ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐՑՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԱԶՄԱՆԱՎԸ
Թուրքիան սպառազինության է վերցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը` «Հեյբելիադա» կորվետը: Մինչ այժմ Թուրքիան կառուցել է միայն փոքր պարեկանավեր:
Ռազմանավը կառուցվել է 3 միլիարդ դոլար արժողությամբ MILGEM նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է Թուրքիայի ռազմական նավատորմին մատակարարել 8 ռազմանավ: Սեփական կարիքները բավարարելուց հետո Թուրքիան նախատեսում է նաև արտահանել կորվետները:
MILGEM ծրագիրն ընդունվել է 1996թ. մարտական նավեր արտադրող այլ պետություններից կախումը նվազեցնելու նպատակով: Այն կօգնի նաև անհրաժեշտ փորձ կուտակել ազգային նավաշինության ոլորտի հետագա զարգացման համար:
MILGEM դասի կորվետները նախատեսված են տեղազննության և դիտարկման, նշանակետերի հայտնաբերման, ափամերձ ցամաքային բազաների անվտանգության ապահովման, նաև հակասուզանավային ու հակաօդային պայքարի համար:
Նավերը համալրված են տարբեր ռադարներով ու սենսորներով, ռադիոէլեկտրոնային ու կապի համակարգերով: Սպառազինված են 76 մմ-անոց թնդանոթով, 12,7 մմ-անոց 2 գնդացիրներով, 8 հատ Harpoon թևավոր հրթիռներով, տարբեր տեսակի զենիթային հրթիռների արձակման կայանքներով, 324 մմ-անոց տորպեդային երկու ապարատներով:
Կորվետի վրա կարող է տեղակայվել մեկ ուղղաթիռ կամ մի քանի անօդաչու փոքր ապարատ: