ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
ՀՀ զինված ուժերում անվտանգության բնագավառում առանձնակի նշանակություն է տրվում ենթականերին անվտանգության կանոններին ծանոթացնելուն, ժամանակին հրահանգավորելուն և դրանց կատարման հետևողականությանը: Անվտանգության պահանջներին վերաբերող հրահանգավորումը զինծառայողների` անվտանգության պահանջների կատարմանը նախապատրաստելու գործընթացի անբաժանելի մասն է և պարբերաբար իրականացվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում:
Հրահանգավորման նպատակը
-իրազեկել զինծառայողներին զորամասում զինվորական ծառայության անվտանգության պայմանների մասին,
-պարզաբանել խնդիրները, վարժությունները և աշխատանքները կատարելիս զինծառայողների վրա ազդող վտանգավոր գործոնների բնույթը, առանձնահատկությունները,
-պարզաբանել խեղումների (հաշմման, վիրավորումների) և այլ դժբախտ դեպքերի կանխման միջոցները, անվտանգության կանոնների խախտման դեպքերի և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ հաղորդման կարգը,
-պարզաբանել պարապմունքներից և ծառայողական գործունեության այլ միջոցառումներից առաջ անվտանգության պահանջները՝ խնդիրների անվտանգ կատարման համար, ինչպես նաև ամրապնդել անվտանգության վերաբերյալ նախկինում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած գործնական հմտությունները,
-ձևավորել յուրաքանչյուր զինծառայողի մոտ պատասխանատվության և գիտակցված վերաբերմունքի զգացում՝ անվտանգության սահմանված պահանջների, զինծառայության և ծառայությունից ազատ ժամանակ հիվանդությունների, վնասվածքների կանխման միջոցների նկատմամբ:
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. հրամանը՝ «Զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներն» անցկացվում են յուրաքանչյուր կիսամյակում երկու անգամ պարտադիր, ըստ անհրաժեշտության` նաև լրացուցիչ:
«Զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներից» մեկն անցկացվում է կիսամյակի նախապատրաստական փուլում, իսկ երկրորդը` նախքան կիսամյակի ավարտը՝ զորամասի հրամանատարի ղեկավարությամբ, վերադաս շտաբի վերահսկողությամբ:
Պարապմունքների անցկացման նպատակը զորամասերի անձնակազմի, առաջին հերթին՝ նորակոչիկներին ծառայողական պարտականությունների կատարման անվտանգ հնարքներն ու եղանակները ուսուցանելն է և անվտանգության պահանջների խախտումների բացառումը:
Տվյալ պարապմունքներին զինծառայողների կողմից անվտանգության պահանջները չպահպանելու դեպքում հրամանատարների և ուսումնական պարապմունքների (տեղերի) ղեկավարների կողմից նախատեսված է իրական հետևանքների ցուցադրում (մանեկենների, խրտվիլակների և մակետների վրա):
Զորամասի տարածքում համալիր միջոցառումների անցկացման համար բացազատվում են հատուկ ուսումնական տեղեր (և ուսումնական կետեր), և զինծառայողները անցնում են գործնական մարզումներ` նվազագույնը կես ժամ տևողությամբ:
Գործնական պարապմունքները վերաբերում են`
-մարտական հերթապահությանը,
-սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելուն,
-ներքին և պահակային ծառայության կատարմանը,
-շինվերանորոգման և տնտեսական աշխատանքներ կատարելուն,
-անձնակազմին առաջին բուժօգնություն ցուցաբերելուն,
-հրդեհային անվտանգության պահանջներին,
-տեխնիկան և անձնակազմը (թափքում) տեղափոխելուն:
Ուսումնական տեղերի թիվը կարող են ավելացվել կամ նվազեցվել՝ ելնելով զորատեսակի առանձնահատկությունից կամ ԶԾԱ ռիսկերից: Օրինակ՝ առաջին եռամսյակի դեպքեր-պատահարների վերլուծության արդյունքում ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականով ուսումնական տեղերից մեկում զորամասի հերթապահ, օգնական, ՀԱԿ-ի ու հավաքակայանի հերթապահ նշանակվող անձնակազմի ուսուցման համար պետք է բացազատվի ատրճանակի հետ վարվելու անվտանգության կանոնների պրակտիկ ուսուցման կետ:
Զինվորական ծառայության անվտանգության ռիսկերը հաշվի առնելով, ըստ անհրաժեշտության «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ զորամասի հրամանատարի որոշմամբ կարող է անցկացվել յուրաքանչյուր ամիս, ստորաբաժանման կազմով 2-ից 3 ժամ տևողությամբ` ստորաբաժանման հրամանատարի ղեկավարությամբ հավաքակայանային օրվա պլանով:
Զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության մշակած «ԶԾԱ մեթոդական փաթեթը» զորամասերում օգտագործվում է որպես ուղեցույց փաստաթուղթ, և տարեցտարի կատարելագործվում է միջոցառման կազմակերպման մեթոդիկան, իսկ պարապմունքների ղեկավարներն էլ վարպետանում են պարապմունքների անցկացման գործում: Պարապմունքներն առավել որակյալ են կազմակերպվում այն զորամասերում, որտեղ հրամանատարները լիարժեք ընկալել են զինծառայության անվտանգության ապահովման հիմունքները:
Անվտանգության պահանջների վերաբերյալ հրահանգավորումը դեպքերի ու պատահարների կանխարգելման պրոֆիլակտիկա է: Պարտադիր, հստակ, ընկալելի հրահանգավորումներն ու գործնական վարժվածությունը միշտ էլ տալիս են դրական արդյունք. նվազում են վնասվածքների ռիսկերը, կանխարգելվում դեպքերն ու պատահարները:
Քանի որ հրահանգավորողները հիմնականում հրամանատարներն են (սպաները), ապա այստեղ զգալի նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչպես գիտեն և ինչպես են իրականացնում համապատասխան ղեկավար փաստաթղթերում շարադրված անվտանգության պահանջները:
Զորամասի կազմով «Զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքների» կազմակերպման բնագավառում արդեն վարպետացում է նկատելի զորամիավորումներում, ԶՈՒ հրետանային, ինժեներական, հետախուզական կենտրոնական ենթակայության զորամասերում:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ
Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ռազմական