ՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏ
Օրերս ՀՀ վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Բացելով նիստը և շնորհավորելով բոլորին` վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը խոսեց անկախության հռչակման առանձնահատկությունների, պատմական նշանակության, պետական կառույցների կայացման դժվարությունների մասին, անդրադարձավ անցած քսան տարիների ընթացքում վետերանական կազմակերպությունների գործունեությանը:
Նա ընդգծեց, որ անկախության հռչակումից հետո առաջնահերթ նշանակություն ստացավ այն պահպանելու հարցը: Անհրաժեշտ էր կազմակերպել ուժեղ և մարտունակ բանակ, որը կփոխարիներ կամավորական ջոկատներին: Տեղի կադրերի, ինչպես նաև հայրենիքի կանչով Հայաստան վերադարձած հարյուրավոր հայազգի սպաների ջանքերով հայկական կանոնավոր բանակի ձևավորումը իրականություն դարձավ: Աստիճանաբար բարձրացավ զինվորների մարտական պատրաստվածությունը, զորքերը համալրվեցին ժամանակակից սպառազինությամբ, և այսօր հայկական բանակը հաստատապես հայ ժողովրդի անկախության պաշտպանության հուսալի գործոն է:
-Անկախությունը կռիվ էր մեր հավաքական պատվի, ազգային արժանապատվության, լինելիության իրավունքի և ազատության համար: Ու մենք բոլորս այդ գաղափարների իրագործման համար տվեցինք ինչ կարող էինք: Մեր զրկանքները դարձան փամփուշտ, զենք, հաց ու ջուր հայրենիքը պաշտպանող զինվորի համար,-նշեց գնդապետը:
Կարևորելով անկախության հռչակումը` գնդապետ Եսայանը խոսեց նաև դրա հետ մեկտեղ ձեռք բերված հնարավորությունների, իրավունքների, կարողությունների մասին, սակայն ամենից առաջ անկախությունը պատասխանատվություն է` կերտելու մեր դարերի երազանքը, նաև լուծելու յուրաքանչյուր քաղաքացու անհատական խնդիրները: Անցած քսան տարիների ընթացքում բազմաթիվ նվաճումներ ենք ունեցել, սակայն, ինչպես նշեց գնդապետը, դեռ անելիք շատ ունենք, հատկապես վետերանների տարաբնույթ խնդիրների լուծման առումով: Առաջնահերթ լուծում են պահանջում թիկունքի և աշխատանքի վետերաններին առնչվող հարցերը, անհրաժեշտություն է զգացվում սոցիալական խնդիրների լուծման առումով նրանց չտարանջատել 1941-1945թթ. Հայրենական պատերազմի մարտական գործողությունների մասնակից մյուս վետերաններից:
Միջոցառումը եզրափակվեց Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմող հայրենասիրական տեսաֆիլմի դիտումով:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