ԱՅՍՊԻՍԻ ՏՂԵՐՔ ԵՆ ՄԵԶ ՊԵՏՔ…
…Բարձրանում էինք դիրքեր: Գարնանային անձրևներն ամբողջ ճանապարհը դարձրել էին դժվարանցանելի: Զինվորական ամենագնացը հաղթահարում էր բոլոր դժվարությունները: Մառախուղն աստիճանաբար թանձրանում էր: Մենք բարձրանում էինք լեռան լանջն ի վեր, իսկ ամպերը կարծես մեզ ընդառաջ էին գալիս: Հերթական ոլորանից հետո քարքարոտ ճանապարհին մեքենան հանկարծ կտրուկ արգելակեց: Ճամփեզրին մի զինծառայող ինչ-որ բան էր անում. գուցե ճտքակոշիկի քուղերն էր ուղղում, կամ հեռախոսակապի լարն էր ստուգում: Նրանից մի քանի մետր առաջ, ճանապարհի հենց մեջտեղում, մի մեծ շուն էր նստած: Արտաքուստ հանգիստ էր, բայց զգացվում էր, որ ամեն վայրկյան պատրաստ է ցատկի ու չի պատրաստվում ճանապարհը զիջել: Պայմանագրային զինծառայողը արագ վերջացրեց իր գործն ու կանգնեց: Նույն պահին շունը, հայացքը չկտրելով մեր մեքենայից, մի կողմ քաշվեց և ազատեց ճանապարհը: Շունը հսկում և պահպանում էր իր տիրոջը, եթե տերը թույլ է տալիս, ուրեմն կարող ենք անցնել. սահմանագոտու իսկական պահապան…
Ոգևորված շարունակեցինք ճանապարհը: Վերջապես հասանք հենակետ: «Մարտական իրադրությունն անփոփոխ է, հակառակորդի կողմից օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել»՝ այս զեկույցով զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանին դիմավորեց հենակետի ավագ, կապիտան Գևորգ Սահակյանը: Շրջեցինք տարածքում, ծանոթացանք հենակետում մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին: Մառախուղը մեկ ծածկում էր շուրջբոլորը, մեկ էլ բացվում ու հնարավորություն տալիս զմայլվելու գեղեցիկ տեսարաններով: Մերթընդմերթ անձրևում էր:
Չորս կողմն անտառ է, հենակետն էլ կարծես միաձուլված լինի բնությանը: Որոշ հատվածներում անտառն այնքան խիտ է, որ սահմանափակում է տեսադաշտը: Չափազանց դժվար է նման պայմաններում մարտական հերթապահությունը: Այստեղ երկու աչքը պետք է չորս անես: Եվ լավ է, որ տղաներին մեծապես օգնում է տեսադիտարկման համակարգը: Էկրանին պարզ տեսանք հակառակորդի դիրքերը, ծառաշատ հատվածները: Այդուհանդերձ, զինծառայողի աչալուրջ դիտարկումն առաջնահերթ է: Մտանք խրամուղի: Առաջին դիտակետում սերժանտ Գրիգոր Ծատուրյանն էր: Վեց տարի է՝ պայմանագրային զինծառայության է անցել: Պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել է ուսումնական զորամասում: Թվում է՝ մարտական հերթապահության փորձ չունենալը պետք է ազդեր պայմանագրային ծառայության որակի վրա, բայց արի ու տես, որ Գրիգորը ստորաբաժանման լավագույն դիրքապահներից է: Վերին Կարմիրաղբյուր գյուղից է, ամուսնացած է, մի աղջիկ ու մի տղա է մեծացնում:
-Ամեն ինչ մեր երեխաների խաղաղ ապագայի համար է,- ասաց Գրիգորը: -Հենց մտածում ենք նրանց մասին, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում:
Գրիգորի հետ միասին փորձեցինք դիտարկել տարածքը, բայց մառախուղը խանգարում էր: Իսկ Գրիգորը հստակ նշեց կրակի վարման իր տեղամասը, կողմնորոշիչները. փորձառու աչքն ուրիշ է:
Հաջորդ խրամաբջիջում դիտարկում էր իրականացնում շարքային Դավիթ Չոբանյանը: Ավելի քան տասներկու տարվա պայմանագրային ծառայության փորձ ունի, մինչ այդ էլ, որպես տեղանքին քաջածանոթ, մշտապես եղել է հայ զինվորի, բանակի կողքին, բանակի շարքում: Արդեն առանց ծառայության չի էլ պատկերացնում իր կյանքը: Ամբողջ ընտանիքով են զինծառայող. կինը պայմանագրային գումարտակի խոհարարն է, մինչ այդ էլ կապի ստորաբաժանումում է եղել, եղբայրն էլ նույն պայմանագրային գումարտակի զինծառայող է, այլ ուղղությամբ է մարտական հերթապահություն իրականացնում:
-Ուրիշ տեղ ինձ չեմ պատկերացնում, այստեղ բոլորն էլ ինձ հարազատ են դարձել: Բացի այդ, ամեն քար ու թուփ ծանոթ է, հաստատ որպես զինվորական ավելի շատ եմ իմ երկրին օգուտ տալիս,- ասաց Դավիթն ու ժպտալով հավելեց.- այստեղից էլ թոշակի եմ գնալու:
Դավիթը բազմազավակ հայր է: Երեք տղա և մի աղջիկ ունի, փոքրը հինգ ամսական է: Ապագա զինվորների հայրը ընտանիքի մասին իր հոգածությամբ օրինակ է մյուսների համար: Խորհուրդներ էր տալիս ամուսնանալ պատրաստվող Ռազմիկ Մկրտչյանին. հերթափոխը հանձնելուց հետո Ռազմիկը հարսանիք է անելու: Իր խորհուրդներով զրույցին միացավ նաև Արթուր Ալավերդյանը: Երեք տղա էլ նա ունի, մեծն այս տարի կզորակոչվի:
…Տևական ժամանակ կացարանում էինք, զրուցեցինք նաև ազատ հերթափոխի տղաների հետ: Հրամանատարի հետ կարգապահական, ծառայողական բնույթի տարբեր հարցեր էին քննարկում: Փոխգնդապետը անձնակազմի ծառայության ընթացքը ստուգելուց հետո լրացուցիչ հրահանգներ տվեց, ընդգծեց անվտանգության կանոնները առավել խստորեն պահպանելու անհրաժեշտությունը: Իսկ վերջում հավելեց.
-Ձեզ նման հայրենասեր, գործին նվիրված քաջ տղերք մեզ շատ են պետք: Դուք եք, որ երջանկություն չեք փորձում փնտրել օտար ափերում, այլ ձեր ավագ ընկերների օրինակով ձգտում եք շենացնել հայրենի եզերքը, ապահովել հայրական օջախների ու երկրի անվտանգությունը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #18 (1289) 15.05.2019 - 21.05.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում