ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՎԱՐԴԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Շուշիի ազատագրման 27-ամյակի առթիվ կայացած տոնական միջոցառումների շրջանակում, մայիսի 10-ին Շուշիում կայացավ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացումը և օծումը: Իրականացավ հերոսի երազանքներից ևս մեկը՝ Շուշիում տուն ունենալը. բերդաքաղաքի Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող բազմահարկ բնակելի շենքի առաջին հարկում Վարդանի մորը` տիկին Զարուհուն, հատկացվել է երկսենյականոց բնակարան, որն էլ վերածվել է հերոսի տուն-թանգարանի: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգևորականներ, հերոսի ընտանիքի անդամները՝ մայրը, քույրը, եղբայրը, հարազատներ, ուսանողական ու մարտական ընկերները, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինվորներ՝ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, այլ պաշտոնատար անձինք: Հերոսի մասին հուշեր պատմեցին նրա մարտական ընկերները՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո): Ա.Ղարամյանը, ներկաներին շնորհավորելով տուն-թանգարանի բացման առթիվ, ասաց.
-Մենք երբ միասին ենք, հայ ժողովրդի համար չկա ոչ մի արգելք: Այսօր իրականացավ Վարդանի 27 տարվա երազանքը՝ Շուշիում ունեցավ տուն: Շուշիում, որի ազատագրման գործում ակնառու է նրա ներդրումը:
Այնուհետև Ա.Ղարամյանը պատմեց, թե ինչպես է 1992թ. մայիսի 11-ին Դուշմանի խումբը Էջմիածնի ջոկատի հետ շարժվում Շուշիից հարավ գտնվող Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու Լաչին ու Գորիս տանող կարևոր նշանակություն ունեցող ավտոճանապարհը։ Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ՝ ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար՝ այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ։
Ա. Կարապետյանը պատմեց Վարդանի մարտական գործողությունների մասին: Կարևորեց նաև Դուշմանի դերը հայոց բանակի կազմավորման գործում՝ նշելով, որ Լեոնիդն ու Վարդանը նորակոչիկների հետ էին աշխատում: Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին, սպաներին։
Հուզիչ, միաժամանակ ոգևորիչ էր Զարուհի մայրիկի խոսքը:
-Հաղթական ողջույն բոլորիս, բոլորդ իմ զավակներն եք: Ուսանող որդիս 88-ին դարձավ Արցախյան շարժման առաջամարտիկներից և ազատագրական բանակի զինվոր ու հրամանատար: Մենք ընտանիքով դարձանք նրա զինվորը՝ սատարելով բազում հարցերում: Երազանքն էր՝ տեսնել ազատագրված Շուշին ու տեսավ, բայց հետո իր արյամբ սնեց Արցախի հողը: Գնալու եմ Եռաբլուր, որ որդուս ասեմ. այսօր իր ազատագրած հողում նոր հերոսներ են ծնվում, շենանում է Արցախ աշխարհը:
Արարողության ընթացքում եղան նաև երաժշտական կատարումներ: Հանդես եկան ԱՀ ՊՆ «Ասպետ» համույթի երգիչները, Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ՝ «Կարին» պարի համույթը, որի կազմում է նաև Վարդանի եղբոր որդին՝ Վարդան Ստեփանյանը:
Այնուհետև Վ.Ստեփանյանի տուն-թանգարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի մայրը և ԱՀ պաշտպանության նախարարը: Թանգարանում Վարդանի անձնական իրերն են, լուսանկարներ, գրքեր: Հոգևորականներն օրհնեցին և օծեցին արդեն սրբավայր դարձած տունը: Իրողություն է դարձել Վարդանի ևս մեկ երազանք, այն է՝ եղրևանու պուրակ տեսնել Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու երկայնքով: Այս հարցերում ունեցած ներդրումների համար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգարժան Արմինե Պետրոսյան, Սոֆյա Հովսեփյան, Զաքար Խոջաբաղյան և Վլադիմիր Գրիգորյան, իմ անթաքույց և մարդկային շնորհակալությունն եմ հայտնում ձեզ և բոլոր այն նվիրյալ մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ մեկ ամսվա ընթացքում կյանքի կոչվեցին Արցախյան ազատամարտի հերոս, լեգենդար ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի երկու երազանքները»:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ճակատագրեր