ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ. ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ
Նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է: Մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն: Սխալվելու իրավունք չկա. չէ՞ որ սակրավորների ճշգրիտ գործողություններից ոչ միայն իրենց սեփական, այլև մյուս զորատեսակների անձնակազմերի կյանքն ու անվտանգությունն են կախված և իհարկե` մարտական գործողությունների հաղթական ու անխոչընդոտ ընթացքն ու ելքը:
Օրերս «Բաղրամյան» զորավարժարանում ինժեներասակրավորային գումարտակի կազմով անցկացվեց մարտավարամասնագիտական զորավարժություն: Նպատակը ստորաբաժանման մարտական պատրաստվածության վիճակը, մարտական ներդաշնակման ունակությունը մոտոհրաձգային գնդի պաշտպանողական գործողությունների նախապատրաստման ընթացքում ստուգելն էր: Կարևոր խնդիրներից մեկն էլ, որին առանձնակի ուշադրությամբ հետևում էր ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, տարբեր աստիճանի հրամանատարական կազմի՝ մարտական խնդիրների պլանավորման և որոշումների ընդունման հմտությունների ստուգումն էր:
«Զորավարժությունն ամբողջապես ներածականներով ենք անցկացնում,- դաշտում ընթացող նախապատրաստման աշխատանքներին ուշիուշով հետևելով` հընթացս բացատրում է զորավարժության ղեկավար, ինժեներասակրավորային զորամասի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Աթաբեկյանը: Ծառայության 25 տարիների գերակշիռ մասը սահմանապահ զորամասերում ծառայած զինվորականը վստահ է՝ մարտի դաշտում արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու կարողությունն առաջնահերթ նշանակություն ունի:- Յուրաքանչյուր ջոկի, դասակի և վաշտի հրամանատար առանձին ներածականներ է ստանալու: Այսպիսով՝ մենք զորավարժության իրավիճակը, առաջադրված խնդիրների կատարման փուլն է՛լ ավելի ենք մոտեցնում մարտական գործողություններին: Հնարավորություն ենք տալիս հրամանատարներին առավել վստահ ու վճռական գործելու փոփոխական իրավիճակներում»:
Ազդարարվում է զորավարժության մեկնարկը: Հետևում ենք, թե ինչպես են «մարտադաշտի» տարբեր հատվածներում գործում գումարտակի անձնակազմի համապատասխան խմբերը: Տեխնիկայի օգնությամբ տեղադրվում են հակատանկային ականները: Հետախուզության տվյալների համաձայն՝ հակահարձակման ուղղության հատվածում առկա է քանդված կամուրջ: Համապատասխան տեխնիկայի միջոցով անհապաղ ձեռնարկվում են մեխանիզացված կամուրջների տեղադրման գործողությունները: Ճանապարհների փլուզված հատվածներում աշխատում են ուղեհարթիչ մեքենաները՝ ապահովելով ճանապարհների անցանելիությունը մեր զորքի համար: Դաշտի մի հատվածում, որտեղից, ըստ հետախուզության տվյալների, նախապատրաստվում էր հակառակորդի ներխուժումը, իրականացվում է պայթյուն. առաջացած փլուզվածքների շնորհիվ կասեցվում է պայմանական հակառակորդի առաջընթացի հնարավորությունը: Դաշտի ականապատ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնում մի խումբ սակրավորներ: Նրանք վնասազերծում են ականներն ու, ավարտելով իրենց գործը, ազդանշանային համազարկով տեղեկացնում յուրայիններին` անցումն ապահով է:
Զորավարժության ավարտին գնդապետ Աթաբեկյանը գոհունակությամբ նշեց. ստորաբաժանման անձնակազմն առաջադրված բոլոր խնդիրներն իրականացրել է ինչպես հարկն է. գործել է ներդաշնակ, հստակ ու արդյունավետ:
«Գործնական պարապմունքների կարևորությունը հսկայական է,-ասում է գնդապետը. -զինվորն այս կերպ տեսական պարապմունքների փուլից իր գիտելիքների ու հմտությունների բազայով տեղափոխվում է դաշտ, որտեղ և փաստորեն գործնականում կիրառում է դրանք: Մինչև զորավարժությունը, ճամբարային պարապմունքներն անցկացրել ենք հիմնականում գիշերային պայմաններում. չէ՞ որ ինժեներասակրավորային ստորաբաժանումներն իրենց խնդիրները մեծ մասամբ հենց գիշերվա քողի ներքո են իրականացնում: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ պետք է լինեն մթության պայմաններում լիարժեք ու արդյունավետ գործելու: Իմ և գումարտակի հրամանատարի գլխավորությամբ այդ ընթացքում անընդհատ տրվող ներածականներով զինվորին հնարավորություն ենք տվել նոր իրավիճակում որոշումներ ընդունելու, արագ կողմնորոշվելու: Եվ սա, ինչ խոսք, կարևոր փորձ կլինի նրանց հետագա ծառայության համար: Որպես նախնական գնահատական` «լավ» կգնահատեմ ստորաբաժանման գործողությունները»:
Ինժեներատեխնիկական վաշտի հրամանատար, կապիտան Սարո Գրիգորյանն անթաքույց հպարտությամբ խոսեց զորավարժության ընթացքում իր ղեկավարած վաշտի գործողությունների մասին: «Վաշտի կազմով մենք այսօր իրականացրինք մեխանիզացված կամուրջների տեղադրում, ուղեհարթում, փլվածքներում անցումների բացում, որպեսզի ապահովենք մեր մյուս ստորաբաժանումների ազատ տեղաշարժը դեպի առաջնագիծ: Իհարկե, լավ արդյունքի սպասում էի, բայց այսպիսի գերազանց աշխատանք չէի ակնկալում, քանի որ վաշտի շատ զինվորներ առաջին անգամ էին մասնակցում զորավարժության: Զորավարժությանը մասնակցում էին նաև զինվորներ, որոնց համար սա վերջին զորավարժությունն էր ԶՈՒ-ում: Շուտով զորացրվելու են: Եվ նրանք իրենց գերազանց դրսևորեցին:
Արդեն իսկ նախնական գնահատականը տրվել է, ու շատ բարձր է գնահատվել մեր աշխատանքը: Ես ուրախ ու հպարտ եմ իմ զինվորներով, քանի որ ոչ մի խնդիր, ոչ մի խոչընդոտ չառաջացավ զորավարժության ընթացքում. գործեցին հստակ, ներդաշնակ ու արդյունավետ»:
Զորավարժության ընթացքում աչքի ընկած զինվորներից մեկն էլ կրտսեր սերժանտ Արմեն Գումաշյանն է, որի զինծառայության ավարտին հաշված ամիսներ են մնացել: Արմենը գյումրեցի է, մինչև զորակոչվելը ավարտել է Գյումրիի գեղարվեստի ակադեմիան: Կզորացրվի ու կշարունակի քանդակագործի մասնագիտությունը: «Իսկ առայժմ սակրավոր եմ ու շատ հպարտ եմ դրանով,- ժպիտով ասում է երիտասարդը: -Դասերի ընթացքում մենք սովորում ենք գրեթե բոլոր զինվորական մասնագիտություններին բնորոշ հմտությունները, քանի որ, իրավիճակից կախված, կարող է կարիք լինի թե՛ վարորդի աշխատանքի, թե՛ դիպուկ կրակ վարելու: Ընդհանրապես, թե՛ ես, թե՛ ստորաբաժանումս միշտ բարձր ցուցանիշներ ենք գրանցում կրակայինից:
Հատկապես դաշտային պարապմունքները շատ են փոխում մեր տղաներին: Մի կողմից բարձրանում է վստահությունը սեփական ուժերի հանդեպ, մյուս կողմից գիտելիքներն են ամրապնդվում: Հատկապես ոգևորված էին առաջին անգամ զորավարժության մասնակցող մեր զինվորները: Ավելի շատ էին վազվզում, ուզում էին ամեն ինչին մասնակցել, մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ու ջանք չէին խնայում իրենց խնդիրը ինչպես հարկն է կատարելու համար»:
Զորավարժության արդյունքների վերջնական ամփոփումը դեռ առջևում է: Սակայն նախնական գնահատականների համաձայն` ստորաբաժանումը լիովին պատրաստ է կատարելու առաջադրված խնդիրները:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի եւ ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում