ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԽՍՀ արտգործնախարար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի առաջաբանով երիտթուրքերի եւ նրանց գործունեության վերաբերյալ ուշագրավ հրապարակումը լույս է տեսել «Արեւելագիտական հարցեր» հանդեսում (ԵՊՀ հրատարակչություն, 1983թ., պրակ 1-2)։ Այն իթթիհատականների «հակահայկական քաղաքականության ակունքները բացահայտող շատ կարեւոր փաստաթուղթ է»։ Տպագրվում է մասնակի կրճատումներով։
Հնացած ոստիկանության մինիստրությանը փոխարինելու եկավ «Հասարակական անվտանգությունը», որին ենթարկվում էին ոստիկանությունն ու ժանդարմերիան, եւ որի գլուխ նշանակվեց մի սալոնիկցի ֆրիմասոն։
Պառլամենտին հրամայվեց այնուհետեւ ընդունել «միությունների վերաբերյալ օրենքը», որը հնարավորություն տվեց «Միություն եւ Առաջադիմություն» կոմիտեին ճնշել նմանօրինակ կամ մրցակից ընկերություններին բուլղարների, հույների ու այլոց մոտ։
Ներքին գործերի մինիստր Թալեաթ բեյը, որը ծագումով Ադրիանապոլսի շրջանի Քիրջալիում ծնված գնչու է, եւ ֆինանսների մինիստր Ջավիդ բեյը, որը կրիպտոհրեա է, պաշտոնական արտահայտությունն են այն գաղտնի ուժի, որ ունի Կոմիտեն։ Նրանք պառլամենտի միակ ազդեցիկ դեմքերն են, ինչպես նաեւ գագաթն են Թուրքիայի ֆրիմասոնության։ Թալեաթ բեյը մեկ տարի առաջ ներքին գործերի մինիստր դառնալուց ի վեր ընդլայնում է ֆրիմասոնական կոմիտեների ցանցը կայսրությունում, նահանգապետների եւ փոխնահանգապետների գավառական պոստերում նշանակելով նրանց, ովքեր կա՛մ մասոն են, կա՛մ Կոմիտեի վստահված մարդիկ, իսկ ավելի հաճախ թե՛ մեկն են եւ թե՛ մյուսը։ Նպատակը հետեւյալն է, եթե ներկա պառլամենտի մեծամասնությունը դիպվածով կամ չնայած պաշարողական վիճակի ահաբեկումներին, կազմակերպի ընդդիմություն, ընդհուպ մինչեւ Թալեաթի եւ Ջավիդի դիրքերի վտանգումը, վերջիններս դրան կպատասխանեն հեղաշրջումով, կցրեն պառլամենտը եւ կկազմակերպեն նոր ընտրություններ, որոնք կսարքվեն կոմիտեի ակումբների եւ մասոնական ժողովարանների կողմից գավառներում, եւ կընտրվեն ավելի հնազանդ երեսփոխաններ։ Այսպիսով՝ Գրանտ Օրիենտը, որի գերագույն Հովվապետն է Թալեաթ բեյը, Թուրքիայի անտեսանելի կառավարությունն է։
Երիտթուրքական շարժման մանրազնին ուսումնասիրությունից բխում է, որ այն գերազանցապես հրեական է եւ «թուրքական»՝ ի հակադրություն այլ օտոմանյան տարրերի, օրինակ՝ արաբների, հույների, բուլղարների, հայերի եւ այլոց։ Թուրքը գլխավորապես զինվոր է, եւ սահմանադրական կարգի ներքո նա ձգտում է պահպանել իր ցեղի գերազանցությունը, որին նա կարող է հասնել լոկ բանակի միջոցով։ Վերջինիս վրա նա ծախսում է իր տարեկան եկամուտի կեսը եւ բանակն օգտագործում է մյուս տարրերին սարսափի եւ լուռ ու մունջ վիճակում պահելու համար։ Սահմանադրությունն ինչ-որ ձեւով տնտեսական առաջընթաց է ենթադրում, բայց թուրքական տնտեսական օրգանիզմը լղարիկ տեսակներից