Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԻ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ



ՍԱՐԻ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔԱմեն օր, առավոտից մինչև երեկո, զորամասերում ընթանում են մարզումները, զորավարժարաններում գործարկվում է ծանր զրահատեխնիկան, մեկը մյուսի հետևից խոցվում են ուսումնական թիրախները: Արվում է առավելագույնը՝ ամրապնդելու և կատարելագործելու զինվորների մասնագիտական հմտություններն ու ունակությունները:

Ծառայողական առօրյայի և ուսումնական ծրագրի անբաժան մասն են ֆիզպատրաստության դասաժամերը. անկախ եղանակային պայմաններից, զինվորները կոփում են մարմինն ու ոգին:

 

Գյումրեցի Սամվել Հարությունյանը յոթ տարի զբաղվել է ծանրամարտով: Հպարտանում է. ծառայության ընթացքում ֆիզիկական ուժից բացի, զարգացրել է նաև դիմացկունությունը: Հեշտությամբ հաղթահարում է թե՛ 3, թե՛ 15 կիլոմետրանոց վազքուղիները:

Ֆիզպատրաստության դասընթացի հանդեպ առանձնահատուկ ուշադրության մասին է վկայում նաև ամիսներ առաջ տղաների սահմանած ռեկորդը: Համաբանակային մրցույթում վաշտի զինվորները արգելագոտին հաղթահարեցին 14 րոպե 15 վայրկյանում՝ 38 վայրկյանով գերազանցելով նախկին ռեկորդը:

Ռուսաստանում մեծացած Ալիկը Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ է: Սակայն 18-ը լրանալուն պես մայրենիին ընդհանրապես չտիրապետող Ալիկը գնել էր տոմսն ու եկել Հայաստան՝ պարտքը մատուցելու հայրենիքին:

«Հայաստան վերադառնալու, այստեղ ծառայելու որոշմանս  պատճառը հայրենիքի հանդեպ մեծ սերն էր,- ասում է Ալիկը: -Գիտեի, որ պատերազմական իրավիճակ է, որ շատ երիտասարդներ զոհվեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: Մայրս ցանկանում էր, որ Ռուսաստանում ծառայեմ, քանի որ այնտեղ ծառայությունս ընդամենը մեկ տարի էր տևելու: Իսկ ես ասացի՝ չէ՛, հայրենիքում պետք է ծառայեմ: Կապ չունի, որտեղ եմ հասակ առել, կարևոր է, թե որտեղ եմ ծնվել»:

Այժմ հայկական բանակի զինվորական համազգեստը պատվով  կրող Ալիկն իր տարերքի մեջ է. դասերն ու պարապմունքներն այնքան հագեցած են, որ  չի էլ նկատում՝ ինչպես է թռչում ժամանակը: «Իհարկե, կարոտում եմ հարազատներիս, բայց, սա բանակ է: Պետք է ծառայել, որ մեր հայ ժողովուրդը հանգիստ քնի»:

ՍԱՐԻ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔԿեսօրին, դասաժամերից ազատ ժամանակ, Ալիկը պահարանից վերցնում է այբբենարանն ու տետրում գրում առաջին հայերեն տառերն ու բառակապակցությունները: Ասում է՝  իր առջև խնդիր է դրել. ծառայության երկու տարիների ընթացքում  պետք է սովորի մայրենիով գրել ու կարդալ: «Սա առաջին հերթին ինձ է հարկավոր: «Հայ եմ ու չգիտեմ իմ մայրենին: Ոչ ոք չի պարտադրում ինձ. սա իմ որոշումն է, իմ սրտի ու հոգու ցանկությունը: Այբբենարանից կսկսեմ, հետո կանցնեմ գրքեր կարդալուն»:

Տանկի լավագույն հաշվարկներից մեկի հրամանատար Ռոբերտ Սարգսյանը խոստովանում է՝ երբեք չի մտածել տանկիստ դառնալու մասին, սակայն  ծառայության ընթացքում, յուրաքանչյուր մարտական կրակից ու խոցված թիրախից հետո ավելի ու ավելի է հիացել տանկի հզորությամբ, վստահություն է ձեռք բերել իր ու մարտական ընկերների ուժերի հանդեպ: «Վստահությունը գալիս է գիտելիքներ կուտակելուն զուգընթաց: Ես ու իմ տանկի անձնակազմն այժմ վստահ ենք մեր գիտելիքներին ու կարողություններին: Շուտով զորացրվելու եմ, բայց միշտ պատրաստ եմ վերադառնալու և կատարելու իմ խնդիրը, կանգնելու ընկերներիս կողքին»:

Կատարել խնդիրն ամեն գնով. սա հատուկ նշանակության ստորաբաժանումների չգրված կարգախոսն է ու պատվի հարցը: Իր խնդրանքով ժամկետային զինծառայությունը հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում անցկացնող Սարգիսը խոստովանում է. իրեն միշտ գրավել են սուր զգացողությունները, երբեք չի խուսափել ֆիզիկական ծանր մարզումներից, պատվախնդրորեն ձգտել ու ամեն անգամ բարելավել է իր արդյունքները: «Այս պարապմունքների շնորհիվ է, որ դարձել եմ բանակի չեմպիոն: Երեկ զորամիավորման կազմով անցկացված մրցումներում վազքից լավագույն արդյունքը ես գրանցեցի»:

Զորամասում դասերն ու պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու օրեցօր բարելավում են ցուցանիշները: Սա շարունակական ու անվերջ գործընթաց է, երկրի խաղաղությունն ապահովելու միակ միջոցը:  Խոսելով այս մասին՝ Ալիկը նշում է.

«Անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր հարազատները, որոնք հպարտանում են մեզանով ու անհանգստանում մեզ համար, հանգիստ գլուխները բարձին դնեն. մենք վստահորեն հսկում ենք սահմանը և նրանց համար սարի պես կանգնած ենք»:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Ազգային բանակ


10/05/2019