ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումներին և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին:
Խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: Կարևորվել է երկու նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ լուծելու զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության միջև միջգերատեսչական փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