է եւ առանց պաշտպանության չի կարող գեթ մեկ շաբաթ դիմանալ։ Սկզբում հույս կար, որ հայերը, բուլղարները, հույները եւ օտոմանյան հրեաները կծառայեն որպես տնտեսական հենարաններ, բայց, թվում է, թե երիտթուրքերը դաշն են կապել միայն օտոմանյան եւ օտարերկրյա հրեաների հետ եւ մեկուսացրել են մյուս ազգություններին։ Միեւնույն հետեւանքը նկատելի էր Հունգարիայում, որտեղ հունգարացիները, որ պատկանում են թուրքական ցեղին եւ նրանց նման զուրկ են գործիմացության իրական զգայարաններից։ Հունգարիան համարյա ամբողջությամբ ընկել է հրեաների տնտեսական ու ֆինանսական տիրապետության տակ։ Վերջիններս կարծես թե խճճել են տնտեսական գործերի մեջ զբաղված թուրքերին իրենց ցանցի մեջ, իսկ քանի որ այնպես է ստացվել, որ Թուրքիայի մեջ են մտնում Իսրայելի սուրբ վայրերը, շատ բնական է, որ հրեաները պետք է ձգտեին բացառիկ ազդեցության դիրք ունենալ իրենց իդեալներն առաջ մղելու, այսինքն՝ Պաղեստինում կամ Բաբելոնում վերջնական ինքնավար հրեական պետություն ստեղծելու համար, ինչպես բացատրել է Իզրայել Զանգվիլը ապրիլ ամսին «Ֆորտնայթլի ռեւյու»-ում հրապարակած իր հոդվածում։ Նա ուզում է մի քարով երկու թռչուն խփել, եթե կարողանա թուրքերից դեպի Թուրքիա հրեաների անսահմանափակ ներգաղթի իրավունք ստանալ, մի նպատակ, որ նա հետապնդել է նախկինում տարիներ շարունակ եւ Միջագետք տեղափոխել Ռուսաստանում եւ Ռումինիայում ճնշված իր կրոնակիցների փողերից մի քանի միլիոն։ Օտարերկրյա հրեաների «անսահմանափակ ներգաղթի» դիմաց նա երիտթուրքերին առաջարկել է զոհաբերել իր մայրենի լեզուն եւ փոխարինել այն թուրքերենով եւ նույնիսկ իր վրա է վերցրել ամբողջ թուրքական ազգային պարտքը։ Դոկտոր Նազիմը, Սալոնիկի կոմիտեի առավել ազդեցիկ անդամներից մեկը, որը, ինչպես ասում են, հրեական ծագում ունի, իր վստահված գործընկերոջ հետ (իրականում Ֆայիք Բեյ Տոլեդո, սալոնիկցի մի կրիպտոհրեա) այցելել է Judaeo-Colonisation Association-ի Փարիզի մասնաճյուղը եւ այն ժամանակվանից բացահայտորեն աջակցել է 200000 ռումինական հրեաների Մակեդոնիա եւ մի քանի միլիոն ռուսական հրեաների Միջագետք ներգաղթելու գործին։
Իզրայել Զանգվիլը, վերը նշված «Ֆորտնայթլի ռեւյու»-ի ապրիլյան համարի իր հոդվածում հույս է հայտնում, որ ներկա մեծ վեզիր Հաքքի Փաշային «կարելի է վստահել, որպեսզի նա Բ. Դռանը ողջամիտ խորհուրդ տա այդ հարցի շուրջ, այսինքն՝ Միջագետքում հրեական ինքնավար պետության օգտին»։ Հաքքի Փաշային մի անձնական հրեա քարտուղար էր տրամադրվել, եւ նա ավելի հաճախ սկսեց այցելել մի հրեական տուն, բայց հրեական նախագծերը տակավին չեն իրագործված։ Անկասկած, երբ երիտթուրքերն իրենց ծանր ռազմական ծախսերի հետեւանքով փոխհատուցման կարիք ունենան, հրեական պարտատերերը հետագա ճնշում կգործադրեն նրանց վրա։ Աբդուլ Համիդը, երբ ֆինանսական ծանր դժվարությունների մեջ էր, մերժել էր սիոնիստների պարագլուխ Հերցլի նմանատիպ առաջարկությունը եւ, թվում է, թե միեւնույն գաղափարն է փայփայում Զանգվիլն իր մտքում, երբ նկատում է, թե՝ «Քանի դեռ երիտթուրքերն ավելի քիչ առողջ բանականություն ունեն, քան փող, պետք է նրանց հասկացնել, որ իրենց կայսրության համար հսկայական առավելություն կլինի թույլատրել արդյունագործ եւ ոչ մարտաշունչ սպիտակ բնակչության խաղաղ ներհոսքը»։
