձեռք բերել միայն խիստ գաղտնի ճանապարհով, մինչդեռ նրանք, ովքեր բացահայտում են նրա քաղաքական գաղտնիքները, ենթակա են մաֆիայի ահաբեկմանը։ Վերջերս տեղի մասոններից մեկին, որը բացահայտել էր եղբայրության նշանների գաղտնիքը, սպառնացել էին հանձնել զինվորական դատարանին, որը գործում է մեր կաշկանդվածության պայմաններում։
Ինչպես Ձեզ հայտնի է, Փարիզի եւ Սալոնիկի երիտթուրքական շարժումները կապված չէին միմյանց հետ եւ հիմնականում ծանոթ էլ չէին մեկը մյուսի ներքին մղիչ ուժերին։ Սալոնիկում բնակվում է 140000 մարդ, որոնցից 80000 իսպանական հրեաներ են, 20000-ը՝ Սաբետայ Լեւի աղանդից կամ կրիպտոհրեաներ, որոնք արտաքնապես մահմեդականություն են դավանում։
Մի քանի տարի առաջ Սալոնիկի հրեա մասոններից մեկը՝ Էմանուել Կարասոն, որն այժմ Օտոմանյան պառլամենտի երեսփոխան է իր քաղաքից, այնտեղ հիմնեց մի ժողովարան «Մակեդոնիա Ռիզորտա» անունով, իտալական մասոնության ոգով։
Կարծես թե նա համոզել է երիտթուրքերին, սպաներին եւ ոչ զինվորականներին ընդունել մասոնությունը՝ նպատակ ունենալով աննկատելի հրեական ազդեցության տակ առնել Թուրքիայի նոր զարգացումները, չնայած, ակնհայտորեն, Համիդի լրտեսներին խորամանկորեն շրջանցելու միակ նպատակով եւ նրանց պատսպարում էր իր ժողովարանում, որը գումարվելով օտարերկրացու տանը, ինկվիզիտորական մեթոդներից էքստերիտորիալ անձեռնմխելիություն էր վայելում։ Աբդուլ Համիդի լրտեսները շարժման հոտն առան, իսկ ոմն Իսմայիլ փաշա, որը 1908 թվի հեղափոխությունից անմիջապես հետո խորհրդավոր կերպով սպանվեց (գիշերային դժբախտ պատահար), հավանաբար իմացել էր նրանց գաղտնիքների մի մասը եւ հաղորդել Յիլդիզ պալատին։ Լրտեսները հսկում էին ժողովարանը դրսից, նպատակ ունենալով գրել սպաների եւ մյուս այցելուների անունները, որոնք հաճախում էին այն, մի քայլ, որը մասոնները չեզոքացրին, հավաքագրելով գաղտնի ոստիկանությանը «եղբայրության մեջ»։
1908թ. հեղափոխությունից անմիջապես հետո, երբ կոմիտեն հաստատվեց Կ.Պոլսում, հայտնի դարձավ, որ նրա ղեկավարներից շատերը ֆրիմասոններ են։
Կարասոն սկսեց մեծ դեր խաղալ, այդ թվում՝ նաեւ Բալկանյան Կոմիտեի գրավման մեջ։ Եվ նկատվում էր, որ ամեն տեսակի հրեաները՝ թե՛ տեղացի, թե՛ օտար, դեպքերի զարգացման խանդավառ ջատագովներ էին։ Թուրքերից մեկի բառերով ասած՝ «ամեն մի հրեա դարձել էր գաղտնի կոմիտեի պոտենցիալ լրտես», եւ ժողովուրդը խոսում էր, թե շարժումն ավելի շատ հրեական, քան թուրքական հեղափոխություն էր։
Պրիմո Լեւի անունով մի հրեայի եւ մասոնի, որը երբեք հյուպատոսական աշխատանքում չէր եղել, իտալական կառավարությունը նշանակեց գլխավոր հյուպատոս Սալոնիկում, իսկ Օսկար Շտրաուսը, որը Ջակոբ Շիֆի հետ միասին ազդում էր ամերիկյան հրեաների վրա՝ հօգուտ հրեական էմիգրացիայի դեպի Միջագետք, որպես հակամիջոց այլ տարածական պլանների եւ որպես սիոնիզմի տարածման մի ձեւ, նշանակվեց ամերիկյան դեսպան այստեղ։
Ինչպես դուք հավանաբար գիտեք, ուղղահավատ մահմեդականը մեծ նախապաշարում ունի մասոնության նկատմամբ, որը նա համարում է ավելի վատ, քան անհավատությունը։ Կոմիտեի դեմ ուղղված շարժման մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1909թ. ապրիլի 13-ի խռովության ժամանակ, այս գիծը բավականին ակնառու դրսեւորվեց։ Այդ իրադարձությունները տակավին բավարար չափով բացատրված չեն, բայց դա աչքից չվրիպեց այն պահին, երբ չորս գումարտակներ, որոնք հատուկ ուղարկվել էին Սալոնիկից մայրաքաղաք, եւ որոնց Քյամիլ փաշան ուզում էր ուղարկել ետ, 3-րդ բանակային կորպուս, սկսեցին խռովությունը կամ այսպես կոչված՝ «հետադիմական շարժումը», որոնց ղեկավարում էր մի սալոնիկցի կրիպտոհրեա եւ ֆրիմասոն գնդապետ Ռեմզի բեյը, որը փոխանակ հանձնվեր զինվորական դատարանին իր պատասխանատվությամբ գործող զորքերի վարքագծի համար, նշանակվեց սուլթան Մահմեդ 5-րդի պահակախմբի պետ։ Կարասոն Աբդուլ Համիդի գահընկեցության մասին գրությունը բերողներից մեկն էր, որն ուղարկվեց Սալոնիկ եւ արգելափակվեց Կոմիտեի անդամ իտալական հրեա բանկիրների տանը, մինչդեռ Ռեմզի բեյի եղբայրը նրա գլխին պահակ կարգվեց։
Գահընկեցությունից հետո, Սալոնիկի հրեական թերթերը մեծ աղմուկ բարձրացրին «Իսրայելի ճնշողից» ազատագրվելու մասին, որը երկու անգամ բանի տեղ չէր դրել սիոնիստների պարագլուխ Հերցլի դիմումները, եւ որին դասելով կարմիր անձնագիր ունեցողների շարքը, նման մեր օտարերկրացիների մասին ակտի (Aliens Act) ուղղված լեհական հրեա էմիգրանտների դեմ, եւ այլ կերպ ասած՝ խափանել էր Պաղեստինում սիոնիստների իդեալների իրագործումը։ 1909թ. Համբուրգում կայացած սիոնիստների 9-րդ համագումարը հռչակեց, որ հրեական աշխարհի բաժանումը տերիտորիալիստների եւ սիոնիստների՝ «որպես թուրքական հեղափոխության հրաշք», վերացավ։ Նույն ժամանակ Սալոնիկի երեսփոխան Ջավիդ բեյը, արտակարգ խելոք եւ շնորհալի կրիպտոհրեա մասոնը, նշանակվեց ֆինանսների մինիստր, մինչ Թալեաթ բեյը, նույնպես ֆրիմասոն, դարձավ ներքին գործերի մինիստր։ Հիլմի փաշան դիմել էր մասոն դառնալու համար, բայց դրանից առաջ չէր անցել։ Երկու տարի շարունակ ուժի մեջ գտնված զինվորական դատարանների անդամ սպաների մեծամասնությունը ֆրիմասոններ էին։
Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Պատմության էջերից