«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»
Հատվածներ գրքից
Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի եւ Արմինե Մանուկյանների մեկենասությամբ:
Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան
Թալեաթն ընկերների մոտ պարծանքով ասում էր. «Ես հայերի հարցը երեք ամսվա ընթացքում ավելի հմտությամբ կարողացա լուծել, քան Աբդուլ Համիդը` երեք տարում»: Եվ այդ մտքով էլ «Բեռլիներ-Թագեբլաթ»-ի լրագրողի ուշադրությանն էր «հանձնել» իր անհավատալի փիլիսոփայությունը. «Մեզ քննադատում են, որ մենք ոչ մի տարբերություն չենք դնում անմեղ հայերի եւ մեղավորների միջեւ: Բայց բոլորովին հնարավոր չէ տարբերել՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք, ովքեր անմեղ են այսօր, հնարավոր է, մեղավոր դառնան վաղը»,- ասել էր նա:
Իսկ Մորգենթաուն ասում է, որ Թալեաթը մի զարմանալի պահանջ ներկայացրեց իրեն. «Ես ցանկանում եմ, որ դուք «Ամերիկյան կյանքի ապահովագրություն» ընկերությանը համոզեք, որ իրենց մոտ ապահովագրական պայմանագիր կնքած հայերի ցանկը մեզ ուղարկեն: Նրանք բոլորն էլ փաստորեն մահացած են հիմա, եւ նրանցից ժառանգ էլ չի մնացել, որ այսօր իրենց բաժին գումարը պահանջեն, ուստի, այս րոպեին թուրքական կառավարությունն է նրանց շահառուն: Արդյոք կարո՞ղ եք մի կերպ լուծել այս խնդիրը»:
Թուրքերը իրենց բանակի հաղթանակներից Գալիպոլիում եւ Հայաստանում եւ արեւմտյան ճակատում Եվրոպայի դաշնակիցների նահանջից հետո թերեւս մեծապես գոհ էին Գերմանիայի կողմնակիցը լինելուց:
Սակայն, դրությունը ամբողջապես փոխվեց, եւ թուրքերը տուժեցին Մերձավոր Արեւելքի պատերազմում, երբ 1916թ. սկզբին Էնվերը Կովկասում նոր հարձակում ծրագրեց ռուսների դեմ՝ օգտագործելով Գալիպոլիից արձակված 200 գումարտակներ: Ռուսները կռվելով սաստիկ ցրտի ու սառնամանիքի պայմաններում` հաջողեցին գրավել Թուրքիայի կարեւորագույն հենակետ Էրզրումը եւ դեռ ավելի մեծ ճնշում գործադրելով` գրավեցին Տրապիզոնը: Ռուսական մի այլ բանակ դուրս քշեց թուրքերին Պարսկաստանի արեւմտյան տարածքներից: Չնայած Ռուսաստանը երբեք չհասավ իր նախատեսած նպատակին` Բաղդադ, բայց եւ այնպես, նա դուրս քշեց հարյուր հազարավոր թուրքական բանակայիններին Միջին Արեւելքից:
Ապա Էնվերը կանգնած էր դեռ ավելի շատ լուրջ հարվածի դեմ հանդիման: Դա իսլամական աշխարհի ամենասուրբ քաղաքի` Մեքքայի, Շերիֆի պաշտոնական հայտարարությունն էր` ազատվել թուրքական լծից՝ հանուն արաբների անկախության:
Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ անվստահությունը գնալով մեծանում էր, վերջին հաշվով, գերմանացիները Թուրքիայի յոթ զորաբաժինները քայքայելով՝ քամել էին նրան: Երբեմն թուրք եւ գերմանացի սպաները ուղղակի կռվում էին միմյանց դեմ, հետեւաբար, բրիտանացիները նրանց իրարից անջատելով, հսկողության տակ էին առնում հեռու ճամբարներում:
Էնվերի եւ Թալեաթի համար ամեն ինչ ավարտված էր: Չորս տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայում սպանված զինվորների թիվը հասնում էր 427.000-ի: Այսպիսով` երիտթուրքերի միջեւ տարաձայնությունները ավելի ու ավելի էին աճում ու դառնում խայթիչ ու թշնամական…
Մեծ ծրագիրը ձախողված էր, եւ մրցախաղը՝ վերջացած: Երբեմնի «Միություն ու զարգացում» կոմիտեի փառավոր փաշաները պատրաստվում էին փախուստի: 1918թ. նոյեմբերի 2-ի գիշերը Էնվերը, Թալեաթը եւ Ջեմալը գաղտնի հանդիպում ունեցան Էնվերի օգնականի տանը եւ ապա Կ. Պոլիսը թողեցին ու հեռացան գերմանական տորպեդահար ռազմանավով:
Ավարտվեց երիտթուրքերի տիրապետությունը:
Խորագիր՝ #18 (1289) 15.05.2019 - 21.05.2019, Հոգևոր-մշակութային