Միջագետքը եւ Պաղեստինը հանդիսանում են հրեաների վերջնական նպատակը։ Անմիջական նպատակը, որի համար նրանք աշխատում են, փաստորեն, Թուրքիայի բացարձակ տնտեսական նվաճումն է եւ այդ երկրում նոր ձեռնարկումները։ Նրանք արդեն իրենց ձեռքում են պահում կամ վերահսկում են երիտթուրքական կառավարության մեխանիզմի առանցքային կետերը, թեեւ հասարակաց աշխատանքների մինիստրությունը, որը կարող է ներազդել կոնցեսիաներ շնորհելու վրա, դեռեւս մի հայի՝ Հալաջյան էֆենդու ձեռքում է։ Երբ նրա նախորդը, մի այլ հայ, ազատվեց այդ պաշտոնից, վճռական փորձ արվեց նրա փոխարեն նշանակելու մի հրեայի կամ հրեաների մի թեկնածուի։
Ակնհայտ է, որ երիտթուրքական խորհուրդներում իր բացառիկ տիրապետությունը պահպանելու բացառիկ կենսական շահագրգռվածություն ունեցող հրեան հավասարապես շահագրգռված է նաեւ միշտ վառ պահել անհամաձայնությունների այն կրակը, որ կա թուրքերի եւ նրա ¥հրեաների¤ հնարավոր թշնամիների, այսինքն` հայերի ու հույների մեջ։
Հրեաները միջոցներ տրամադրելով թուրքերին՝ նրանց վրա իշխանություն ձեռք բերեցին եւ որպեսզի պահպանեն այդ իշխանությունը, նրանք գոնե արտաքնապես պետք է երիտթուրքերին օգնեին իրագործելու իրենց «ազգային» երազանքները։ Երկուսին էլ անհրաժեշտ են ծածկամտությունը եւ խաբուսիկ մեթոդները։
Որո՞նք են Երիտթուրքերի հավանական ձգտումները։ Նրանց քաղաքացիական ներկայացուցիչներն են Թալեաթ բեյը, որը հեռագրատան ծառայող է եղել եւ ստացել է ամսական 3 թուրքական ֆունտ, ֆինանսների մինիստր Ջավիդ բեյը, որը եղել է դպրոցի ուսուցիչ եւ ստացել է ամսական 10 ֆունտ եւ Հուսեին Ջավիդ բեյը, երեսփոխան եւ «Թանին»-ի խմբագիրը, որը ժամանակին Աբդուլ Համիդի համար էջը 4 պենսով վեպեր է թարգմանել թուրքերեն։ Նրանց բնական բնազդն էր եւ այժմ էլ մնում է` ուրիշներին մինչեւ իրենց մակարդակն իջեցնելը։ Երեսուն միլիոնանոց կայսրությունում թուրքական տարրը կազմում է մոտ վեց միլիոն։ Իսկական սահմանադրական վարչակարգի պայմաններում, որը թույլատրում է որոշակի շիտակություն եւ ազատություն մյուս տարրերի հանդեպ, այն կուլ կգնար, մանավանդ որ այն զիջում է մեծամասնությանը ¥արաբներին, հույներին, բուլղարներին եւ այլն¤ խելքով, կրթությամբ եւ առեւտրական հատկանիշներով։ Թուրք ազգը կարող է պահպանել իր դիրքերն իբրեւ իշխող ազգ միայն կռվելու իր կարողությամբ, այսինքն՝ իր բանակով։ Մայրաքաղաքն ու պառլամենտը նա իր ձեռքում է պահում զինվորական օրենքի միջոցով։ Հայերին վախեցրին Ադանայի ջարդերով, հույներին լռեցրին ահաբեկման ենթարկելով, բուլղարների քաղաքական կյանքին վերջ տրվեց բռնի կերպով փակելով նրանց ակումբներն ու ընկերությունները։ Այսքանն արվեց «կատաղի» քրիստոնեական տարրերի հանդեպ։ Այժմ թուրքական բանակը «հանդարտեցնում է» անհնազանդ ալբանական մահմեդականներին, եւ, հավանաբար, նույն բանին կենթարկվեն նաեւ քրդերն ու արաբները։ Քանի որ թուրքական տարրը չի կարող փայլել իր մտավոր կամ առեւտրական նվաճումներով, բնազդն ստիպում է նրան ցուցադրել իր առավելությունը ռազմական «գործունեությամբ»։ Եթե նրան հաջողվի ձեռք բերել կայսրության լուռ հնազանդությունը, ապա նրա մղումը կլինի ակտիվ շովինիստական քաղաքականություն վարելը հանդեպ Պարսկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի եւ միգուցե` Բուլղարիայի։ Տվյալ պահին նրան զբաղեցնում են Կրետեի հարցի հետ կապված ողջամիտ դատողությունները, որի նպաստավոր լուծման համար դեռեւս անհրաժեշտ է Եվրոպայի բարի կամքը։ Վերջինիս առկայությունը միայն կգրգռեր նրա ախորժակը՝ հասնելու նույն հաջողություններին նաեւ Եգիպտոսում եւ այլուր։ Սակայն այս ամենը կախված է եվրոպացի, այսինքն՝ գլխավորապես հրեա ֆինանսիստներից, որոնք տրամադրում են նրան անհրաժեշտ գումարներ` պահելու մի բանակ, որը հակադրվում է նրա տնտեսական զարգացման փաստական վիճակին։ Ներկայումս Թուրքիայի սահմանադրական վարչակարգը մի խաբեություն է, եւ նայելով դեպի ապագան, մի համարյա անլուծելի խնդիր է թվում, թե ինչպես կարող են թուրքերը իսկական սահմանադրական վարչակարգի օրոք պահպանել իրենց գերիշխանությունը, հենվելով միայն ուժի վրա։
Երիտթուրքերը, մասամբ հրեական մասոնության ոգեշնչմամբ, մասամբ էլ այն բանի պատճառով, որ ֆրանսերենը Լեւանտում լայնորեն տարածված միակ լեզուն է, պատճենավորում են ֆրանսիական հեղափոխությունը եւ նրա անմարդկային եւ դաժան մեթոդները։ Ֆրանսիական հեղափոխության զարգացումը հասցրեց անտագոնիզմի Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ, եւ եթե թուրքական հեղափոխությունը զարգանա նույն ուղղությամբ, այն կտանի Թուրքիային դեպի նմանօրինակ անտագոնիզմ Անգլիայի իդեալների եւ շահերի հետ։
Երիտթուրքական քաղաքականությունը մինչեւ օրս համարյա լրիվ օտարացրել է օտոմանյան եւ հատկապես սիրիական արաբներին, որոնք հույների, բուլղարների նման կորցրել են Թուրքիայում իսկական սահմանադրական վարչակարգ ստեղծելու ամեն հույս, վախենալով թուրքերի ծանր ձեռքից եւ փորձում են համախմբվել միությունում, որը կպաշտպաներ արաբների շահերը։ Նրանք ատում եւ արհամարհում են թուրքերին` իրենց համարելով գաղափարական եւ քաղաքակրթական մակարդակով ավելի բարձր, երբեք չեն համաձայնի թուրքանալ եւ չեն վախենա սիոնիզմից ու հրեաների ներխուժումից Սիրիա եւ Միջագետք։ Բայց նրանց միջեւ ընկած են անապատներ, բարբառների տարբերություն, միավորվելու ռասսայական անկարելիություն…
Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Պատմության էջերից