ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Մեծ հայրենականին հարյուր հազարավոր հայեր են մասնակցել եւ իրենց ծանրակշիռ ավանդն ունեցել հաղթանակի գործում: Նրանցից մեկն էլ Հայրենական պատերազմի վետերան Արտուշ Մկրտչյանն է:
-Ծնվել եմ 1924 թվականի օգոստոսին, Գրոզնիում, հետո ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան: 1942թ. կամավոր մեկնեցի ճակատ: Եղբայրս` Գեւորգն էլ է պատերազմի մասնակից, Ճապոնիայում է կռվել, ես էլ` Ուկրաինական, Բելառուսական ճակատներում: Կիեւ-Ժիտոմիրյան 23-րդ դիվիզիայի կազմում էի, հետախույզ էի, ճիշտ տվյալներ էի տալիս, ու մերոնք իմ տված տվյալներով թշնամու նշանակետերն էին վերացնում…
Պատմում է 95-ամյա վետերանն ու պատմելիս ջանում է զինվորականին վայել ճշգրտությամբ պատերազմի ժամանակագրությունը ներկայացնել, մանրամասն նշել կռված վայրերը, թիվը, օրը, սակայն ամենազորեղ ժամանակն իր կնիքն է դրել հիշողության վրա, պատմելիս հաճախ խառնում է փաստերը, մեկ մտքի թելն է կտրվում, բայց, հոգ չէ` օգնության են հասնում որդին, տնեցիները, որոնք երեւի հազար անգամ լսել են այս պատմությունները ու դրվագ առ դրվագ լրացնում են:
-Կռվում էինք ու հետ մղում թշնամուն իր եկած ճանապարհով: Իսկ այդ ճանապարհին ինչեր չտեսանք՝ ավերված, վառվող տներ, ամայացած շեներ, որբացած երեխեք, գերություն, սով, տանջանքներ, ցավ ու կորուստ,- ասում է վետերանը:- Կրակի կարկուտ, կրակի հեղեղ էր մաղում գլխներիս, ու մահն անընդհատ մեր կողքին էր: Մարտական շատ ընկերներ կորցրինք, նրանց հողին էինք հանձնում ու երդվում՝ քո վրեժը կլուծենք… Մահից չէինք վախենում, բայց մտածում էինք՝ չսպանվենք, ողջ մնանք, մեր խոստումը կատարենք…
Մարտերից մեկի ժամանակ ինքն էլ վիրավորվեց, բայց շարունակեց կռվել:
-1943թ. վիրավորվեցի. թեւիս մեջ երկու բեկոր է մնացել, արդեն 76 տարի է` հետս է, հարազատս է դարձել, աչքիս լույսի պես եմ պահում,- կատակում է ծերունազարդ վետերանը:- Մերոնք էդպես էլ չիմացան, որ կռվի դաշտում վիրավորվել եմ: Նամակներ էի գրում նրանց, ու բոլոր նամակներս միշտ նույն բովանդակությամբ էին. «Ամեն ինչ լավ է, չմտածեք: Հաղթելու ենք»:
-Կռվի դաշտում ինչ ազգի մարդ ասես կար՝ ռուս, վրացի, ուզբեկ, ուկրաինացի…,-հուշերի թելն է բռնել նախկին ճակատայինը,- իրար հետ շատ մտերիմ էինք, համերաշխ, հարազատի, եղբոր նման, զրուցում էինք, ասում-խոսում էինք միասին, կատակում ու…. կարոտում տնեցիներին, մեր տունուտեղը, ծննդավայրը… Կարոտը հաղթահարելու հզոր միջոց էինք գտել` երգը, ամեն մեկս մեր լեզվով մի երգ էր երգում, իսկ միասին «Կատյուշան» էինք երգում… Ա՛յ, էսպես.
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Ու երգելով, պարտվելով ու հաղթելով, ծիծաղն ու արցունքն իրար խառնած՝ առաջ էինք գնում: Ու ո՛նց էինք կռվում. 22 քաղաքի ազատագրման եմ մասնակցել:
Ծերունազարդ վետերանի կուրծքը զարդարված է բազմաթիվ մեդալներով՝ անցած հերոսական ճանապարհի խոսուն վկաներն են՝ «Կիեւի ազատագրման համար», «Ռիգայի ազատագրման համար», «Արիության համար», «Մարշալ Ժուկով», «Բեռլինի գրավման համար», մարտական «Կարմիր աստղի» շքանշան…
-Էլբայի մոտ հետախուզական այնպիսի ճշգրիտ տվյալներ հաղորդեցի, որ մեր զինվորներն առանց կորստի կարողացան միանալ դաշնակիցներին: Դաշնակիցներն էլ էին ուրախացել, մեծ սեղան էին բացել, ասում էին՝ եկեք խմենք հաղթանակի կենացը…Հենց այդ ժամանակ էլ ստացա մարտական «Կարմիր դրոշ» շքանշանը:
Ու էսպես հաղթական առաջ էինք գնում, արդեն թշնամու հողում էինք, հենց իր բնում էլ արժանի հարված էինք տալիս…
Պատերազմի ամենաուրախ օրը, երբ սիրտս քիչ էր մնում դուրս թռչեր մարմնիցս, Հաղթանակի լուրն էր….
Հազարավոր կիլոմետրեր կտրած, աշխարհի մի ծայրից մյուսը հասած զինվորն ամեն օր երազել-փափագել էր խաղաղություն, հաղթանակ…
-Երանի տեսնեիք մեր ուրախությունը… Ուրախությունից գրկում էինք ծանոթ-անծանոթի, ավտոմատներով օդ էինք կրակում, պարում ու երգում, գոռում-ճչում էինք՝ իրար ավետիս տալով՝ «Նեմեց սդալսյա, Գերմանիա կապիտուլիրովալա»: Իսկ հաղորդավար Լեւիտանի ձայնը մինչեւ հիմա էլ ականջումս է, բառ առ բառ, այսօրվա պես հիշում եմ նրա ազդեցիկ խոսքը. «Խոսում է Մոսկվան, Հայրենական պատերազմն ավարտվեց հաղթանակով: Գերմանիան լիովին ջախջախված է»: Էսքան տարի հետո էլ սիրտս նույն ուրախությունն է զգում, էն օրերի պես ցնծում, ուրախությունից քիչ է մնում նվաղի… Հաղթանակը հայերիս համար շատ կարեւոր էր, շատ-շատ, եթե Գերմանիան հաջողության հասներ, Թուրքիան պատրաստվում էր մտնել Հայաստան… Չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ հետո…
♦♦♦
Արտուշ Մկրտչյանը 1947թ. վերադարձավ հայրենիք: Հետպատերազմյան Հայաստանում կառուցելու-վերականգնելու բազում աշխատանքներ կային: Աշխատանքի անցավ Երկաթգծում, քարտաշ էր, մեկիկ-մեկիկ հղկելով քարերը՝ շարում էր, շենացնում երկիրը:
-Դե, պատերազմից հետո կյանքը կամաց-կամաց ընկնում էր հունի մեջ, ամուսնացա Վարդանուշի հետ, արդեն 70 տարի միասին ենք, հինգ զավակ ունենք՝ երեք տղա, երկու աղջիկ: Երեք թոռս էլ արդեն ծառայել են Հայոց բանակում, ավելորդ համեստություն չանեմ՝ լավ են ծառայել՝ պապի պես:
Արտուշ Մկրտչյանը պատերազմից հետո մասնակցել է տարբեր զորահանդեսների, հանդիպել ճակատային ընկերներին:
-Ամեն հանդիպում մեզ համար կրկնակի տոն է՝ էն հայտնի սիրուն երգի նման՝ праздник со слезами на глазах: Ամեն հանդիպելիս հիշում ենք հին օրերը, մարտական ընկերներին, հուզվում ենք, կարոտում…
Մեզ հրավիրում են մեծարման երեկոների, ջերմ խոսքեր ասում, գնահատում մեր վաստակը:
Էս ձեռքիս ժամացույցն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից եմ ստացել: Հաղթանակի տարեդարձերից մեկի ժամանակ էր, Մոսկվայում: Մեզ գովեց-պատվեց ու ժամացույց նվիրեց:
Երանի ժամանակը հետ տալ կարողանայի, ու ապրեինք մեր բաժին կյանքն առանց պատերազմի…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ճակատագրեր, Պատմության էջերից