Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ



ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հայտարարել է, որ Իրանի դեմ կարող է ռազմական օպերացիա անցկացվել, եթե Թեհրանը չդադարեցնի զարգացնել իր ատոմային ծրագիրը:
Միևնույն ժամանակ Ժերար Արոն նշել է, որ Իրանին հարվածներ հասցնելը անհավանական դժվար խնդիր կլինի, որը աղետալի հետևանքների կհանգեցնի ողջ տարածաշրջանի համար:

Դեսպանը փաստորեն կրկնել է ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հնչեցրած տեսակետը, որը հավանական էր համարել Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելը որոշակի հանգամանքների դեպքում: Իրանը պաշտոնապես դատապարտել է այդ մոտեցումը` հավելելով, որ հարձակման դեպքում անպայման համարժեք պատասխան կտա:

Թեհրանը պնդում է, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, սակայն արևմտյան պետությունները վստահ չեն դրանում: Այդ ծրագրի համաձայն` իրանական գործարաններում ուրանը պետք է հարստացվի մինչև 7%, ինչը բավարար է ատոմային վառելիք արտադրելու համար:
Վերջին տվյալներով ուրանը սկսել են հարստացնել մինչև 20% բժշկության մեջ օգտագործելու նպատակով: Սակայն 20%-ից բարձր մակարդակի հարստացված ուրանը համարվում է ռազմական, քանի որ դրանով արդեն հնարավոր է ատոմային զենք պատրաստել:

Նախկինում իսրայելցի և ամերիկացի քաղաքական գործիչները և զինվորականները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա ատոմային զենքով սպառազինված Իրանի գոյությունը` խոստանալով սպառնալիքի վերացման համար կիրառել բոլոր հնարավոր միջոցները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/09/2011