«ԿԱ՛ՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵ՛ՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱ՛ՆՔ»
Շինականն իր բանուգործին էր լինելու, հողվորն՝ իր վարուցանքին, հնձվորն՝ իր արտ ու կալին, ջրվորն իր առուն էր տանելու պապակ այգուն, եւ պապն իր խրատն էր տալու թոռանը՝ ա՛յ, բահն այսպես են բռնում, բայց, չեղավ, ավա՜ղ, չեղավ, մի մահաբեր մրրիկ անցավ հայ աշխարհով, մի չարագույժ ցուրտ իջավ արեւ օրով, ու կիսատ մնաց հայոց երգը.
«Հորովել, հո՜, հորովել…»։
Տունը կիսատ մնաց՝ մի խորոտիկ հարս էր մայրանալու, եւ մի օրորոց էր գնալ-գալու նոր օջախում, դեռ չկառուցված՝ քանդվեց, տան մինուճարը հանդում մնաց արյունլվա.
«Սեւ հագիր, սեւսիրտ մարե…»։
Սեւ ամպ էր կախվել հայոց երկնքում, եւ քամի չեղավ՝ քշեր, փոխարենը մրրիկ եղավ ահասարսուռ, եւ մրրիկն այդ գլխարկ չէր թռցնում, այլ գլո՜ւխ.
«Զուլում էր, զուլում, լա՛ո…»։
Բայց ինչո՞ւ, ախր՝ ինչո՞ւ։
Այս հարցի պատասխանը վաղուց է տրված եւ տրված է հիմնավորապես, արդար շուրթերով, բայց դեռ ականջներ կան խցանված, խուլ կամ խուլ ձեւացող, ուստի պետք է նորից, դարձյալ ու վերստին ազդարարել ի լուր աշխարհի.
որովհետեւ իր բարձրիկ լեռնաշխարհում ապրում էր մի ժողովուրդ, որը դարերից էր գալիս եւ ուզում էր դարերը գնալ, որպես հայ՝ իր ինքնությամբ ու ինքնատիպությամբ,
որովհետեւ այդ ժողովուրդն ուզում էր իր մոմը իր Աստծու առջեւ վառել,
որովհետեւ հպարտ էր այդ ժողովուրդը եւ ազատասեր ու չէր ուզում օտարի լծի տակ ապրել,
ու այսպես էլի՝ որովհետեւ, որովհետեւ, որովհետեւ,
բայց չար եղավ այդ օտարը, ճակատագիրը՝ դաժան, եւ քրտինքի տեղ արյուն թափվեց…
«Ով արդարություն, թող որ ես թքնե՜մ քո ճակատին…»։
Եվ սակայն Անդրանիկներ ուներ այդ ժողովուրդը եւ Նժդեհներ ու ոտքի ելավ՝ ապրելու։ Թումանյաններ ուներ, որ տեր էին կանգնելու իր որբերին։ Զավակներ ուներ, որ հրացան էին բռնելու։ Եվ բարեկամներ ուներ՝ Նանսեններ, Ռոլաններ, Բարբյուսներ, որոնք իրենց արդար ձայնն էին բարձրացնելու ի պաշտպանություն ապրելու իր իրավունքի։
Եվ ժողովուրդն ապրեց, որովհետեւ չուզեց մեռնել։ Նա մի թթենի եղավ, որ՝ «երբ գլխատում են, նորից է նորանում, դալարում դարձյալ…»։ Նորանալու էր հայոց թթենին եւ դալարելու…
Սարդարապատ եղավ՝ մի նոր Ավարայր, եւ յաթաղանն առած երեկվա թուրքը Սարդարապատի հայ զինվորի դեմ խուճապահար փախավ։ Փախավ մազապուրծ։ Որովհետեւ եթե կա «ողբամ մեռելոց», ապա կա նաեւ ու եղավ «կոչեմ ապրողաց»։ Հայրենյաց կոչը ոտքի հանեց ապրողներին ու վերապրողներին, եւ 15-ի սեւ ապրիլը դարձավ կարմիր մայիս՝ իր նոր Կարմիր Վարդաններով։
«Ուզեցին մի հայ թողնել եւ այն էլ՝ թանգարանում…»։
Որքան էլ ողբերգական ու դիվային, նույնքան էլ անհեթեթ ու ծիծաղելի մտագարություն, զառանցանք։ Մահվան անդունդի եզրին կանգնած ժողովուրդը վիրավոր վագրի ոստյունով հասնելու էր փրկության ափ, եւ դա հրաշքի էր նմանվելու, բայց այնքան իրական, շոշափելի, որ շարժելու էր աշխարհի զարմանքն ու հիացմունքը։ Այն աշխարհի, որի մեղապարտ հայացքի ներքո կատարվեց ահավոր եղեռնագործությունը…
Եղեռն ապրած ժողովուրդն այսօր կերտում է իր նոր պետականությունն ու աշխարհի հետ խոսում իր հին ու նոր քաղաքակրթության լեզվով՝ որպես լիիրավ անդամ միջազգային հանրության, հպարտ իր անցյալ ու ներկայով եւ իր զավակներով, որոնց ներդրումը հսկայական է համաշխարհային հոգեւոր ու գիտական գանձարանում։ Դա է ամենաիսկական պատասխանը եղեռնագործներին, դա է ամենաարդար հատուցումը նրանց։ Եվ, այնուամենայնիվ, հարցը մինչեւ վերջ փակված չէ, քանի դեռ Թուրքիան չի թերթել իր իսկ անցյալի ամենամութ էջը եւ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունն իր իսկ ձեռքով։ Աշխարհն այդ ճանապարհին է, արդեն բազմաթիվ երկրներ ճանաչել են եւ պետականորեն ընդունել Հայոց եղեռնը՝ որպես 20-րդ հարյուրամյակի առաջին ցեղասպանություն։ Հանցանք ոչ միայն մեկ ազգի, այլեւ հանուր մարդկության դեմ, եւ մարդկությունը պետք է միահամուռ կերպով ճանաչի ու դատապարտի այն։ Սա է հետագա բոլոր հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման ամենաառաջին եւ ամենաիրական գրավականը։ Բայց կա եւ արդարության խնդիր, որի լուծմանը հետամուտ ենք լինելու մենք՝ հայերս, հայրենիքում լինենք, թե ի սփյուռս աշխարհի։
Մենք գիտենք՝ որտեղ է արդարությունը, եւ դա պետք է իմանա նաեւ համայն աշխարհը։
Մենք գիտենք՝ որն է ճշմարտությունը։ Այն մեկն է եւ անբեկանելի, անժխտելի, երկու ճշմարտություն չկա, լինել չի կարող, եւ սա բոլորը պետք է ընդունեն եւ սերտեն որպես հավիտենական դաս։
Այդ դասը մենք գիտենք մեր պատմությամբ։ Գիտենք նաեւ մեր ներկայով, իմանալու ենք նաեւ ապագայով, որը, հավատ դարձնենք համազգային, ավելի ու ավելի վառ, լուսավոր է լինելու, եւ մենք՝
«Կա՛նք, պիտի լինե՛նք եւ դեռ շատանա՛նք»։
«Հայ զինվոր»
Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Պատմության էջերից