ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻ ԵՐԿՐԻՍ ՊԱՏԻՎԸ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ապրիլի 13-ին Բաթումի քաղաքում դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Հայազգի ծանրորդը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 187 կգ, ապա 192 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժության ժամանակ առաջին մոտեցմամբ բարձրացրեց 225 կգ: Իսկ երկրորդ մոտեցմամբ՝ Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 235 կգ՝ կրկին նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 427 կգ արդյունքով մեր ծանրորդը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն:
-Սիմոն, շնորհավորում եմ Ձեզ փայլուն հաղթանակի առթիվ: Եվս մեկ անգամ պատվով ներկայացրիք Հայաստանը և փառքով վերադարձաք Հայրենիք: Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչպե՞ս սկսվեց Ձեր մարզական կարիերան:
-Շնորհակալ եմ: Սպորտով զբաղվել եմ դեռ տասը տարեկանից: Ինչպես շատ ու շատ ընտանիքներում՝ առաջին քայլերս արել եմ առողջ ապրելակերպի, ֆիզիկապես կոփված լինելու և, ինչու չէ, տղայական հետաքրքրասիրությունս բավարարելու համար: Բռնցքամարտով էի զբաղվում: Մի քանի տարի պարապեցի, բայց հասկացա, որ իմը չէ: Սրտովս չէր: Թողեցի և որոշեցի ծանրամարտով զբաղվել…
-Ինչո՞ւ հատկապես ծանրամարտով: Որտեղի՞ց էր գալիս սերը դեպի այս սպորտաձևը:
-Հայրս, հորեղբայրս, ավագ եղբայրս նույնպես սպորտի աշխարհից են: Ինձ շրջապատող ամենահարազատ մարդիկ ծանրամարտիկներ են: Թերևս հիմնական պատճառը սա էր:
-Այս դեպքում ասում են՝ գեներն իրենց գործն արեցին…
-Հաճախ մասնագիտության ընտրության վրա ծնողները շատ են ազդում: Ես էլ բացառություն չեմ: Մարզիկի ընտանիքում եմ ծնվել, և ամենևին էլ պատահական չէր իմ ընտրությունը… Ծանրամարտով զբաղվող մարդը պետք է շատ պարապի, անընդհատ, առանց ընկճվելու: Անհնարինը պիտի կարողանաս հնարավոր դարձնել:
-Խնդրում եմ՝ պատմեք, թե մինչեւ մեծ հաջողությունների հասնելը ի՞նչ դժվարությունների միջով եք անցել և ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք:
-Հաջողության հասնելու համար ինքդ քեզ վրա պիտի դնես հույսդ: Պետք է անդադար աշխատանքով ճանապարհդ հարթես: Մեր ոլորտում ոչինչ կախված չէ բախտից ու պատահականություններից, այլ քո ֆիզիկական պատրաստվածությունից, արհեստավարժությունից: Պետք է ուժ, համարձակություն, առաջ գնալու մղում ունենաս, աշխատելու մեծ ցանկություն և շատ սեր գործիդ հանդեպ:
-Այժմ եկեք խոսենք Եվրոպայի այս առաջնությանը Ձեր մասնակցության մասին: Ինչպե՞ս հասաք հաղթանակի: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Հայրենիք:
-Հնարավոր էր, որ ես չմասնակցեի այս առաջնությանը: Վնասվածք ունեի: Բայց, ինչպես տեսաք, ամեն բան բարեհաջող ընթացավ: Կարևորը՝ մարդկանց սպասելիքներն արդարացրի: Առաջնությունը բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված: Ամենավառ տպավորություններս հիմնականում հաղթանակիս հետ են կապված: Հպարտ եմ, որ ևս մեկ անգամ կարողացա երկրիս անունը բարձր պահել…
-Գիտենք, որ այս առաջնության ժամանակ Ձեր ծնողները, հարազատները Ձեզ հետ մեկնել էին Վրաստան: Նրանց ներկայությունը օգնո՞ւմ էր Ձեզ:
-Նրանք ինձ ուժ էին տալիս:
-Դուք 2014թ. դարձել եք պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող, 2016թ. 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2017թ. չեմպիոն, 2018թ., երբ դեռ 21 տարեկան էիք, դարձաք աշխարհի չեմպիոն, իսկ այսօր Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն եք: Ո՞րն է հաջորդ քայլը:
-Հաջորդ քայլը աշխարհի առաջնությանը պատրաստվելն է: Պետք է ամեն բան անեմ, որպեսզի գերազանցեմ ինքս ինձ: Աշխարհի առաջնության ժամանակ վստահ եմ, որ մրցակցությունն ավելի թեժ կլինի:
– Ձեզ հաջողություն ենք մաղթում նաև գալիք աշխարհի առաջնությունում: Մեկ անգամ չէ, որ Ձեր պատվին բարձրացել է մեր երկրի դրոշը, հնչել մեր պետական օրհներգը աշխարհի տարբեր երկրներում: Զրույցի վերջում կխնդրեի, որ Ձեր սրտի խոսքը հղեք սահման պահող զինվորին:
-Ես միշտ էլ կապված եմ եղել մեր բանակի հետ, շատ հաճախ եմ լինում Արցախում: Այցելում եմ զորամասեր, զրուցում զինվորների, հրամանատարների հետ: Պարտքս եմ համարում հնարավորության դեպքում հաճախակի լինել հայ զինվորի, սահմանին կանգնած տղերքի կողքին, ովքեր պաշտպանում են մեր Հայրենիքը:
Մեր բոլորի ցանկությունը նույնն է, երբ այն Հայկական բանակին ու զինվորին է վերաբերում. մեր երկրին խաղաղություն, իսկ մեր տղերքին բարի ու անփորձանք ծառայություն եմ մաղթում…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Լուսանկարները` Սիմոն Մարտիրոսյանի
անձնական արխիվից
Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Մարզաշխարհ