Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԸ



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել 941 «Ակուլա» նախագծի ռազմավարական ատոմային բոլոր սուզանավերը մինչև 2014թ. դուրս գրելու մասին:
Աշխարհում ամենամեծ սուզանավերի դուրսգրման պատճառ են հանդիսացել ԱՄՆ և Ռուսաստանի միջև կնքված հարձակողական ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև 955 «Բորեյ» նախագծի նորագույն սուզանավերի հաջող փորձարկումները:

Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը երկու կողմերից յուրաքանչյուրի ծավալված ատոմային մարտագլխիկների թվաքանակը սահմանափակում է 1500 միավորով: Ընդ որում «Բորեյ» նախագծով մինչ այժմ կառուցված և 2011թ. վերջին սպառազինության կանգնելու պատրաստ 2 սուզանավերի և «Դելֆին» նախագծի հրթիռակիրների վրա կարող են տեղակայվել մինչև 1100 մարտական բլոկներ:

«Բորեյ» սուզանավերը այլ առավելություններ ևս ունեն: Դրանց անձնակազմը շուրջ 1,5 անգամ քիչ է, քան «Ակուլայինը», շահագործումը զգալիորեն ավելի էժան է նստում, ամենակարևորը, ավելի փոքր չափերի պատճառով դժվար են հայտնաբերվում հակառակորդի ռադարների միջոցով:
«Ակուլա» նախագծի սուզանավերը կառուցվել են ԽՍՀՄ-ում 1976-1989թթ.: Յուրաքանչյուրը համալրված է հրթիռների արձակման 20 հորաններով: Ներկայումս ռուսական նավատորմի սպառազինությունում կանգնած են 3 այսպիսի սուզանավ` «Դմիտրի Դոնսկոյ», «Արխանգելսկ», «Սեվերստալ», վերջին երկուսը` ռեզերվում:

Առաջարկներ են եղել դուրսգրված սուզանավերը օգտագործել եղանակային բոլոր պայմաններում բեռնափոխադրումներ իրականացնելու համար, սակայն ծրագիրը ճանաչվել է չափազանց թանկարժեք և աննպատակահարմար:

Խորագիր՝ Նորություններ


29/09/2011