Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆ



ԴԻՐՔԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆԱյդ օրվանից ՀՀ քաղաքացիների շրջանում որոշակիորեն փոխվեց ընկալումը ոստիկանության հանդեպ. ամրապնդվեց այն գիտակցումը, որ ոստիկանության զորքերը պաշտպանում, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականությունը, Սահմանադրությունը, անվտանգությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգներից:

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխից ամիսներ են անցել: 14 օրը մեկ նոր հերթափոխ է իրականացվել, ծառայողները հմտացել ու կոփվել են սահմանի պահպանության գործում՝ հասարակության կողմից ոստիկանության հանդեպ հավատի ու վստահության համատեքստում նոր ձեռքբերումներ գրանցելով:

Հյուսիսարևելյան սահմանագոտում ոստիկանական ստորաբաժանումները ներգրավվել են գնդապետ Ա. Թադևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի պահպանմանը վստահված սահմանագոտու որոշակի հատվածի հուսալի պաշտպանության գործում: Հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակը վերջին ամիսներին համեմատաբար հանգիստ է։ Այդուհանդերձ, հենակետերում իրականացվում է զգոն և աչալուրջ հերթապահություն: Դրանում համոզվեցինք՝ գնդապետ Թադևոսյանի հետ միասին անակնկալ այցելելով հենակետերից մի քանիսը: Պաշտպանական այս թևում ինժեներական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում՝ ամրացվում են խրամուղիները, կառուցվում են պաշտպանիչ հաստ պատեր, թաքստոցներ, լրացուցիչ անցումներ: Դիտորդները դիտարկումն իրականացնում են ապահով խրամաբջիջներից: Մեծ ուշադրություն է դարձվում նաև դիրքապահների սոցիալ-կենցաղային անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

Հենակետերից մեկում ստորաբաժանման հրամանատարի հետ քննարկվեցին ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Գնդապետ Թադևոսյանը խոսեց հետագա անելիքների մասին, անհրաժեշտ ցուցումներ տվեց, ապա ստուգեց մարտական հերթապահության ընթացքն ու դիտորդների պատրաստվածության աստիճանը:

-Պարզ է՝ սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ եղան, տղաներից շատերի համար անսովոր էր դիրքային ծառայությունը, բայց աստիճանաբար բոլորն էլ հունի մեջ ընկան,- նշեց հրամանատարը: -Ճիշտ է, նրանց «գործի մեջ», մարտական իրավիճակում չենք տեսել, բայց այժմ վստահ կարող եմ ասել, որ ունենք պատրաստվածության համապատասխան աստիճան. ոստիկանության ծառայողները մեր պայմանագրայիններին հավասար պատրաստ են իրենց մարտական խնդիրը կատարելու և ապահովելու սահմանների անձեռնմխելիությունը:

Օրերս առաջնագիծ մեկնեց ոստիկանության զորքերի նոր հերթափոխը: Դիրքերից վերադարձած անձնակազմը մի քանի օր հանգստանալուց հետո կանցնի մասնագիտական ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/05/2019